Արցախի պատգամավորները՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կողմնակից

1062

Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառած կալանավորումը փոխելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,- գրել է Ղավալյանը:

Դավալյանը չի մանրամասնել, թե քանի պատգամավոր է դիմել։ Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 անդամից։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։ Նա մեղադրվում է 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։