«Մենք դուխով ենք». Արարատ Միրզոյանի զրույցը «Ամերիկայի ձայն»-ի հետ

2963

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:

Շարունակվում է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Իր այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետը շարունակեց հանդիպումներ ունենալ ամերիկացի կոնգրեսականների հետ:

Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպեց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ:

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշեց, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ ամիս տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծեց ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության , ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:

ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունեց փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը:

«Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցեց նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, ով վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:

Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելեց նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպում ունեցավ ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:

Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծեց Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը:

«Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- ասում է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:

Փոխվարչապետ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատեց գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:

Հանդիպումն այնուհետև շարունակվեց փակ դռների հետևում:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ