Ադրբեջանը իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը. Փաշինյան

974

Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել, և կարծում եմ, որ նրա աշխատանքն է ոչ միայն այդպիսի հայտարարություններ անելը, այլ նաև դրանց բովանդակությունը անհրաժեշտության դեպքում ապահովելը․ այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ EADaily.com-ին տված հարցազրույցում արած հայտարարություններին։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, այո, մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային ֆորմատում, և ես ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որ Արցախի Հանրապետությունն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ և կառույցներ։ Ես ասել եմ նաև, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Արդյոք Հայաստանը վերանայե՞լ է իր ռազմավարությունը Ադրբեջանի հետ կապված՝ հատապես հաշվի առնելով ապրիլյան պատերազմը, ի՞նչ նոր մոտեցումներ կան» հարցին վարչապետը պատասխանեց․ «Պետք է իրավիճակին համարժեք լինենք։ Կարծում եմ՝ սա է ամենակարևոր մոտեցումը։ Այսինքն որևէ դիրքորոշում կարծրացած չէ։ Դիրքորոշումը մանավանդ այս հարցում պետք է լինի համարժեք։ Այսինքն կարծում ենք, որ այո, բանակցային ճանապարահով հարցի կարգավորումը կարևոր է, մենք համարում ենք, որ դա հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Ցավոք սրտի, Ադրբեջանը իր գործողություններով և իր հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին։ Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք։ Եթե այլ իրավիճակի ուղղությամբ կգնա, մենք դրան նույնպես կլինենք համարժեք»։