Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերը ժամանեց Երևան:
«Մերկելի այցը Հայաստանն կարող ենք անվանել պատմական»
«Ազատության» հետ զրույցում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը կարծիք հայտնեց, որ «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատմական այցը Հայաստան», նոր որակ, լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին:
«Անգելա Մերկելի այցը Հայաստանի Հանրապետություն կարող ենք անվանել պատմական, որովհետև շուրջ 27 տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների ընթացքում առաջին անգամ է կանցլերի մակարդակով այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցը տարածաշրջանային է, սակայն շատ կարևոր պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն նաև։ Կարծում եմ առաջինը կարող եմ ասել, որ մեր հայ-գերմանական դիվանագիտական հարաբերություններին՝ դինամիկ և զարգացող հարաբերություններին այս այցը նոր լիցք կհաղորդի և նոր թափով պետք է որ այդ հարաբերություններն ընդլայնվեն և ավելի խորանան», – «Ազատության» հետ զրույցում ասաց Գերմանիայի դեսպանը։
Հայաստանի ու Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարին:
Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ Գերմանիան Հայաստանի առևտրային երրորդ խոշորագույն գործընկեր-պետությունն է` Ռուսաստանից ու Չինաստանից հետո:
Այս տարվա առաջին կիսամյակում հայ-գերմանական առևտուրը կազմել է 216.6 միլիոն դոլար, ինչը 53.6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Գերմանիան տարիներ շարունակ Հայաստանի համար եղել է որպես դոնոր երկիր՝ աջակցել է Հայաստանին բարեփոխումների, տնտեսական զարգացվածության և տարբեր բնագավառներում, վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի այդ աջակցությունը։ Հայկական կողմը սպասում է, որ Գերմանիան պետք է, որ ժամանակի ընթացքում ազդարարի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ընթացքում և որպես դրա շարունակություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը մաս է կազմում ՀՀ-ԵՄ համաձայնագրի, և շարունակությունը՝ տնտեսական ներուժը, որը շատ մեծ է, որովհետև մենք քաղաքական իմաստով ունենք դինամիկ և վստահելի գործընկերություն Գերմանիայի հետ, սակայն տնտեսական մեծ ներուժ կա, որը դեռ պետք է ասեմ չի օգտագործվել», – ասաց Աշոտ Սմբատյանը։
Դեսպանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում են գերմանական կապիտալով ավելի քան 150 ընկերություններ:
«Գերմանացիները շատ պրագմատիկ են, բայց այն, որ Դաշնային կանցլերի պատվիրակության մեջ մոտ 10 գերմանական խոշոր ընկերությունների առաջին դեմքեր են և կանցլերի պատվիրակության մեջ է նաև ոչ միայն նրա խորհրդականներն՝ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, այլ նաև տնտեսական քաղաքականության հարցերով, կարծում եմ, որ դա հատուկ շեշտադրում պետք է լինի հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման համար», – ասաց Աշոտ Սմբատյանը։
Գերմանիայի դեսպանի ներկայացմամբ, հայաստանյան հեղափոխությունը դրական ընկալվեց Գերմանիայում:
«Թե՛ իշխանությունները, թե՛ գերմանական մամուլն այդ օրերին ակտիվորեն հետևել են Հայաստանի իրադարձություններին, և հիմնականում արձագանքները եղել են դրական։ Հաշվի առնելով խաղաղ գործընթացները՝ գնահատելի է եղել Հայաստանի քաղաքացիական հասարակության պատրաստվածությունը և, իհարկե, բոլոր կողմերի պարկեշտությունն ու զսպվածությունը, որ բոլոր այդ գործընթացներն անցան խաղաղ։ Դա գերմանական կողմը շատ բարձր է գնահատել։ Վստահ եմ՝ հետևել եք Հայաստանի արտգործնախարարի վերջերս՝ հունիսի վերջին, պաշտոնական այցի շրջանակներում Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարը հատուկ նշեց, որ իրոք օրինակելի էր այն, ինչ կատարվեց Հայաստանում՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև շատ եվրոպական երկրների համար», – ասաց Սմբատյանը։