«Մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, ազգովի». Նիկոլ Փաշինյան

1601
2018 թվականի հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Ես կարծում եմ՝ տարածաշրջանում կա և պատերազմի վերսկսման վտանգ միշտ առկա է եղել։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։ Բայց կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն, որպես գերտերություն,  ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար, Ադրբեջանին սադրանքներից հետ պահելու համար։ Ես չեմ կարող դրան չհավատալ։

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին, մոտավոր շրջանակներում լարվածությունն ամեն օր մի քիչ կարող է ավելանալ, պակասել, բայց ընդհանուր ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ»։

«Մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, ազգովի։ Բայց մենք գիտենք, որ մեր ռազմավարական գործընկեր, մեր եղբայր և բարեկամ Ռուսաստանը ունի բոլոր լծակները՝ և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ առումով, պատերազմը թույլ չտալու։ Եվ ես չեմ կարող չհավատալ, որ Ռուսաստանը այդ լծակները չի օգտագործի»:

«Տարածքներ կարգավիճակի դիմաց հարցը կառավարությանը տալը տեղին չէ։ Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է՝ կա երկու կողմ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման։ Բացառվում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Չի կարող Հայաստանում լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը»։

«Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, և բանակցելու նյութ կա։ Բանակցությունը ինքնին օգտակար է։ Պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի։ Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ այդ մթնոլորտը ձևավորվի։ Բայց միաժամանակ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ հռետորաբանություն։ Արցախի հարցի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորմանը նպաստող մթնոլորտ»։