«Մեր գլխավոր նպատակն էր չկորցնել Թուրքահայաստանը». Տրապիզոնի բանակցությունները, 1918

2467
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը”կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈԻԽ, մաս երկրորդ

Անդրկովկասյան կոմիսարիատը և բանակցությունները Թուրքիայի հետ

1918թ. հունվարի 3-ին գրած նամակով կովկասյան ճակատի թուրք հրամանատար Վեհիբ փաշան Անդրկովկասյան ներկայացուցիչներին հրավիրում էր մեկնել Բրեստ-Լիտովսկ, որտեղ տեղի էր ունենում հաշտության ծանոթ խորհրդաժողովը: Վեհիբ փաշան խոստանում էր Անդրկովկասյան կառավարությունը ճանաչեցնել տալ նաև իր զինակիցներին՝ գերմանացիներին, ավստրիացիներին և բուլղարներին: Այս հրավերը թեև որոշ տարակարծություն առաջ բերեց կովկասյան գործիչների մոտ, բայց մեծամասնությունը դեմ էր Բրեստ-Լիտովսկ մեկնելու: Վեհիբ փաշայի նամակը Թիֆլիս էր հասել միայն փետրվարի 1-ին: Բրեստ-Լիտովսկ մեկնելու կողմնակից էին վրաց ազզգայնականները, բայց վճռականորեն դեմ էին վրաց սոցիալ-դեմոկրատ մենշևիկներն ու հայերը:

Պետք է ասել, որ կառավարությունից բացի, այդ կարգի խնդիրներում վճռական խոսք ուներ ասելու Անդրկովկասյան Սեյմը, որի նախագահն էր վրացի Չխեիձեն, իսկ փոխնախագահները՝ Ս. Տիգրանյանը և թաթար, դոկտոր Աղաևը, ով հետո սպանվեց Թիֆլիսում: Սեյմը իր մեջ խտացնում էր կովկասյան ազգությունների երեք գլխավոր կուսակցությունների տարբեր ձգտումներն ու քաղաքականությունը, ուստիև հիմնական և ոչ մի հարցում այն չկարողացավ համերաշխություն գոյացնել: Սեյմի կուլիսների ետևում գործերը ղեկավարում էին կուսակցությունների կենտրոնական մարմինները:

Փետրվարի 1-ին Անդրկովկասյան կառավարույթունը առաջին անգամ լրջորեն մտահոգվեց հաշտության բանակցություններով: Այդ ժամանակ Բրեստ-Լիտովսկում պոլշևիկների և գերմանական կոալիցիայի միջև դեռ համաձայնություն չէր եղել: Թուրքերն ու գերմանացիները հարձակման էին անցել և գրեթե առանց դիմադրության առաջ էին շարժվում:

Անդրկովկասյան կառավարությունը շարունակում էր բանակցություններ վարել Հյուսիսային Կովկասի հետ՝ ոչ-բոլշևիկյան Ռուսաստանի վիճակի մասին: Կովկասի զինվորական իշխանությունները անհրաժեշտ էին համարում հաշտության բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի գեթ փրկել զենքի և ռազմամթերքի հսկա պահեստները Տրապիզոնում:

Նկատի ունենալով այս պայմանները, Անդրկովկասյան կառավարությունը որոշեց փետրվարի 1-ին խնդրել Սեյմին, որ մի հատուկ հանձնախմբի միջոցով մշակի հաշտության պայմանները՝ միաժամանակ ձեռնարկելով բանակցությունների գործը: Այդ որոշումից հետո է, որ ինձ Ալեքսանդրապոլից կանչեցին Թիֆլիս: Հ. Յ. Դաշնակցությունը անհրաժեշտ էր գտել իմ մասնակցությունը հաշտության բանակցություններին:

Փետրվարի ընթացքում կառավարությունը բազմաթիվ նիստեր գումարեց՝ քննության ենթարկելու հաշտության խնդիրը և պայմանները: Փետրվարի 1-ին կովկասյան ճակատի սպայակույտի պետը հայտարարեց, որ «պատերազմը շարունակելու համար այլևս զինվորական ուժ չկա»: Հայերը ևս հաշտություն էին ուզում: Միայն ռուսներն էին, որ ջանում էին ձգձգել հաշտության բանակցությունները՝ Ռուսաստանից Կովկասի անջատման առաջն առնելու համար:

Հաշտության խորհրդաժողովի վայրը դարձավ վիճաբանության առարկա: Առաջարկվում էին Թիֆլիսը, Բաթումը և Տրապիզոնը: Առաջին երկու քաղաքները մերժվեցին, որպեսզի թուրքերին պատեհություն չտրվի մոտիիկից ծանոթանալու Կովկասի ներքին իրավիճակին: Կանգ առան վերջապես Տրապիզոնի վրա, որ նկատվում էր «չեզոք» քաղաք, որովհետև այդ որոշումը կայացնելու ժամանակ Տրապիզոնը ռուսների ձեռքին էր:

Փետրվարի 13-ին, նկատի ունենալով, որ Հյուսիսային Կովկասից և Ուկրաինայից ոչ ոք չեկավ, Անդրկովկասյան կառավարությունը Ուկրաինայի կենտրոնական իշխանությանը հաղորդեց, որ ինքը համաձայնության է եկել թուրքերի հետ Տրապիզոնում հաշտության բանակցություններ վարելու համար, միաժամանակ հայտնելով, որ հաշտության խորհրդաժողովը պետք է բացվի փետրվարի 17-ին (հին տոմարով):

Սեյմում, երբ ես վճռականապես արտահայտվեցի ի նպաստ հաշտության և մերձեցման Թուրքիայի հետ, ռուս քաղաքական շրջանակները շատ հուզվեցին ու վրդովվեցին՝ երեսիս տալով Մոսկվայի իմ ճառերը: Սակայն նրանք մոռանում էին, որ ոչ թե մենք էինք Ռուսաստանից հեռացել, այլ ինքը Ռուսաստանն էր լքել մեզ:

Փետրվարի 16-ին Սեյմը ընտրեց հաշտության պատվիրակությունը, որի կազմը հետևյալն էր. նախագահ՝ Ակակի Չխենկելի (վրացի), անդամներ՝ Աբաշիձե (վրացի մահմեդական), Գվաղավա և Լասխիշվիլի (վրացիներ), Հ. Քաջազնունի և ես հայերի կողմից, Հաջինսկի, Հայդարով, Խասմամեդով ու Շեյխուլիսլամով (թաթարներ):

Թուրքերը սկզբում որպես խորհրդաժողովի հարմար վայր սկզբում առաջարկեցին Բաթումը, բայց հետո հրաժարվեցին պահանջից և համաձայնվեցին Տրապիզոնի տարբերակին: Մեր գլխավոր նպատակն էր չկորցնել Թուրքահայաստանը, մինչդեռ թաթարներն ու վրացիները մտադիր չէին պաշտպանել այն: Պարզ էր, որ հիմնական վեճը Թուրքահայաստանի շուրջ էր լինելու: Վրացիների՝ արդեն բավականաչափ փոխված տրամադրության արտահայտիչն էր պատվիրակության նախագահ Չխենկելին, որը Գեգեչկորիի նման ռուսական հակումներ չուներ, այլ թուրքական կողմնարոշման մարդ էր: Պատվիրակության թաթար անդամներից աչքի էր ընկնում Մահմեդ Հասան Հաջինսկին՝ չափազանց զգուշավոր և լուրջ գործիչ Բաքվից: Հայ պատվիրակների հետ որպես խորհրդական եկել էին Ռուբեն Տեր-Մինասյանը, Լեոն:

Պատրաստվելով Տրապիզոն գնալ, կովկասյան զինվորական շտաբից ես հետս վերցրել էի քարտեզ, որ այսօր էլ մոտս է և հետագայում բոլոր խորհրդաժողովներում սեղանի վրա էր. այդ քարտեզի վրա Էնվեր փաշան, Վեհիբ փաշան, Ռեուֆ բեյը և Բեքիր Սամի բեյը հաջորդաբար գծել էին Հայաստանի սահմանները: Կամենալով ունենալ նաև Թրքահայոց խորհրդի կարծիքը՝ ես դիմեցի նրա անդամ Վահան Փափազյանին՝ խնդրելով գրավոր կերպով տալ ինձ իրենց պահանջերը Թուրքահայաստանի սահմանների մասին: Պետք է ասեմ, որ նրա տված սահմանները գրեթե նույնն էին, ինչ որ հետագայում գծեց նախագահ Վիլսոնը:

Պատվիրակությունը փետրվարի 17-ի գիշերը ժամը 12-ին պիտի մեկներ Տրապիզոն, բայց նախքան կայարան գնալը պատվիրակները հավաքվեցին նախկին փոխարքայի պալատում՝ կառավարրության անդամների հետ մտքերի վերջին փոխանակություն ունենալու նպատակով: Երբ մենք պալատում էինք, հանկարծ եկավ ռադիո-հեռագիր, որը ստորագրել էր Կարախանը: Հեռագիրը գալիս էր Բրեստ-Լիտովսկից՝ բոլշևիկյան պատվիրակության կողմից: