«Իմ քայլը». տրվեց Աննա Հակոբյանի հիմնադրամի գործունեության մեկնարկը

5113

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդլայնում է բարեգործական ծրագրերի իրականացումը: Հուլիսի 12-ից իր աշխատանքներն է սկսում նրա կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամը:

Հիմնադրամի անունը պատահական ընտրված չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանության 3-րդ ժամկետի մեկնարկը սկսել էր հենց #ԻմՔայլը արշավով:

Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվեց Բյուրականի արվեստի ակադեմիայում: Միջոցառմանը ներկա էին գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բժիշկներ, գործարարներ:

Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց հետ իր շփումների արդյունքում:

«Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, որոնք հրաշալի գործ են անում եւ այդ գործը շարունակելու համար ֆինանսների կարիք ունեն, մյուս կողմում՝ մարդիկ, որոնք առաջարկում էին ֆինանսավորել հրաշալի գործեր»,- մասնավորապես, ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով հիմնադրամի առաքելությանը՝ Աննա Հակոբյանն ընդգծեց, որ հիմնադրամը դառնալու է հարթակ բոլոր այն կարեւոր խնդիրների լուծման համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռեւս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը:

«Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ եւ ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, եւ բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- նշեց Աննա Հակոբյանը:

Նախատեսվում է, որ հիմնադրամը գործելու է երեք հիմնական ձեւաչափով: Այն կամուրջ է լինելու օգտակար գաղափարներ ունեցողների եւ այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջեւ, այն հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող  նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված եւ հայտարարված չափանիշներին, եւ վերջապես՝ իրականացնելու է հենց իր կողմից մշակված մի քանի նախագծեր:

Աննա Հակոբյանը հայտարարեց, որ թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու բոլորի առջեւ բաց լինելը հիմնադրամի գործունեության առանցքային սկզբունքներն են լինելու: Այս սկզբունքների կենսագործման երաշխիքներից է լինելու «բլոքչեյն» տեխնիկական համակարգը, որի շնորհիվ միջոցների հավաքագրումն ու ծրագրերի ֆինանսավորումն իրականացվելու է 100 տոկոս թափանցիկությամբ:

«Խոստանում եմ, որ վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց եւ բոլորի համար տեսանելի, եւ ես ամեն ինչ կանեմ կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար՝ հանուն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, դրանց քաղաքացիների, Սփյուռքի մեր հայրենակիցների եւ ամենաբարի ու վեհ գաղափարների»,-ելույթը եզրափակեց Աննա Հակոբյանը:

Առաջիկայում հոգաբարձուների խորհրդի ձեւավորումից եւ գործադիր տնօրենի ընտրությունից հետո հիմնադրամը կսկսի ծրագրերի մշակման եւ մեխանիզմների հստակեցման գործընթաց, որի եզրափակումից հետո կմեկնարկի բուն գործունեությունը:

Նարեկ Կիրակոսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ