Խորվաթիան՝ աշխարհի չեմպիոնության ճանապարհին

788

Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնություն-2018-ի վերջին՝ 64-րդ հանդիպումը։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Խորվաթիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Երեկ կեսգիշերին Խորվաթիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեց աշխարհի 1966 թվականի չեմպիոն Անգլիային և դուրս եկավ եզրափակիչ։ Նախօրեին աշխարհի 1998-ի չեմպիոն Ֆրանսիան 1-0 հաշվով հաղթել էր Բելգիայի ընտրանուն և դուրս եկել եզրափակիչ։

Թեև Խորվաթիայի ընտրանին աշխարհի առաջնությունների տիտղոսակիր հավաքականների շարքում չէ և ոչ էլ համարվում էր Ռուսաստան-2018-ի հիմնական ֆավորիտներից (1998-ի աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ տեղը, ինչը նույնպես մեջ հաջողություն է), սակայն նրա խաղը Ռուսաստանում հիացմունք է առաջացնում։ Հատկապես թիմային խաղը և մինչև վերջ պայքարելու և հաղթելու անկոտրում կամքը։ Լուկա Մոդրիչը, Իվան Ռակիտիչը, Մարիո Մանջուկիչը, անկասկած, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են, սակայն, այս առաջնությունում Խորվաթիան առաջ է գնում հենց թիմային խաղով։

Խմբային մրցաշարում՝ D ենթախմբում, որը հավանաբար ամենաուժեղն էր, Խորվաթիան հաղթեց բոլոր երեք հանդիպումներում՝ Նիգերիային՝ 2-0, աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինային՝ 3-0, Իսլանդիային 2-1 հաշվով։ Խորվաթիայի ընտրանին 1/8 եզրափակչում հիմնական և լրացուցիչ ժամանակում 1-1 խաղաց Դանիայի հետ և հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով՝ 3-2։ Ապա 1/4-ում կրկին հիմնական և լրացուցիչ ժամանակում 2-2 խաղալով տանտերերի՝ Ռուսաստանի հավաքականի հետ, 11 մետրանոցներով հաղթեց 4-3 հաշվով։ Եվ վերջապես երեկ խորվաթները, կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեցին անգլիացիներին։ Այսպիսով, վերջին երեք խաղերում Խորվաթիան խաղում է 120 րոպե։

Խորվաթիան անկախություն է ձեռք բերել 1991-ին, որից հետո առաջին անգամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարին մասնակցել է 1998-ից։ Խորվաթիան մաս է կազմել նախկին Հարավսլավիայի։ Այսօր Խորվաթիայի տարածքը շուրջ 56 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչության թիվը՝ ավելի քան 4 միլիոն։

Ֆրանսիան աշխարհի չեմպիոն է դարձել մեկ անգամ՝ 1998-ին՝ բոլոր ժամանակների ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստ Զինեդդին Զիդանի գլխավորությամբ։ 2006-ին Ֆրանսիան հասել է եզրափակիչ և պարտվել հետխաղյա 11 մետրանոցներով Իտալիայի ընտրանուն։

Աշխարհի այս առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը ընգրկված էր C ենթախմբում։ Ֆրանսիան 2-1 հաշվով հաղթեց Ավստրալիային, 1-0՝ Պերուին, և 0-0 խաղաց Դանիայի ընտրանու հետ։ 1/8 եզրափակիչ խաղում ֆրանսիացիները 4-3 հաշվով հաղթեցին աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիներին, 1/4 եզրափակչում՝ 2-0 հաշվով Ուրուգվայի ընտրանուն։ Կիսաեզրափակիչ խաղում Ֆրանսիան 1-0 հաշվով հաղթեց Բելգիայի ուժեղ ընտրանուն։

Ֆրանսիայի հավաքականը սերնդափոխությունից հետո նոր կազմ ու կերպար ունի։ Այս հավաքականում են խաղում 19-ամյա Կիլիան Մբապեն, Պոլ Պոգբան, Անտուան Գրիզմանը և տաղանդավոր այլ ֆուտբոլիստներ։

Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ խաղի նախօրեին կկայանա երրորդ տեղի համար հանդիպումը Բելգիայի և Անգլիայի հավաքականների միջև՝ հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում։

Ներկայացնենք ֆուտբոլի աշխարհի բոլոր չեմպիոններին, եզրափակիչ հանդիպումների արդյունքները և երկրները, որտեղ կայացել են առաջնությունները․

1930թ, Ուրուգվայ-Արգենտինա՝ 4-2, Ուրուգվայ

1934թ, Իտալիա-Չեխոսլովակիա՝ 2-1, Իտալիա

1938թ, Իտալիա-Հունգարիա՝4-2, Ֆրանսիա

1950թ, Ուրուգվայ-Բրազիլիա՝ 2-1, Բրազիլիա

1954թ, Գերմանիա-Հունգարիա՝ 3-2, Շվեյցարիա

1958թ, Բրազիլիա-Շվեդիա՝ 5-2, Շվեդիա

1962թ, Բրազիլիա-Չեխոսլովակիա՝ 3-1, Չիլի

1966թ, Անգլիա-Գերմանիա՝ 4-2, Անգլիա,

1970թ, Բրազիլիա-Իտալիա՝ 4-1, Մեքսիկա

1974թ, Գերմանիա-Հոլանդիա՝ 2-1, Գերմանիա

1978թ, Արգենտիան-Հոլանդիա՝ 3-1, Արգենտինա

1982թ, Իտալիա-Գերմանիա՝ 3-1, Իսպանիա

1986թ, Արգենտինա-Գերմանիա՝ 3-2, Մեքսիկա

1990թ, Գերմանիա-Արգենտինա՝ 1-0, Իտալիա

1994թ, Բրազիլիա-Իտալիա՝ 0-0, 11 մ․՝ 3-2, ԱՄՆ

1998թ, Ֆրանսիա-Բրազիլիա՝ 3-0, Ֆրանսիա

2002թ, Բրազիլիա-Գերմանիա՝ 2-0, Հարավային Կորեա-Ճապոնիա

2006թ, Իտալիա-Ֆրանսիա՝ 1-1, 11 մ․՝ 5-3, Գերմանիա

2010թ, Իսպանիա-Հոլանդիա՝ 1-0, ՀԱՀ

2014թ, Գերմանիա-Արգենտինա՝ 1-0, Բրազիլիա։

Եթե ֆուտբոլ-2018-ի եզրափակչի խաղում հաղթում է Ֆրանսիան, ապա դառնում է աշխարհի կրկնակի չեմպիոն, իսկ եթե Խորվաթիան, ապա ֆուտբոլի համաշխարհային պատմության մեջ գրվում է նոր անուն՝ Խորվաթիա։

Թաթուլ Հակոբյան