Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը Տորոնտոյում

1688

Հունիսի 26-ից 28-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Կանադայում էր (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ:

Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Կռավարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հայ համայնքի անդամների և մտավորականների հետ, այցելել Տորոնտոյի հայկական դպրոց և եկեղեցիներ, հանդիպել գործարարներին, ներկայացրել Հայաստանում առկա գործարար հնարավորությունները, ներդրումային միջավայրը: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտի, հայկական մեղրի, գինու և դեղագործական ապրանքների արտահանման նկատմամբ:

Կանադայում “Բիզնես Արմենիայի” պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն է հայտնել 5 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Եվս 5.5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր ունեն «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանը (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանը (Հայաստանից), Անդրե Գումուշջյանը (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանը (Նյու Յորքից), որով նախատեսվում է Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, քննարկել առաջիկայում քաղաքապետի Հայաստան այցելելու հնարավորությունը: Քաղաքապետը Թորին հաջորդ տարի գործարարների ուղեկցությամբ Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն այցելել են Կանադայում երկրորդ խոշոր էլեկտրական սարքավորումներ արտադրող «Ռեքս Փաուր Մագնետիքս» ընկերություն, որը փոքր մասնաճյուղ ունի Հայաստանում: Քննարկվել է հայաստանյան մասնաճյուղն ընդարձակելու և հետագայում դրա արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը:

Հայկական պատվիրակությունը աշխատանքային այցը և գործարար առաքելությունը շարունակում է դեպի Լոս Անջելես (ԱՄՆ), որի ընթացքի և արդյունքների մասին կներկայացվի առաջիկայում:

Լուսանկարում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վարագ Սիսեռյանի հանդիպումը Տորոնտոի քաղաքապետ Ջոն Թորիի հետ