Բուժվե՛նք Մարտի 1-ի ողբերգությունից. Պատրիկ Ազատյան

953

Ազգերի պատմության մեջ քիչ չեն տարբեր պետական համակարգերի կողմից կատարված բռնի արարքները, որոնք հավիտյան փոխել են ազգերի զարգացման ընթացքը: Ինչպես ընտանիքի անդամների կողմից բռնաբարված երեխան չի կարող հասունանալ այն բնականոն հունով, որին ինքը, վստահաբար, ունակ և արժանի էր, եթե ողբերգությունը չթակեր իր դուռը, ազգերն ու ժողովրդները նույնպես չեն կարող անցնել զարգացման բնականոն ուղի, եթե նրանց պատմության մեջ ոչ միայն տեղ են գտել բռնության դաժան դրսևորումներ, այլև դրանց պատասխանատուները մնացել են անպատիժ:

Իհարկե, մարդ արարածն ունի սեփական վերքերը բուժելու, «վիրահատության» դիմելու և ավելին անելու կարողություն, կարող է շարունակել ապրել, արարել և զարգանալ, եթե նունիսկ նրա կյանքում տեղ են գտել ողբերգական դրվագներ, թեև վերքը երբեմն մնում է վերք կամ, լավագույն դեպքում, վերածվում է տեսանելի կամ անտեսանելի սպիների: Սակայն, բուժման արդյունավետության համար շատ կարևոր է հասարակության, ընտանիքի և ընկերների ըմբռնումն ու աջակցությունը: Նման պարագաներում հասարակության կողմից աջակցության հնարավորություններն ամրագրված են օրենսդրությամբ, երբ հասարակությունը, որպես այդպիսին, հաստատում է, որ կան արարքներ, որոնք ինքը համարում է հանցագործություն, և պատրաստ է աջակցել հանցագործներին անհապաղ գտնելու և պատժելու հարցում: Հասարակությունը նաև ընդունում է, որ նման դեպքերում այդպիսի արարքներն ուղղված են ոչ միայն «զոհ»-ի, այլև ողջ հասարակության դեմ, քանի որ դրանց հետևանքները կարող են հատել «զոհ»-ի կյանքի սահմանները և բացասական ազդեցություն ունենալ նաև վերջինիս ընտանիքի, շրջապատի և հասարակության վրա:

Ազգերը նույնպես ունեն իրենց հավաքական վերքերը բուժելու, արարելու և զարգանալու ազատ դաշտ ստեղծելու հնարավորությունն ու կարողությունը, սակայն, այստեղ կարևոր պայման է սեփական պատմության մեջ տեղ գտած սև էջերի հետ հաշվի նստելու քաջություն ունենալը, որքան էլ որ այդ էջերը ծանր ու ամոթալի լինեն: Ազգերի պատմության մեջ պետական համակարգերի գործած ոճիրների շատ օրինակներ կան, որոնք մինչ այժմ ստիպում են այդ ազգերին տառապել իրենց հասցված ու չբուժված վերքերից և փորձել գտնել դրանք բուժելու և սպիացնելու ելքեր, ինչն էլ, վերջիվերջո, կհանգեցնի ազատ ու անկաշկանդ զարգացման հնարավորությունների ստեղծմանը:

Անցյալ դարում Արգենտինական խունտայի և Իսպանիայում գործող Ֆրանկոյի համակարգի մարդասպան ռազմավարությունները երկու օրինակներ են, երբ այդ երկրների ժողովրդները դեռ փորձում են առերեսվել իրենց պատմության գորշ էջերի հետ ու հավաքական բուժուման ելք գտնել: Թեև նշված երկու պարագայում էլ չի կարելի առերեսումը կատարյալ համարել, կամ ենթադրել, որ հասարակության վերքերը բուժվել են, սակայն, այն հանգամանքը, որ ոճրագործությունների պատասխանատուներից շատերն արժանացել են համապատասխան պատժի, և ոճրագործություններից տուժածները ստացել են պետական հատուցում ու հասարակական ճանաչում, կարելի է հուսալ, որ այդ ժողովրդները հնարավորություն ունեն կերտելու անկաշկանդ ու ազատ ապագա: Իհարկե, այդ հույսը կարդարանա, եթե նորանոր արտաքին ու ներքին խոչնդոտներ չծառանան այս ժողովրդների հետագա զարգացման ճանապարհին:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 2008 թվականի Մարտի 1-ին կատարված սպանությունները պետք է համարել այն ողբերգական դեպքերից, երբ պետական համակարգը ոչ միայն տասը քաղաքացուց խլեց կյանքի իրավունքը, անշրջելի հոգեբանական վնասներ պատճառելով նրանց ընտանիքներին ու շրջապատին, այլ նաև խաթարեց երկրի ազատ ու անկաշկանդ զարգացման ընթացքը: Իսկ ինչպե՞ս է խաթարվել երկրի ազատ ու անկաշկանդ զարգացման ընթացքը: Բռնի ուժով և սպանություններով այլախոհության ու ընդվզման ձայնը լռեցնելու ցանկացած փորձ խորը հետքեր է թողնում ժողորվրդի հոգեբանության ու մտածողության մեջ: Նման միջավայրում քաղաքացին, որն արդեն տնտեսապես ընկճված է զգում, կա՛մ ընտրում է ստրկանալու ուղին, կա՛մ էլ որոշում է ապրել ապաքաղաքականցված կյանքով: «Երկիրը երկիր չէ» կարգախոսը արմատ է նետում ժողովրդի հոգեբանության մեջ ու, այսպիսով, քաղաքացու հավատը խաթարվում է պետության ու հայրենիքի նկատմամբ, և խարխլվում են պետության առողջ հիմքերը, որոնք միայն կարող են խարսխված լինել պատասխանատու և հանձնառու քաղաքացու ուսերի վրա:

Ահա թե ինչու, մի ամբողջ տասնամյակ հայ քաղաքացին կա՛մ հանդուրժել է իրեն պարտադրված անարդար պետական համակարգը և թույլ տվել երկրի անկաշկանդ թալանն ու բռնաբարումը, կա՛մ էլ ընտրել է հայրենիքը լքելու և օտար ափերում կյանքի ավելի բարենպաստ պայմաններ փնտրելու ճանապարհը: Վստահաբար, կլինեն վերջին տասնամյակում հայ քաղաքացու անտարբերությունն ու պասիվությունը բացատրելու այլ գործոններ ևս, սակայն, այն զգացողությունը, որ կյանքի իրավունքն այնքան էլ պաշտպանված չէ պետության կողմից, գերազանցում է բոլոր այլ ենթակայական ու առարկայական գործոնները: Թեև թավշյա հեղափոխությունը եկավ փաստելու, որ հայ քաղաքացու մեջ դեռ հավիտյան չի մարել ազատ ապրելու, արարելու և զարգանալու բնազդը, սակայն, առանց հաշվի նստելու Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ, առանց բացահայտելու և արդար դատի «հրավիրելու» դրանց պատասխանատուներին, Հայաստանի Հանրապետության հիմքերը կմնան խարխուլ, իսկ հայ հասարակությունը կշարունակի թերահավատ լինել:

Վերջիվերջո, այդ նույն թերահավատ հասարակությունից են ծնվում բանվորը, գյուղացին, հայրը, մայրը, գործատերը, տաքսու վարորդը, մտավորականը, արվեստագետը, հրամանատարը, ուսուցիչը, ուսանողը և սահմանը պաշտպանող երիտասարդ զինվորը: Այս տեսանկյունից, Մարտի 1-ի սպանությունների գործով արդարության հաստատումը պետք է դիտել ոչ միայն որպես երկրի զարգացման մի կարևոր գործոն, այլ նաև ազգային անվտանգության ապահովման անխուսափելի խթան:

Պատրիկ Ազատյան