«Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը». Ալեքսանդր Խատիսյան՝ պատմական նյութ հուշերի ձևով

2974

Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ, արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը Հայաստանում տպագրվում է առաջին անգամ:

Առաջին անգամ տպագրվում է արևելահայերենով և աբեղյանական ուղղագրությամբ: Այս հատորը նախ հատվածաբար տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» հանդեսում, ապա առանձին գրքով Աթենքում 1930-ին՝ դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով: 1968-ին Բեյրութում հրատարակվել է երկրորդ անգամ:

Խատիսյանը 20-րդ դարի առաջին տասնամյակների ամենանշանավոր հայերից է, զբաղեցրել է Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի քաղաքապետերի պաշտոնը:

1918-ի հունիսի 4-ին Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի հետ նա ստորագրել Բաթումի Հաշտության դաշնագիրը Օսմանյան կայսերական կառավարության ներկայացուցիչների հետ, որով Օսմանյան Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

Խատիսյանը 1918-ի գարնանը մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, ամռանը և աշնանը եղել է Հայաստանի այն պատվիրակության կազմում, որը Պոլսում բանակցել է Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուներից Էնվերի ու Թալեաթի հետ: 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին Խատիսյանը Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցել, իսկ դեկտեմբերի 3-ի լույս գիշերը ստորագրել է Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այս ու բազմաթիվ այլ հետաքրքրական իրադարձությունների մասին գրում է ինքը՝ Խատիսյանը, գրում է ամենայն անկեղծությամբ ու սառնասրտությամբ:

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այս հատորը ԱՆԻ-ի կողմից նվեր է հանրապետությունը կերտող այրերին: Նրանցից մեկը՝ Ալեքսանդր Խատիսյանը, ունի իր պատվավոր տեղը այդ հանրապետության կերտման ու զարգացման գործում:

Թաթուլ Հակոբյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

 —-

ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Իմ գրվածքը, որ առաջին անգամ տպվեց Հայրենիք ամսագրում, պատմություն չէ անշուշտ, այլ՝ պատմական նյութ հուշերի ձևով: Եվ հասկանալի է, որ իմ գրության մեջ տեղ են գտել գերազանցապես այն դեպքերն ու դեմքերը, որոնց հետ շփման մեջ եմ եղել ես, ինչպես նաև հայտնված են կարծիքներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ անհատաբար: Տարօրինակ չպետք է թվա նույնպես և այն, որ իրերի բերումով կամ պատահաբար, այս կամ այն փաստերն ու փաստաթղթերը չեն արձանագրվել: Իմ դերը եղել է գրի առնել իմ՝ իբրև քաղաքական գործչի հուշերը՝ հիշատակելով միաժամանակ հարակից դեպքերը: Ավելին գործն է պատմաբանի:

Ալեքսանդր Խատիսյան