Հայաստանը լուռ է Ադրբեջանին «Պոլոնեզ» և LORA հրթիռների նոր մատակարարումների վերաբերյալ

1740

Հունիսի 11-ին Իլհամ Ալիևը ի ցույց դրեց իր վերջին գնումները` հրթիռային համակարգեր, որոնք կարող են թիրախային հարվածներ հասցնել Հայաստանի ցանկացած հատվածում, Վրաստանի մեծ մասում, ինչպես նաև Ռուսաստանի հյուսիսային Կովկասի ու Իրանի հյուսիսարևմտյան հատվածների մեծ մասում:

Երկու համակարգերից մեկը` LORA հրթիռային համալիրը, արտադրվում է Israel Aerospace Industries ընկերության կողմից (IAI), առավելագույն հեռահարությունը 300 կմ է, խոցման ճշգրտությունը՝ 10 մետր: Մյուսը Բելառուսում «Պոլոնեզ» անվամբ վերաբրենդավորված, չինական A200 հրթիռային համակարգն է, որն ի վիճակի է մինչև 200 կմ հեռահարությամբ արձակել 301 մմ տրամաչափի ուղղորդվող հրթիռներ։

Երկու հրթիռային համակարգերի ձեռքբերման նպատակն է հավասարակշռել «Իսկանդեր» հրթիռային համակարգերին, որոնք վերջին տարիներին Ռուսաստանը վաճառել է Հայաստանին` որպես զսպիչ Ադրբեջանի ռազմականացմանը:

Այլ կերպ ասած, հրթիռային նոր համակարգերի վաճառքը Ադրբեջանին հավասարակշռության նժարը թեքում հօգուտ նրա կողմ և ավելի հավանական դարձնում նոր ռազմական առճակատումն ու երկու կողմերի համար արյունահեղության նոր փուլը:

Արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը և նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել են, որ Բելառուսի ներգրավվածությունը «Պոլոնեզների» վաճառքի գործարքում հակասում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ստանձնած նրա պարտավորություններին, որի անդամ է նաև Հայաստանը: Բելառուսը արտադրել է ծանր բեռնատարներ, որոնց վրա տեղադրվում են ինչպես «Պոլոնեզը» (չինական A200), այնպես էլ LORA-ն: Բալայանը ընդգծել է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանին զենք վաճառելը վատ գաղափար էր՝ հաշվի առնելով նրա կառավարության վարքագիծը:

Արտգործնախարարության պաշտոնյաները կոնկրետ հայտարարություն չեն արել չինական կամ իսրայելական ընկերությունների մասին, որոնք զբաղվում են հրթիռների արտադրությամբ և վաճառքով:

Մեկնաբանություններ չեղան նաև Նիկոլ Փաշինյանի կողմից: Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը լուռ էր, երբ Ռուսաստանն ու Իսրայելը միլիարդավոր դոլարների զենքեր էին վաճառում Ադրբեջանին։ Լռությունը խախտում էր միայն այն դեպքերում, երբ ստիպված էր լինում լրատվամիջոցների կողմից հարցադրումներին պատասխանել կամ այնպիսի իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էր 2016 թվականի ապրիլյան պատերազմը:

Նիկոլ Փաշինյանը լուռ է, ինչպես Սերժ Սարգսյանը։

Սա հատկապես տարօրինակ է Իսրայելի առումով, որը Ադրբեջանին զենք-զինամթերքի հիմնական մատակարարն է: 2016 թ. ապրիլին իսրայելական արտադրության հակատանկային զենքերն ու անօդաչու դրոնները (վերջիններս նույնպես ստեղծվել են Israel Aerospace Industries-ի կողմից), սպանեցին առնվազն 23 հայ զինծառայողների և կամավորների, ինչը ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի մարտական զոհերի գրեթե մեկ երրորդն է:

Ադրբեջանին զենք վաճառելը անշուշտ բավական շահութաբեր է։ Իսրայելը, ելնելով նաև Իրանի հետ կապված այլ պատճառներից, Ալիևի վարչակարգի հետ լավ հարաբերությունների մեջ է: Այնուամենայնիվ, ի տարբերություն Չինաստանի և Բելառուսի՝ Իսրայելը ժողովրդավարական ինստիտուտներ ունի, և առկա է զենքի վաճառքի հարցերով հանրային բանավեճ: Այսպիսով, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Կնեսետում մեղադրվել է Ալիևի հետ գործարքից անձնական շահույթ ունենալու մեջ։Կան ակնարկներ, որ նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում ենթադրյալ կոռուպցիայի համար:

Անցյալ ամռանը Իսրայելի ազգային անվտանգության հարցերով հայտնի լրագրող Յոսսի Մելմանը հրապարակումներ արեց, որոնց համաձայն՝ իսրայելական Aeronautics ընկերության ներկայացուցիչները կառավարել են հայկական ուժերի դեմ գործող անօդաչու դրոնները։ Դրանից հետո Իսրայելի կառավարությունը ընկերությանը զրկեց արտահանման լիցենզիայից և հետաքննություն սկսեց: Մելմանի խոսքով՝ ակնկալվում է, որ հետաքննությունը շուտով կավարտվի։

Վերջերս Մելմանը անդրադարձել էր իսրայելական մեկ այլ ընկերության՝ Elbit-ի ստվերային գործարքներին։ Նրա հրապարակման համաձայն՝ չեխական մի ընկերություն և նրա սլովակյան դուստր ձեռնարկությունները Ադրբեջանի բանակին զենք մատակարարելու համար գաղտնի գործարքի մեջ են մտել Elbit-ի և Իսրայելի պաշտպանության նախարարության, վերջնական պատվիրատուի մասին կեղծ համաձայնության են եկել՝ դրանով իսկ խուսափելով Ադրբեջանին զենք մատակարարելու Եվրոպական Միության սահմանափակումներից։

Այս ամենի ընթացքում Հայաստանի կառավարությունը որևէ ջանք չի գործադրել Իսրայելի՝ Ադրբեջանին զենք վաճառելու գործողությունների հրապարակայնություն հաղորդելու համար: Հայ դիվանագետները կարծես թե չեն հավատում, որ կարող են ինչ-որ բան փոխել:

Ի դեպ, այդպիսին էր նաև հայկական քաղաքական խավի մեծամասնության վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի նախօրեին: Մարտին, քաղաքացիական անհնազանդության իր քարոզարշավը սկսելուց անմիջապես առաջ, Փաշինյանը և այլ ակտիվիստներ ընդունում էին, որ հաջողության հասնելու հնարավորությունը փոքր է։ Բայց նրանք էլ գիտեին, որ «ավելի վատ կլինի, եթե մենք բոլորս տանը մնանք և ոչինչ չանենք»:

Էմիլ Սանամյան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտ

ՍիվիլՆեթ

Էմիլ Սանամյանը Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող-փորձագետ է, որը բնակվում է Վաշինգտոնում։ Սանամյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիուտի Focus on Karabakh ծրագրի խմբագիրն է։