Կազմակերպությամբ Բարև թերթի`շաբաթ, սեպտեմբերի 1-ին, 2018, կեսօրից հետո ժամը 4-ին Չիկագոյի ՀԲԸՄ կենտրոնում տեղի կունենա հրապարակային հանդիպում Թաթուլ Հակոբյանի հետ «Հայաստան․ Թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
Հանդիպման ընթացքում Հակոբյանը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին կպատմի ներսից, կփորձի բացատրել, թե ինչպես հնարավոր եղավ իշխանությունից անարյուն հեռացնել Սերժ Սարգսյանին, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին:
Հանդիպման ավարտին Հակոբյանը կներկայացնի իր և իր կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ ՍԴՀԿ նշանավոր գործիչ և կուսակցության հիմնադիրներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» գիրքը, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք աշխատությունները, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և այլ հատորներ:
Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան է (2009-ից ի վեր), ՍԻՎԻԼՆԵԹ-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):
Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:
Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն