«Նոր Ապրիլ, Նոր Հայաստան»՝ Թաթուլ Հակոբյանի հետ․ Սան Ֆրանցիսկո (օգոստոս 28), Բերքլի (29), Կուպերտինո (30)

1329

Օգոստոսի 28-ին, 29-ին և 30-ին «Նոր Ապրիլ, Նոր Հայաստան» թեմայով Սան Ֆրանցիսկոյում, Բերքլիում և Կուպերտինոյում հրապարակային հանդիպում տեղի կունենա լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ:

Սան Ֆրանցիսկոյի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին Խաչատուրյան հայկական կենտրոնի Սարոյան սրահում, երեկոյան 7.30-ին (հասցե՝ 825 Brotherhood Way, San Francisco, CA, 94132):

Հաջորդ օրը՝ օգոստոսի 29-ին, Հակոբյանը ելույթ կունենա Բերքլիի համալսարանում, երեկոյան ժամը 6-ին: Զրուցավարը կլինի դոկտոր Ստեփան Աստուրյանը (Director of the Armenian Studies Program at U.C. Berkeley; Associate Adjunct Professor, Department of History): Բերքլիի դասախոսությունը կազմակերպել են Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը և Սլավոնական, Արևելաեվրոպական և եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտը (the Armenian Studies Program at U.C. Berkeley and the Institute of Slavic, East European, and Eurasian Studies (ISEEES).

Օգոստոսի 30-ին Թաթուլ Հակոբյանը ելույթ կունենա Կալիֆոռնիայի նահանգի Կուպերտինո քաղաքի հայկական եկեղեցում (St Andrew Armenian Church): Հանդիպումը կկայանա երեկոյան 7.30-ին հետևյալ հասեցում (11370 S. Stelling Rd, Cupertino, CA 95014, (408) 257-6743):

Թաթուլ Հակոբյանը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին կպատմի ներսից, կփորձի բացատրել, թե ինչպես հնարավոր եղավ իշխանությունից անարյուն հեռացնել Սերժ Սարգսյանին, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին:

Հանդիպումների ընթացքում Հակոբյանը կներկայացնի իր և ԱՆԻ կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք աշխատությունները, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և այլ հատորներ:

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան է (2009-ից ի վեր), ՍԻՎԻԼՆԵԹ-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն