Հայաստանը Սու30-ՍՄ կործանիչների կարիք ունի՞ արդյոք․ Էմիլ Սանամյան

1703

ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի կայքում լույս է տեսել Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանի հոդվածը՝ «Սու-30-ի սելֆին․ ինչու ռուսական կործանիչներով Փաշինյանի հետաքրքրվածությունն իմաստ չունի» վերնագրով, որը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հունիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «ՍՈւ-31ՍՄ. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։)» վերնագրով լուսանկար հրապարակեց։ Դրանից անմիջապես հետո ՀՀ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը հաստատեց, որ Հայաստանը բանակցությունների մեջ է եղել Ռուսաստանի հետ ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու հարցում։

Այդ մասին տեղեկությունների արտահոսք եղավ դեռ 2016թ. հունվարին՝ հայ-ռուսական պաշտպանական գերատեսչությունների միջև բանակցությունների ընթացքում: Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խուսափել էր պատասխանել  մամուլի ասուլիսի ժամանակ արտահոսքի մասին հնչած հարցին։ Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները սովորաբար զենքի գնման ծրագրերը գաղտնի էին պահում՝ մինչև դրանց ավարտը։

Եթե Սու-30ՍՄ կործանիչների գործարքը կյանքի կոչվի, դա կդառնա Հայաստանի կողմից գնված ամենաթանկ ռազմական միավորը: Մեկ կործանիչի գինը 40-50 մլն դոլար է և կախված քանակից (օրինակ՝ 6 կամ 12) գործարքի արժեքը կարող է հատել կես միլիարդ դոլարի շեմը` գերազանցելով ներկայիս տարեկան ռազմական բյուջեի ծավալը:

Գրեթե կասկած չկա, որ գործարքը կպահանջի նոր վարկ Ռուսաստանից, որից Հայաստանն արդեն վերցրել է 300 մլն դոլարի վարկ ռազմական այլ գնումների համար: Տեխնիկական սպասարկման ծախսերը, ներառյալ օդաչուների վերապատրաստումը, նույնպես պետք է հաշվի առնել: Մի երկրի համար, որը չի կարողացել ընդլայնել գրոհային ինքնաթիռների քանակը  կամ ունենալ ազգային ավիափոխադրող, կործանիչների մեջ ներդրում կատարելը տարօրինակ է թվում։

Ֆինանսական նկատառումներից բացի, պարզ չէ՝ արդյոք Հայաստանն այս ինքնաթիռների կարիքն ունի՝ հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում ի հայտ եկած այլ տարբերակները։ Կործանիչի նպատակն է գերիշխել երկնքում, խոցել այլ ինքնաթիռներ և ճշգրիտ հարվածներ հասցնել ցամաքային թիրախների վրա: Գնալով ավելի շատ երկրներ են հրաժարվում ֆիքսված թևերով ինքնաթիռներից, ինչպես Վրաստանն է անում, փոխարինելով դրանք մարտական դրոններով և բալիստիկ հրթիռներով:

Ամենայն հավանականությամբ այս պատճառով է, որ գործարքը, որն ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի կնքվել էր 2012թ., կյանքի չի կոչվել։ Փոխարենը, 2015թ. Հայաստանը ձեռք է բերել «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգը և օգտագործել ռուսաստանյան նոր վարկերի մի մասը` օդային պաշտպանությունը և հրետանային համակարգերը արդիականացնելու համար: 2016թ. ապրիլից ի վեր Հայաստանը նաև ակտիվացրել է մարտական դրոնների արտադրության ուղղությամբ տարվող աշխատանքները։

Սու-30ՍՄ-ի վաճառքի մասին զրույցներն ամենայն հավանականությամբ վերսկսվել են նախորդ շաբաթ Փաշինյան – Պուտին  հանդիպման ժամանակ: «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի շահերից է բխում արագացնել վաճառքը, որը Հայաստանի նախորդ կառավարությանը հաջողվել էր հետաձգել մինչև 2024թ., որպեսզի խուսափի «Սուխոյ» ավիացիոն ընկերության գործարաններից մեկի փակումից։

Ինչպես հոդվածում մատնանշում է մի փորձագետ, նման վաճառքը Ռուսաստանի հավար ավելի կհեշտացնի Ադրբեջանին տեխնոլոգիական առումով ավելի առաջատար ինքնաթիռներ վաճառելը: Ադրբեջանը անցյալում փորձել էր ռուսական ինքնաթիռներ գնել, սակայն Ռուսաստանը, ըստ երևույթին, հրաժարվել էր, և Ադրբեջանը սկսել է Իսրայելից գնել առաջատար դրոններ և օդային պաշտպանության տեխնոլոգիաներ։

«Սուխոյ» կոնցեռնը, որը մինչեւ 2015թ. սկիզբը ղեկավարում էր ռուսաստանաբնակ հայ Միխայիլ Պողոսյանը, նախկինում ևս իր արտադրանքն առաջարկել է Հայաստանին: 2011թ. «Արմավիա» ավիաընկերությունը դարձավ «Սուխոյ»-ի Superjet-100 մարդատար օդանավի առաջին գնորդը: Ռիսկային գնումը հավանաբար նպաստեց 2013թ. «Արմավիա»-ի սնանկացմանը: Ռուսաստանին դրանից հետո չի հաջողվել վաճառել Superjet որևէ այլ արտասահմանյան գնորդի:

Փաշինյանի լուսանկարի նկարագրության մեջ տառասխալը (Սու-30ՍՄ-ի փոխարեն Սու-31) բնորոշ է ռազմական տեխնիկայի վերաբերյալ մակերեսային գիտելիք ունեցող մարդկանց: Վարչապետին անհրաժեշտ է ծանոթացնել գործարքի լավ և վատ կողմերին՝ նախքան Հայաստանը դնելը այնպիսի ֆինանսական պարտավորությունների տակ, որոնք կարող են անհրաժեշտ չլինել։

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ