Լևոն Տեր-Պետրոսյան. Մարտի 1-ի էջը բացել են իշխանությունները, իսկ կփակի հայ ժողովուրդը

2001

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 01.03.2010-ի ելույթից.

«…Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրա­քանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.

— 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խո­սակ­ցությունների վերահսկ­ման եւ նրա նկատմամբ օպերատիվ այլ գոր­ծողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ. Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջա­պես որակվեց որպես «Հայկական Ուոթերգեյթ».

— 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտ­նազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետա­կան հեղաշրջման փաստը.

— 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» քրեական գործ հարուցելու վերաբեր­յալ կայացված որոշումը, որը փաստորեն դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.

— 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ. Հարությունյանի նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադար­ձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.

— 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահես­տից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վար­չախմբի քրեական էությունը.

— 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ «քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համ­մարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.

— Եւ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները…»։

«…Ամենեւին չկաս­կածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաեւ հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը։ Եթե այս ամենը անհանդուրժողակա­նություն եք համարում, ձեր գործն է՝ համարեք։

Դուք գնդակահարեք — իսկ մենք հանդուրժենք. դուք երկիրը թալանեք — մենք չտեսնելու տանք. դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք – մենք չբողոքենք. դուք ընտրությունները կեղծեք – մենք հաշտվենք դրա հետ։ Անտարակույս, սա է հանդուրժողականու­թյան մասին ձեր պատկերացումը եւ, անշուշտ, սա է ձեր երազած իդեա­լական պետությունը, բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսա­փելիո­րեն փշրվելու է։ Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավա­ռամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի…»։