6,8 միլիոն դոլար, որ առնչվում է Սերժ Սարգսյանի եղբորն ու նրա ընտանիքին

2806

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր ու եղբորորդու` Լևոն և Նարեկ Սարգսյանների հետ առնչվող «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում, Սարգսյանների բնակության վայրում խուզարկությամբ նրանց և նրանց քույր Անի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր են հայտնաբերվել

Ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, Նարեկ Սարգսյանի հայրը` Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը, 2017թ-ի ընթացքում հանդիսացել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան և հայտարարատու պաշտոնատար անձ: Լյովա Սարգսյանը և վերջինիս դուստր՝ Անի Սարգսյանը հայտարարագրերում չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները: Արդյունքում՝ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցրել են, ինչը հանգեցրել է Լյովա Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:

Բացի այդ, Նարեկ Սարգսյանը նույնպես նույն օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է եղել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիր, որը սակայն չի կատարել: 2017թ. հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է:

Հաշվի առնելով վերոնշյալը, որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու մասին: