Բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում Կարսը, Բաթումը և Արդահանը զիջում են թուրքերին. 1918-ի մարտ

1500
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Երրորդ գլուխ

նախորդ մասը

Տրապիզոնի խորհրդաժողովը, մաս երկրորդ

(1918 փետրվար 23-ապրիլ 1)

Առավոտյան ժամը 4-ն էր, երբ հանկարծ խցիս դուռը ծեծեցին: Պատվիրակության նախագահը խնդրում էր անմիջապես խորհրդակցության գալ շատ կարևոր հարցի շուրջ: Երբ ես բարձրացա նավապետի սենյակը, տեսա, որ այնտեղ նստած էին Չխենկելին և մեր պահակախմբի հրամանատարը: Նավապետն էլ էր այնտեղ: Նավապետի բացատրություններից տեղեկացա, որ գիշերը Սևաստապոլից Սև ծովի նավատորմի բոլշևիկյան կոմիտեն պահանջել է անմիջապես մեկնել դեպի Սևաստապոլ և մեզ հանձնել կոմիտեին: Նավապետը թեև անձամբ տրամադրություն չուներ ենթարկվելու, բայց տատանվում էր: Մի կողմից նա վախենում էր չկատարել իր նավաստիների պահանջը՝ ուղղելու նավը դեպի Սևաստապոլ, մյուս կողմից պատվի խոսք էր տվել մեզ հասցնել Տրապիզոն: Իսկ, ինչպես հետո պարզվեց, ի սեփական նպատակն էր հասցնել մեզ Տրապիզոն և հետո նավը դուրս բերել Սև ծովից և վաճառել:

Այդ ժամանակ մենք միայն մի բանի մասին էինք մտածում՝ ողջ առողջ հասնել Տրապիզոն: Մեր ամենից եռանդուն և ճարպիկ աշխատակիցների միջոցով անմիջապես նախազգուշական միջոցներ ձեռք առանք՝ դրամ բաշխեցինք նավաստիներին՝ ամեն մեկին տալով միանվագ 60.000 ռուբլի և խոստանալով 10.000 ռուբլի ևս վճարել ամեն օր, որ մնանք Տրապիզոնի նավահանգստում: Իսկ նավաստիներից ավելի ըմբոստներին սպառնացինք մեր պահակախմբով: Այս բոլոր միջոցները հաջողություն ունեցան և մեր նավը, որ արդեն Սևաստապոլի ճանապարհի վրա էր, նորից դարձրեցինք դեպի Տրապիզոն:

Փետրվարի 23-ի երեկոյան ժամը 8-ին արդեն կանգնած էինք Տրապիզոնի առջև: Հետևյալ առավոտը, փետրվարի 24-ին, երբ դուրս եկանք նավի տախտակամած և նայեցինք չորս կողմը, չկար ուրիշ նավ, որ Պոլսից թուրք պատվիրակներից բերած լիներ: Ծովափից լսվում էր զինվորական նվագախմբի ձայն և նշմարվում էին զինվորական մասերի շարժումներ: Երբ նայեցինք հեռադիտակով, այն տպավորությունը ստացանք, թե թուրքերը զինվորական ցույց էին անում:

Ժամը 10-ին ծովափ ուղարկեցինք մեր քարտուղարին և պահակախմբի հրամանատարին՝ իմանալու, թե ինչ տեղեկություններ կան թուրքական պատվիրակության մասին: Վերադառնալով, նրանք մեզ հաղորդեցին, որ թուրքական պատվիրակությունը արդեն մեկնել է Պոլիս:

Փետրվարի 24-ին և 25-ին մնացինք նավի վրա, բայց ոչ ոք չեկավ: Արդեն սկսեցինք անհանգստանալ: Մեր ինքնասիրությունը վիրավորված էր: Հաղորդեցինք Թիֆլիս, որ թուրքերը չեն եկել: Փետրվարի 25-ի երեկոյան մեր նավը եկավ Տրապիզոնի վալին և հայտնեց, որ թուրքական պատվիրակությունը շուտով կժամանի: Մենք ևս նրան այցելեցինք և որոշեցինք, որր եթե հետևյալ օրը թուրք պատվիրակները չգան, անմիջապես պետք է վերադառնանք Բաթում: Սակայն հետևյալ օրը առավոտյան հորիզոնի վրա երևաց և հետո մեր նավահանգսիտը մտավ թուրքական նավ թուրք պատվիրակներով:

Երեք ժամ հետո մեր նավին մոտեցավ մի փոքրիկ նավակ, որտեղից վեր բարձրացան թուրքական պատվիրակության նախագահ Ռեուֆ բեյը՝ ծագումով բոսնիացի, գնդապետ Համիդ բեյը և Երիտասարդ թուրքերի կոմիտեի անդամ Ռիզա բեյը, որ 1914 թվին մասնակցել էր Աջարիայի արշավանքին: Թուրք պատվիրակները մեզ խնդրեցին ցամաք իջնել: Մեր և թուրքերի միջև վեճ ծագեց պահակախումբ ունենալու իրավունքի շուրջ: Թուրքերը հստակ հայտարարեցին, որ Տրապիզոնը չեզոք քաղաք չէ, այլ թուրքական է և միջազգային օրենքով իրենց վրա են վերցնում մեր պատվիրակության պաշտպանությունը: Որոշ տատանումներից հետո մենք համաձայնվեցինք մեզ մոտ թողնել մեր պահակախմբից 10 հոգի, իսկ մյուսներին, առաջին իսկ նավով,  ճանապարհել Բաթում:

Թուրքական պատվիրակությանը նախապես փոխայցելություն տալուց հետո, երեկոյան կողմ ցամաք իջանք: Մեզ ընդունեցինմի խղճուկ նվագախմբի նվագով և հրավառությամբ: Մեզ տեղավորեցին երկհարկանի մի տան մեջ, որի դիմաց զինվորական զորանոց կար՝ լիքը զինվորներով: Հետևյալ առավոտը դուրս եկանք փողոց: Քաղաքը գրեթե ամայի էր, փողոցները ցեխոտ էին: Որևէ հայ չկար, խանութները փակ էին ու դատարկ, միայն մի քանի հույներ միս և կանաչեղեն էին վաճառում: Գնացինք դեպի հայկական եկեղեցին, որը ախոռի էր վերածվել:

Միայն հաջորդ օրը տեղի ունեցավ մեր առաջին պաշտոնական խորհրդակցությունը թուրք պատվիրակների հետ: Նախագահությունը իր վրա վերցրեց Ռեուֆ բեյը և մեզ հրավիրեց հաշտության խորհրդաժողովի հանդիսավոր բացմանը, որով անուղղակի կերպով Տրապիզնը արդեն ճանաչվում էր թուրքական քաղաք:

Մեր խորհրդաժողովի առաջին օրն իսկ ստացանք երկու բախտորոշ դեպքերի լուրը: Առաջին՝ թուրքական զորքերը գրավել էին Էրզրումը, երկրորդ՝ բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում ստորագրել էին հաշտության դաշնագիր, որով Կարսը, Բաթումը և Արդահանը զիջում էին թուրքերին:

Ավելի պարզ կերպով ներկայացնելու համար մեր խորհրդաժողովի աշխատանքները, պետք է հիշենք նաև, որ դրա տևողության ամբողջ ընթացքում թուրքերը կովկասյան ճակատում անդադար առաջ էին շարժվում, իսկ մեր զորքերը անընդհատ նահանջում էին: Խորհրդաժողովի սկզբում մեր զորքերը գտնվում էին հետևյալ դիրքերում. Բաթումը և Ճորոխի հովիտը զբաղեցրել էին վրացական զորամասերը, Երզնկայի ուղղությամբ կանգնած էր մեր Երզնկայի գունդը, Էրզրումում էին  Էրզրումի գունդը և Ա և Դ գնդերը, Ղարսում ունեինք երեք գնդեր, Խնուսից մինչև ներքև դիրքեր էին գրավել Բ հայկական գունդը և Խնուսի ու Վանի գնդերը, Վանից հարավ կանգնած էին Ե հայկական գունդը և Ա, Բ և Դ Վանի գումարտակները, Վանից արևելք Մակուի գունդն էր:

Սրանցից բացի՝ այդ ճակատների վրա մենք ունեինք հատուկ մի զորամաս Անդրանիկի հրամանատարությամբ և Սեպուհի, Մուրադի, Տեր-Ղևոնդյանի, Թորգոմի, Պանդուխտի և այլոց խմբերով: Երևանում էր զորավար Սիլիկյանի դիվիզիան, Ալեքսանդրապոլում՝ զորավար Արեշյանի դիվիզիան և հեծելազորի զորամասը գնդապետ Կորղանյանի հրամանատարությամբ: Գլխավոր սպայակույտը և Նազարբեկյանը գտնվում էին Թիֆլիսում, իսկ Բաքվում կային 10 հազարից ավելի հայկական զորքեր:Պարսկաստանում էին ասորիների զորամասերը Աղա Պետրոսի գլխավորությամբ և հայկական մեկ գումարտակ Ստեփանյանի հրամանատարությամբ:

Թուրքերի գլխավոր ծրագիրն էր գրավել Բաթում-Բաքու երկաթուղագիծը, տիրել Բաքվի նավթահանքերին, փոխադրել զորքերը Թուրքեստան և այնտեղից սպառնալ Անգլիային: Միաժամանակ, նրանք շարունակում էին մոտենալ Ալեքսանդրապոլին, որպեսզի այնտեղից գնան Բաքու, Ջուլֆա, Պարսկաստան և այդտեղից էլ սպառնալ Բաղդատին՝ անգլիացիներին:

Հասկանալի էր, որ Կովկասը դառնում էր ռազմական գործողությունների կենտրոն: Գերմանացի զորավոր Լյուդենդորֆը պատերազմի մասին գրած իր հիշողություններում ասում է, որ հայերի հերոսական դիմադրությունը խանգարեց այդ ծրագրի իրագործումը, արգելք եղավ նավթի և գազոլինի ստացմանը Բաքվից, մի բան, որ անհրաժեշտ էր ժամանակին ավտոմոբիլիներին հասցնելու և դրանք շարժման մեջ դնելու համար:

1918 թվականի ամռան սկզբին գերմանացիները Օդեսայում կենտրոնացրեցին 15 հազար զորք Կովկաս ուղարկելու համար, իսկ Կովկաս ուղարկված թուրքական զորքերը մոտ 30 հազար էին, որոնցից 8 հազարը Բաքվում էր: Սրանք Պաղեստինի ճակատից վերցված թուրքական լավագույն զորամասներն էին:

Բախվեցին երկու ուժեր՝ Կովկասյան, կամ ավելի ճիշտ՝ հայկական, և թուրքական: Թուրքերի կողմից Էրզրումի գրավումից հետո հայկական զորքը նահանջեց դեպի Սարիղամիշ: Հայկական զորքերը 11 օր կարողացան դիմադրել, մինչև որ Թիֆլիսից օգնական ուժեր հասան: Այդուհանդերձ, Սարիղամիշը անհնար եղավ պահել, որը թուրքական զորքերը գրավեցին մարտի 23-ին: Նահանջելով, հայերը կրակի մատնեցին քաղաքն ու պահեստները և քաշվեցին դեպի Ղարս:

Խորհրդաժողովի առաջին օրը թուրքական պատվիրակության նախագահ Ռեուֆ բեյը երկար, գեղեցիկ ծոսքերով զարդարված ճառ ասաց: Ինչպես նրա հետագա զրույցներից հասկացվեց, Ռեուֆ բեյը մեծ նշանակություն էր տալիս Թուրքիայի և Անգլիայի մերձեցմանը: Ծագումով չեքեզ, նա շատ էր հետաքրքրվում Կովկասի ու իր ցեղակիցների բախտով: Իր ճառում Ռեուֆ բեյը ասաց, որ «Արևելքում բարձրանում է նոր աստղ և դա Անդրկովկասյան Հանրապետությունն է», որը ողջունում է, ինչպես նաև ողջունում է անջատված հողամասերի վերադարձը մայր երկրի գիրկը: Ռեուֆ բեյը նկատի ուներ Կարսի, Բաումի և Արդահանի վերադարրձը Թուրքիային:

Բնականաբար, այս ակնարկները շփոթություն և տհաճություն պատճառեցին մեզ: Այսուհանդերձ, մենք շարունակեցինք պաշտպանել մեր դիրքերը, որն արտահայտեցինք մարտի 7-ի մեր հատուկ հայտարարությամբ:

Պաշտոնական և ոչ պաշտոնական բանակցություններից պարզվեց, որ

Ա. թուրքերը ամեն կերպ ձգտում են ստանալ Ղարսը, Բաթումը և Արդահանը՝ հենվելով Բրեստ-Լիտովսկի դաշնագրի վրա,

Բ. Հանձին Անդրկովկասյան Հանրապետության, ցանկանում են պատվար ստեղծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, որը թե փաստորեն, թե իրավականորեն անջատ լինի և անջատվի Ռուսաստանից:

Այդ ծրագիրը իրագործելու համար թուրքերը որոշել էին զինվորական արշավանք կատարել և գրավել վիճելի հողամասերը:

Թուրքական պատվիրակության քարտուղար Համի բեյը, որ 85 տարեկան էր, «միջազգային իրավունքի պրոֆեսոր», շատ մոտ էր Ռեուֆ բեյին և նրա հանձնարարությամբ հաճախ էր գալիս ինձ մոտ՝ հատկապես խոսելու հայկական հարցի մասին: Այդ պարոնին ես հանդիպեցի նաև Կ. Պոլսում՝ 1918թ. աշնանը: Թե Ռեուֆ բեյի և թե Համի բեյի հետ ունեցած իմ խոսակցությունների տպավորությունն այն էր, որ թուրքերը այդ ժամանակ հայկական հարցի լուծման երկու ծրագիր ունեին: Առաջին՝ բնակչության փոխանակություն Թուրքիայի և Անդրկովկասի միջև, և երկրորդ՝ տեղական ինքնավարություն թուրքական վեհապետության տակ Ալաշկերտի, վանի և Խնուսի շրջաններում:

Փոխանակության վերաբերյալ Ռեուֆ բեյը մեզ առաջարկում էր առմիշտ թողել Անդրկովկասում 300 հազար թուրքահայ գաղթականներին, իսկ նրանց փոխարեն Ադրկովկասից Թուրքիա փոխադրել 300 հազար թաթարներ: Այս առաջարկը մենք մերժեցինք, որովհետև այն զրկում էր մեր իրավունքից՝ պահանջել Թուրքահայաստանը, որտեղ թուրքերը ուզում էին տեղավորել Անդրկովկասից տարված մահմեդական տարրերը:

Երկրորդ ծրագիրը թուրքերի մտքում շատ աղոտ էր, և Ռեուֆ բեյը դուրս չէր գալիս ընդհանուր խոսքերի շրջանակից: Պարզ էր միայն, որ նա ուզում էր Թուրքահայաստանի խնդիրը դարձնել թուրքական ներքին խնդիր:

Գալով Անդրկովկասի անկախության խնդրին, թուրքերը այդ մասին շատ վճռական էին: Նրանք պահանջում էին, որ Անդրկովկասը հանդիսավոր կերպով հայտարարի իր անկախությունը , այլապես մերժում էին մեզ հետ բանակցել պաշտոնապես:

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում