«Եթե կարողացանք հաղթել Գորբաչովին, ապա ի՞նչն է խանգարում հաղթել Քոչարյանին և Սերժին»

1451

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՏԱՐՈՂ ՈՒԺԵՐԻ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

22 դեկտեմբեր, 2007թ

Հարգելի գործընկերներ,

Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակ­տի­վիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործըն­թա­ցի առաջին փու­լի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործու­նեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով են­թա­դրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թա­փան­ցիկ, հրա­պա­րա­կային քաղաքա­կա­նու­թյան մեր որդեգրած սկզբունքին, կնախ­ընտ­րեի այս ամենի մասին ար­տա­հայտվել բացեիբաց՝ խոսքս ուղղե­լով ոչ միայն իմ կողմ­նա­կից­նե­րին, այլեւ մեր ողջ ժողովրդին: Մոլորությունների մեջ չընկնելու եւ իրավիճակը ճիշտ գնա­հատելու համար, կարծում եմ, հարկ է նախեւառաջ հստակ պատկե­րացում ունենալ նախ­ընտրական պայ­քա­րի մեջ ներգրավված ուժերի հա­րաբերակցության եւ վերարտա­դրու­թյան ձգտող ներկա հանցավոր վարչա­խմբի կարողականության (պոտեն­ցիալի) մասին:
Ներկա վարչախմբի ռեսուրսները

Ի տարբերություն մեզ, Հայաստանի գործող իշխանությունները ընտրական գործ­ըն­թացում որդեգրել են պայքարի ընդհատակյա, ինտրիգային սկզբունքը՝ հիմնվելով գլխա­վորապես վարչական, տեղեկատվական, ֆինանսական, ռեպ­րեսիվ եւ քրեական ռեսուրսների վրա, որոնցից յուրաքանչյուրին նպատակահարմար եմ գտնում անդրա­դառ­նալ առանձին-առանձին:

1. Վարչական ռեսուրս. դրա տակ ենթադրվում է ողջ պետական մեքենան՝ նախա­գա­հական ապարատը, կառավա­րությունը, նախարարությունները, մարզ­պետարան­նե­րը, քաղաքա­պետա­րանները, թաղապետարանները, գյու­ղա­պետարանները, ինչպես նաեւ բյու­ջետային հիմնարկները՝ բուհերը, ակա­դեմիական ինստիտուտները, հիվան­դա­նոց­ները, դպրոցները, մանկա­պար­տեզները եւ այլն: Այդ կառույցների բարձրաստիճան պաշ­տոնյաներից շա­տերը ջանասիրաբար, իսկ ոմանք աշ­խատանքը կորցնելու վախից, հլու­հնազանդ կատարում են իրենց տերերի հրամանները եւ սեփական ազդեցու­թյան ոլորտներում փորձում կանխել վարչախմբին անհաճո այլախոհության ցանկացած դրսե­ւորում: Վերջին շրջա­նում նրանց գործունեությունը հիմնա­կանում ուղղված էր իրենց աշխատա­կիցներին եւ ժողովրդական զանգված­ներին ընդդիմության հան­րա­հավաք­ներից հեռու պահելու խնդրին, ընդ որում, խտրություն չդնելով միջոցների միջեւ՝ սկսած «բարեկամական» զրույց­ներից ու հորդորներից, վերջացրած ահաբեկումներով ու տարբեր տիպի սպառնալիքներով: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ, որ հիմնականում բյուջետային հիմնարկների աշխատա­կիցներն են ձեւավորում ընտրական հանձնա­ժողովները, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական դերակատարություն է նրանց վերապահված ապագա ընտրություն­ներում:

  1. Տեղեկատվական ռեսուրս. Ինչպես հայտնի է, բացի «Ազատություն» ռա­դիո­կայանից եւ «Երկիր-Մեդիա» ու «ԳԱԼԱ» հեռուստակայաններից, Հա­յաս­տանի էլեկտրո­նային լրատվամի­ջոց­ների ողջ համակարգը գտնվում է ներկա իշխանությունների լիա­կատար վերահսկողության տակ, ինչը նրանց անարգել թույլ է տալիս իրականացնել միակողմանի քարոզչություն, կոչված ծառայելու մի կողմից՝ վարչախմբի թեկնածուի դրվատման, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների վար­կաբեկման խնդրին: «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաս­տա­նի յոթ գլխավոր հեռուստակայանները եւ հանրային ռադիոն հոկտեմբեր – նո­յեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական եւ 1504 չեզոք, իսկ ինձ հիշատակող՝ 16 դրական, 404 բացասա­կան եւ 468 չեզոք հա­ղոր­դա­գրու­թյուն: Վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմնա­կա­­լության ավելի վառ ապացույց դժվար է պատկերացնել: Մենք, ըստ էության, գործ ունենք պետության կող­մից տեղեկատվական դաշտի լիակա­տար մոնոպոլիզացիայի հետ, ինչը բնորոշ է ամբողջատիրական համա­կար­գերին կամ երրորդ աշխարհի բռնա­պետական ռեժիմներին: Նման պայմաններում մեր երկրում օրինական ընտրու­թյուն­ների անցկացումը պարզապես ծաղրուծանակի է հա­վասարազոր:
  2. Ֆինանսական ռեսուրս. Մեր հա­սարակության համար գաղտնիք չէ, որ 1998, 2003 եւ 2007 թվականներին անց­կացված ընտրություններում կարեւոր տեղ է զբաղեցրել իշ­խանությունների կողմից բաժանված ընտրակաշառքը, ինչն արձանագրված է նաեւ մի­ջազ­գային դիտորդական կազմակերպու­թյունների զեկույցներում: Եթե ինչ-որ մեկը հույս է փայփայում, թե առաջիկա նախագահական ընտրություններում իշ­խա­նությունները հրա­ժարվելու են այդ պրակտիկայից, ապա նա չարաչար սխալվում է: Ավելին, հիմքեր կան պնդե­լու, որ ընտրակաշառքը դառնալու է 2008-ի ընտրություններում նրանց հա­ջո­ղու­թյան հասնելու հիմնական գրավականը: Այնքան ակնհայտ է իշ­խա­նությունը պա­հելու մոլուցքը, որ վար­չախումբը պատրաստ է այդ նպա­տա­կին հատկացնել թեկուզ կես մի­լիարդ դոլար՝ չխորշելով ոչ միայն հար­կային գերավճարներ գանձելուց ու «Պարզեց­ված հարկի օրենքի» գործո­ղությունը դադարեցնելուց, այլեւ պե­տական բյու­ջեի ու Կենտ­րոնական բան­կի պահուստ­ների օգտագործումից: Ընտ­րա­կաշառքի համար նախատես­ված գումարի առյու­ծի բաժինը, սակայն, ինչպես միշտ, հասնելու է ոչ թե բուն քվեար­կո­ղին, այլ միջին օղակների պե­տական պաշտո­նյա­նե­րին, տեղական ինքնակառա­վար­ման մարմինների, ոս­տի­կանության, անվտանգության, հարկային ծառայու­թյունների ղեկա­վար­ներին, ընտրական հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաեւ թաղային հե­ղի­նա­կու­թյուն­ներին եւ քրեական տարրերին:
  3. Ռեպրեսիվ ռեսուրս. Խոսքը վե­րաբերում է, առաջին հերթին, իրավա­պահ մար­միններին՝ ոստիկանությանը, անվտանգության ծառայությանը, դա­տա­րաններին, դա­տա­խազությանը, մա­սամբ նաեւ՝ հարկային տեսչությանը, որոնք վերջին շրջանում ամ­բող­ջու­թյամբ ներքաշված են քաղաքա­կա­նության ոլորտ: Բարձիթողի մատնած իրենց բուն գործառույթները, այս կա­ռույցները, արդեն երեք ամիս է, ինչ զբաղված են բացա­ռա­պես իմ կողմնա­կիցների նկատմամբ իրականացվող անօրի­նական գործողություններով: Հա­զար­ների է հասնում այն քաղաքա­ցի­ների թիվը, ովքեր կանչվել են ոստի­կանատներ եւ ճնշումների ենթարկվել ինձ աջակցելու, մասնավորապես, իմ կազմակերպած հան­րահավաքներին մասնակցելու համար: Սպառնալիք­նե­րը, ահաբեկումները, թռուցիկներ պոկե­լը, խաղաղ երթերի խափանումը, ապ­օրի­նի գաղտնալսումներն ու խու­զար­կու­թյուն­ները, ֆիզիկական ուժի կիրա­ռումը դարձել են ոստիկանության եւ անվտան­գու­թյան ծառայության, եթե ոչ միակ, ապա գլխավոր գործելակերպը: Գործի են դրվել նաեւ հարկային տես­չության եւ դատական համակարգի բոլոր լծակները՝ Շարժման ակտի­վիստ­­ների քաղաքական գործունեությունը կաշկանդելու նպատակով: Ռեպրեսիվ ռե­սուր­սի օգտագործման ամենացցուն օրինակներն են՝ հոկտեմբերի 23-ի ոս­տիկանական պրովոկացիան, Նարեկ Գալստյանի դեմ կիրառված բռնությունը, «Սիլ-գրուպ» ընկերու­թյու­նում եւ «ԳԱԼԱ» հեռուստակայանում սանձազերծված հարկային տեռորն ու դատա­կան քաշքշուկը, «Չորրորդ իշխա­նություն» թերթի խմբագրատան պայթե­ցումը, ինչպես նաեւ մարդկանց ստի­պողաբար աշխատանքից ազատելու արդեն իսկ արձանագրված տասնյակ դեպքերը:
  4. Քրեական ռեսուրս. Ինչպես նա­խորդ ընտրությունների ընթացքում, քո­չար­յանա-սերժական ռեժիմը այս ան­գամ եւս չի խորշում թաղային հեղի­նակությունների եւ քրեական տարրերի կարողությունների օգտագործումից: Առ­կա ռեսուրսը, թերեւս, բա­վարար չհամարելով, իշխանություններն անցած ամիսներին բանտերից վաղա­ժամկետ ազատել են բազմաթիվ մեղադրյալների ու դատապարտյալ­ների, որոնք այդ շնորհը, բնականաբար, պիտի հատուցեն առաջիկա ընտրու­թյուն­ների ընթացքում մատուցելիք հա­մապատասխան ծառայություններով: Քրեա­կան տարրերին սովորաբար վստահվում են ընդդիմության ներկա­յացուցիչների եւ հանրային միջոցա­ռում­ների դեմ ուղղված ամենակեղտոտ գործերը՝ սկսած ահաբեկումներից ու բռնարարքներից, վերջացրած պրո­վո­կա­ցիաներով ու զանգվածային անկար­գություններով: Նրանց վրա է դրված նաեւ մեկուսարաններում ու կալանա­վայրերում գտնվող մարդկանց միջոցով վերջիններիս հարազատների վրա ազ­դե­լու ու քաղաքականապես «կողմնորո­շե­լու» պատաս­խա­նա­տվությունը: Թա­ղա­յին հեղինակություններին ու քրեական տարրերին զգալի դերա­կա­տարություն է վերապահված նաեւ ընտրությունների վերջնական փուլում, մասնա­վորա­պես, քաղաքացիներին կազ­մակերպված կերպով ընտրատեղա­մասեր տեղափոխելու եւ նրանց ձայնը հարկադրանքով կամ կաշառքով կոր­զելու գործում:
  5. Պառակտողական ռեսուրս. Այս հասկացության տակ ես նկատի ունեմ իշ­խա­նու­թյուն­ների կողմից ընդդիմու­թյան շարքերը ջլատելուն ուղղված, թեեւ պարզունակ, բայց վտանգավոր քայլերը, մասնավորապես, շինծու կամ դրածո թեկնածուների առա­ջա­դրու­մը: Նախընտրական այս տեխնոլոգիան հե­տապնդում է երկու ակնհայտ նպատակ. առա­ջին՝ պաշտոնական քարոզարշավի կանոնակարգով այդ թեկնածուներին հատկաց­ված եթերաժամերն օգտա­գոր­ծել ի նպաստ իշխանության ներկայա­ցուց­չի, եւ երկրորդ՝ հնարավորության սահմաններում ցրել ընդդիմության ստա­ցած ձայները՝ ընտրակեղ­ծիք­ները թաքցնելու եւ հիմնական մրցակցի հաղ­թանակը թույլ չտալու համար: Դրածո թեկնածուների շարքում ես ամենեւին նկատի չունեմ Հայ Հեղափոխական Դաշ­նակ­ցու­թյան եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ունենալով իրենց կայուն ընտ­րազանգվածը, պայքարի են ելել հստակ գաղափարական նպատակ­ներով: Խոս­քը, ինքնըստինքյան հասկանալի է, վե­րաբերում է որոշ տխրահռչակ անձնա­վորությունների, ովքեր նույնպիսի չա­րա­բաստիկ դերակատարություն են ունե­ցել մաս­նա­վորապես 1998 եւ 2003 թվականների ընտրություններում, ակն­հայ­տորեն գործելով հաղթող թեկ­նա­ծուներ Կարեն եւ Ստեփան Դեմիրճ­յանների դեմ, եւ վերջին հաշվով, նպաս­տելով Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի կայացմանն ու ամրա­պնդ­մա­նը: Կարծում եմ, մեր հասարա­կու­թյունը հաշվի կառնի այդ դառը փորձը եւ այլեւս չի խաբվի նման մարդկանց քաղաքական աճպարարություններից, ինչպիսի ամբո­խավա­րական հնարքնե­րով էլ քողարկված լինեն դրանք:
  6. Ապատեղեկատվական ռեսուրս. Հայաստանի իշխանությունները վերջին շրջա­նում, միջոցներ չխնայելով, հար­ցումներ են պատվիրում արտասահ­մանյան սոցիոլո­գիա­կան կենտրոն­նե­րին եւ հրճվում դրանց արդյունքներով, որոնց համաձայն՝ Սերժ Սարգսյանին իբր պատրաստ է ձայն տալու հարց­վածների շուրջ 30 տոկոսը, իսկ ինձ՝ ընդամենը 2 թե 6 տոկոսը: Ես հիմքեր չունեմ կասկածելու արտասահմանյան այդ հաս­տատությունների անաչառու­թյանը, սակայն չեմ կարող չնշել տա­րակուսանք առա­ջաց­նող երկու հան­գամանք: Առաջին. հարցվածների մոտ 60 տոկոսը հրաժարվում կամ վա­խե­նում է արտահայտել իր կարծիքը, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր չեն քվեար­կելու Սերժ Սարգսյանի օգտին, այլապես վախենալու պատճառ չպիտի ունենային: Եւ երկ­­րորդ. եթե Սարգսյա­նի եւ իմ վարկանիշներն իսկապես հա­մապատասխանում են իրա­­կանու­թյա­նը, ապա բոլորովին հասկանալի չէ, թե ինչով պետք է բացատրել իշ­խանու­թյուն­ների սանձազերծած անզուսպ ու տենդագին քարոզարշավն իմ դեմ, ինչ­պես նաեւ իմ կողմնակիցների նկատ­մամբ կիրառվող անօրինական գործո­ղություններն ու բռնա­րարքները, հան­րահավաքները խոչընդոտելու կոպիտ փորձերը, մեր գործու­նեու­թյան լիակա­տար տեղեկատվական շրջափակումը, եւ վերջապես, ոստիկանությանը թռու­­ցիկներ պոկելու նվաստացմանը են­թարկելու ու ծաղրուծանակի առարկա դարձ­նե­լու փաստը: Մի՞թե պարզ չէ, որ հրապարակված վարկանիշների իսկու­թյան պարագա­յում նման ջղաձգու­թյուն­ների կարիք չպետք է զգացվեր, եւ Սերժ Սարգսյանն ընտրու­թյունների պիտի գնար դհոլզուռնայի ու փողային նվագախմբի ուղեկցությամբ: Այս ամե­նից միանշանակորեն հետեւում է միայն մեկ բան, այն է՝ վարչախումբը չի հավատում իր իսկ պատվիրած սոցիո­լոգիական հարցումների արդյունք­նե­րին, ինչից էլ, ահա, նրա նյար­դային վիճակն ու խուճապահար պահվածքը: Սակայն, չնայած դրան, իշխա­նու­թյուն­­ներն, այնուամենայնիվ, մեծ հույսեր են կապում այդ հարցումների հետ՝ դրանք դի­տե­լով որպես արտասահմանյան հաստատությունների հեղինակությամբ իրենց ծրա­գրած ընտրակեղծիքներն արդարացնելու վստահելի միջոց:

Համաժողովրդական Շարժման ռեսուրսները

Ի տարբերություն իշխանություննե­րի, որոնց բոլոր թվարկված ռեսուրս­ների օգտա­գործ­ման իրողությունն, ան­խտիր, օրենքի կոպիտ ոտնահարման տարր է պարունակում, Հայաստանում ձեւավորված նոր համաժողովրդական Շարժումը որդեգրել է բաց, հրա­պա­րակային գործունեության մարտավա­րու­թյուն՝ հիմնված իրավագիտակ­ցու­թյան, ժո­ղովրդա­վարության եւ քաղա­քա­ցիական հասարակության համընդ­հանուր սկզբունք­նե­րի վրա: Շարժման սոցիալական բազան ժողովրդական լայն զանգվածներն են, մասնա­վո­րա­պես, հասարակության ընչազուրկ հատ­վածը, գյուղացիությունը, միջին խա­վը ներ­կայացնող գործարարներն ու մտա­վորականները, ինչպես նաեւ ստո­րին օղակների պե­տական պաշտոնեու­թյու­նը, մի խոսքով՝ վարչախմբից դժգոհ ողջ ընտրազանգվածը: Մեր խնդիրն է, արդ, առավելագույնս մոբիլիզացնել այդ ուժե­րը՝ Հայաստանի ներկա ավազա­կա­պե­տական ռեժիմի վերարտադրությունը վիժեցնելու նպատակով:

Ընտրական գործընթացի առաջին փուլում, սեպտեմբերի 21‑ից մինչ օրս, մեզ հա­ջողվեց այդ ուղղությամբ հսկա­յական աշխատանք կատարել եւ հաս­նել այնպիսի տպա­վորիչ արդյունքների, որոնք անակնկալ էին մեր ողջ հա­սարակության համար: Հարկ եմ համա­րում հատկապես կանգ առնել դրանցից հետեւյալ չորսի վրա.

  1. Աջակից ուժերի համախմբումը. Շարժման ամենամեծ նվաճումն, ան­տա­րակույս, բազմաթիվքաղաքական կուսակցությունների եւ հասարակա­կան կազմակեր­պու­թյուն­նե­րի համա­խմ­բումն է իմ թեկնածության շուրջ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, նրանց միավորում է ոչ թե իմ անձի նկատ­մամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներ­կա ավազակապետական վարչախմբի լու­ծը թոթափելու եւ երկրի սահ­մանա­դրական կարգը վերականգնելու հրա­մա­յա­կանը: Ինձ սատարող քաղաքա­կան ուժերի կորիզը կազմում են՝ Ստե­փան Դեմիրճյանի առաջնորդած «Հա­յաս­տա­նի ժո­ղովրդա­կան կուսակցու­թյունը», Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն կու­սակցությունը» եւ Արարատ Զուրաբյանի ղեկավարած «Հայոց համազգային շար­ժու­մը»: Համա­ժողովրդական նոր Շարժմանը միացած մյուս քաղաքական ուժերն են՝ «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցու­թյունը» (ղեկավար՝ Լյուդմիլա Սարգս­յան), «Ժող­ովրդա­կան ուղի կուսակցու­թյունը» (նախագահ՝ Մանուկ Գասպար­յան), «Հայաստանի մարքսիստական կուսակցությունը» (նախագահ՝ Դավիթ Հակոբյան), «Պահպանողական կուսակ­ցու­թյունը» (նախագահ՝ Միքայել Հայ­րա­պետյան), «Ազատություն կուսակ­ցու­թյու­նը» (նախագահ՝ Հրանտ Բագ­րատ­յան), «Ժողովրդավարական հայրե­նիք կուսակցու­թյու­նը» (նախագահ՝ Պետ­րոս Մակեյան), «Հայաստանի առա­ջա­դիմական ազատական կու­սակ­ցու­թյու­նը» (նախագահ՝ Հովհաննես Հով­հան­նիս­յան), «Քրիստոնեա-ժողովրդա­վա­րա­կան վերածնունդ կուսակցու­թյու­նը» (նախագահ՝ Մկրտիչ (Սոս) Գիմիշ­յան), «Հայոց հայրենիք կուսակցու­թյու­նը» (նախագահ՝ Արշակ Բակլաչյան), «Մարդու իրավունքներ-96 կուսակցու­թյունը» (նախագահ՝ Ռուբեն Թորոս­յան), «Երրորդ հանրապետություն կու­սակցությունը» (նախագահ՝ Կարեն Դավթյան), «Հայրենիք եւ պատիվ կուսակցությունը» (նախագահ՝ Գառնիկ Մարգարյան) եւ «Այլընտրանք հասարա­կա­կան-քաղա­քական նախաձեռնու­թյու­նը» (համակարգող՝ Նիկոլ Փաշին­յան):

Բացի այդ, իմ թեկնածությունը պաշտ­պանելու վերաբերյալ պաշտոնա­կան հայ­տա­րարություններով հանդես են եկել նաեւ հետեւյալ հասարակական կազմակեր­պություն­ները՝ «Ազատու­թյան փարոս» (նախագահ՝ Սամվել Ավետիսյան), «Համաձայնություն» (նա­­խա­գահ՝ Դավիթ Շահնազարյան), «21-րդ դարի առաջնորդների ֆորում» (նա­խագահ՝ Գա­յանե Սարգսյան), «Երիտա­սարդ պահպանողականներ» (նախա­գահ՝ Տիգրան Խա­չատրյան), «Հասարա­կու­թյունն ընդդեմ ահաբեկչության» (նա­խագահ՝ Տիգրան Հակոբ­յան), «Իրա­վունքի եւ ազատության կենտրոն» (նախագահ՝ Վարդան Հարությունյան), «Համագործակցություն եւ ժողովրդա­վա­րություն» (նախագահ՝ Գագիկ Ավագ­յան), «Բազ­մա­կարծիքային կենտ­րոն» (նախագահ՝ Ռուբեն Թորոսյան) եւ «Գործարար կին» (նա­խա­գահ՝ Անահիտ Սարգսյան): Շարժմանն իրենց անվերա­պահ աջակցությունն են հայտնել նաեւ հազարավոր ազատամարտիկներ եւ «Երկրապահ կամավորականների միու­թյան» տասնյակ տեղական կառույցներ:

Ոչ մի այլ թեկնածուի շուրջ այսքան բազմաքանակ եւ այսքան ազդեցիկ ուժեր չեն համախմբվել, ինչը թույլ է տալիս խոսել եթե ոչ անգամ ընդդի­մության միասնական թեկ­նածուի, ապա առնվազն վարչախմբին հակադիր հստակ բեւեռի ձեւավորման մա­սին: Միան­գամայն ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմ­նա­կան պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ: Այս տե­սակետն, ի դեպ, ար­դեն իսկ տիրապե­տող է ինչպես ներհանրապետական, այնպես էլ արտասահմանյան քա­ղաքա­գետների ու վերլուծաբանների հրապա­րակումներում: Վարչախմբին հակադիր բեւեռի ձեւավորումն, ըստ այդմ, պետք է համարել ընտրական գործընթացի ան­ցած փու­լի ամենանշանակալից քաղա­քա­կան արդյունքը:

  1. Զանգվածային հանրահավաքների անցկացումը. Կարճ ժամանա­կահատ­վա­ծում համաժողովրդական Շարժմանը հաջողվեց Երեւանի Ազատության հրա­պարակում կազ­մակերպել երեք զանգ­վածային հանրահավաք, որոնց իրենց մասնակցությունը բերե­ցին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրա­պե­տության մարզերի բազմահազար բնա­կիչներ: Ըստ ամենահամեստ գնահա­տա­կանների՝ հոկտեմբերի 26-ի, նոյեմ­բերի 16-ի եւ դեկտեմբերի 8-ի հան­րա­հավաքներին ներկա են գտնվել հա­մա­պատասխանաբար՝ վաթ­սուն, ութսուն եւ իննսուն հազար քաղաքացիներ: Պետական մարմինները, բնականա­բար, շատ ավելի նվազ թվեր հայտա­րա­րեցին, իսկ իշխանությունների վերա­հսկո­ղու­թյան տակ գտնվող էլեկտրո­նային լրատվամիջոցները կա՛մ ընդհան­րապես լռեցին, կա՛մ էլ աղավաղված ու ստահոդ լուրեր արձակեցին այդ հան­րա­հավաքների մասին: Ոչ ոք չժխտեց, սակայն, որ դրանք 2003 թ. ընտրու­թյուններից հետո ընդդիմության կազ­մա­կերպած ամենահուժկու քաղաքական միջոցառումներն էին: Ինքնըստինքյան հասկա­նա­լի է, որ վեր­ջին տարիների համար աննախադեպ այդ քաղաքացիական ակտիվու­թյու­նը չէր կարող չանհանգստացնել իշխանու­թյուն­նե­րին: Ուստի հանրահավաքները խափանելու կամ գոնե դրանց մասնա­կիցների թիվը նվազեցնելու նպատա­կով նրանք, չխորշելով ոչ մի միջոցից, դիմեցին բացահայտ օրինազանցու­թյուն­ների ու բռնարարք­ների: Շուրջ երկու ամիս հանրապետության ոստի­կանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը եւ տեղական ինքնակառա­վար­ման մարմինները զբաղված էին բացառապես հանրահավաքների իրա­զեկ­մանը խոչընդոտելու, թռուցիկներ պո­կելու, Շարժման ակ­տիվիստների նկատ­մամբ ճնշումներ ու բռնություններ կիրառելու ապօրինի գործով: Այս ամե­նով հանդերձ, իշխանությունները չհա­սան իրենց ակնկալած նպատակին: Մար­դիկ չահաբեկվեցին, չընկրկեցին բիրտ ուժի առջեւ: Ընդհակառակը, թեր­եւս նաեւ ի հակազ­դեցություն դրա, ցու­ցարարների շարքերը հանրահավաքից-հանրահավաք ավելի ստվա­րացան: Սա միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ժողովրդի համբերության բաժակն ար­դեն լցված է եւ, որ Հայաստանի քաղա­քա­ցիների մի զգալի մասը վերջնա­կա­նապես հաղթահարել է երկրում տիրող վախի մթնոլորտը: Հետեւաբար, մենք ականա­տեսն ենք մի այնպիսի հուսա­դրիչ իրողության, որն ընտրությունների միջոցով իշխանա­կան ավազակախմբից ազատվելու ամենաանհրաժեշտ գրա­վա­կանն է:
  2. Տեղեկատվական շրջափակման հաղթահարումը. Կասկած չկա, որ մին­չեւ 2008 թ. հունվարի 20-ը մեզ համար այդպես էլ փակ են մնալու Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների զրա­հա­պատ դռները, որոնց ետեւում բարի­կադավորված են վար­չախմբի աչալուրջ պահապանները: Կասկած չկա նաեւ, որ այդ ընթացքում ողջ պե­տական մեքե­նան միեւնույն կամ, գուցեեւ, ավելի մեծ թափով շարունակելու է գեբելսյան ավան­դույթների վրա հիմնված իր քա­րոզչությունն ու հակաքարոզչությունը: Այնուամե­նայնիվ, վիճակն այնքան էլ ան­մխիթարական չէ, որքան թվում է առաջին հայացքից: Շարժման ղեկավա­րության հմտության եւ ակտիվիստների ջանասիրության շնորհիվ մեզ, ըստ էու­թյան, հաջողվել է հաղթահարել տեղեկատվական այդ շրջափակումը, եւ վարչախմբի գռեհիկ քարոզչությանը հա­կադրել մեր անհամեմատ ավելի արդյու­նավետ քարոզչությունը: Ես նկատի ունեմ, առաջին հերթին, հան­րահավաքներում հնչած ելույթ­ների տե­սա­սկավառակների բազմացումն ու տա­րա­ծումը, որոնց ընդհանուր տպա­քա­նակն անցնում է 100 հազարից: Շարժման հազարավոր անդամների կող­մից այդ տեսա­սկավառակները կազ­մակերպված կերպով ցրվում են ողջ հանրապետությունով մեկ՝ հասանելի դառնալով ավելի քան կես միլիոն մար­դու: Տվյալ միջոցով մենք փաստորեն ստեղ­ծել ենք մեր սեփական հեռուստա­տեսությունը, ինչի համար երախ­տա­պարտ պետք է լինենք Բիլ Գեյթսին: Բացի դրանից, մասնավորապես իմ ելույթների հայերեն բնա­գրերն ու նրանց անգլերեն եւ ռուսերեն թարգ­մանությունները գրքույկների տեսքով տպա­գրվում են տասնյակ հազարների հասնող տպաքանակով՝ նույնպես արա­գորեն տա­րածվելով հասարակու­թյան բոլոր շերտերում: Եթե սրան գու­մարենք նաեւ Շարժման գաղափարա­կիր կամ համակիր թերթերի՝ «Հայկա­կան ժամանակի», «Հայքի», «Չորրորդ իշ­խանության», «Ժամանակ Երեւանի» եւ «Տարեգրի» հրապարակումները, ինչ­պես նաեւ իմ անունով բացված ին­տեր­նետային կայքի նյութերը, ապա դժվար է ասել ով ում պիտի նախանձի՝ իշխա­նություննե՞րը մեզ, թե՞ մենք իշխանու­թյուններին: Դրա հետ մեկտեղ, հասկա­նալի է, որ մենք չպետք է բավարարվենք ձեռք բերվածով, այլ ընդհակառակը, պետք է ավելի եւս լարենք մեր ջան­քերը՝ վերը նշված քարոզչական հնա­րա­վորու­թյուն­ներն առավելագույնս օգ­տա­գործելու ուղղությամբ, քանի որ բա­ցի հանրահավաքներից, տեսասկավա­ռակ­ներից, գրքույկներից ու թերթերի հրա­պարակումներից, մենք առայժմ ժո­ղովրդի հետ անմիջականորեն հաղոր­դակցվելու այլ միջոց չունենք:
  3. Ավազակապետական համակար­գի մերկացումը. Թեեւ վերջին տաս տա­րիների ընթացքում շատ քննադատու­թյուն է հնչել Հայաստանի ներկա իշխա­նությունների հաս­ցեին, սակայն մինչեւ այս աշուն, նրանց ձեւավորած ավազա­կապետական համակարգի էությունը չէր բացահայտվել, եւ մեր հասարա­կությունը փաստորեն լիովին անտեղ­յակ էր, թե ինչպիսի երկրում է ապրում: Մարդիկ դժգոհում էին ամեն ինչից՝ սոցիալական վիճակից, գների աճից, դոլարի կուրսի անկումից, չդադարող արտագաղթից, խոսքի ազա­տության սահմանափակումներից, մարդու իրա­վունք­ների խախտումներից, պետական պաշտոնյաների կամայականություն­նե­րից, կաշառակերությունից, հովանա­վոր­չությու­նից, մաքսային եւ հարկային ծառայությունների սանձարձա­կությու­նից, ոստիկա­նու­թյան ապօրինի գործո­ղություններից, դատարանների եւ դա­տախազության կողմնա­կա­լու­թյու­նից, քրեա­կան հանցագործությունների աճից եւ այլն, բայց ըստ էության, չէին ըմբռ­նում, թե որն է այդ արատավոր երե­ւույթների պատճառը: Ընդ որում, օբյեկ­տիվորեն չէին էլ կա­րող դա ըմբռնել, որովհետեւ պետության լիակատար վերահսկողության տակ գտնվող էլեկտ­րո­նային լրատվամիջոցները, որոնք հա­սարակական կարծիքի ձեւավոր­ման ամե­նաազդեցիկ գործիքներն են, տասը տարի շարունակ գրեթե բացարձա­կա­պես անտեսել են նշված երեւույթները եւ ժողովրդին իրականության բոլորո­վին այլ պատկեր ներկայացրել: Եթե դատելու լինենք մեր հեռուստա­տեսու­թյունից, ապա մենք ապրում ենք ծաղ­կուն, բարգավաճող, լուրջ տնտեսական նվաճումներ արձանագրող, իրավա­կան, ժողովրդա­վա­րական, քաղաքա­կիրթ մի երկրում, որի հոգսերով տառա­պող պետա­կան պաշտոնյաները գիշեր-ցերեկ մտածում են ժողովրդի բարօրու­թյան մասին՝ ձեռքի հետ էլ ժապա­վեն­ներ կտրում, շքանշաններ բաժանում, տոնախմբություններ ու համերգ­ներ կազմակերպում, ստեղծելով խրախ­ճան­քի, լավատեսության ու անհոգու­թյան երա­զային մի մթնոլորտ:

Ընդամենը երեք զանգվածային հան­րահավաքների հետեւանքով, որոնցում լիովին բացահայտվեց Հայաստանի ներ­կա ավազակապետական համա­կար­գի էությունը, իշ­խա­նական քարոզ­չամեքե­նայի տասը տարվա աշխա­տանքը, կա­րելի է ասել, մեկ օրում ջուրը թափվեց: Ժողովուրդն առաջին անգամ հնարա­վո­րություն ստացավ ծանոթա­նալու ողջ ճշմարտությանը, այդպիսով որոշ չա­փով հագեցնելով իր երկար­ամյա տեղե­կատվական քաղցը: Հանրա­հավաք­ների, ինչպես նաեւ մեր տարա­ծած գրքույկների եւ տեսասկավառակ­ների նկատմամբ առկա արտասովոր հետաքրքրությունը մասամբ պետք է բացատրել, ահա, այդ տեղեկատվական քաղցով: Հասարակական կարծիքի ձե­ւավորման այս նոր մթնոլորտի ազդե­ցությամբ՝ պետական քարոզչամեքենան հայտնվեց կաթվածահար վիճակում, որի բացահայտ ախտանիշներն են նրա անկազմակերպ, հախուռն ու գռեհիկ հեռարձակումները: Ստի, կեղծիքի, ապա­տե­ղեկատվության վրա հիմնված քարոզչությունն այլ վախճան չէր կարող ունենալ: Վերջին հաշվով, ավազակա­պե­տական համակարգի մերկացումն էր այն գլխավոր գործոնը, որն առաջացրեց հասարակական կարծիքի վճռորոշ բեկումը:

Ամփոփելով կարճատեւ շրջանում Շարժման անդամների կատարած հս­կա­յա­ծա­վալ աշխատանքը, կարծում եմ, լուրջ հիմքեր կան պնդելու, որ ընտրական գործընթացի առաջին փուլն ավարտվեց վարչախմբի դեմ տարած մեր փայլուն հաղթանակով: Դրա ան­ժխտելի վկայությունը ուժերի հարա­բե­րակցության կտրուկ փոփոխության վրա հիմն­ված քաղաքական այն նոր իրավիճակն է, որն անհնար էր պատ­կերացնել թեկուզ երեք ամիս առաջ: Տվյալ իրավիճակը միաժամանակ այն հուսալի հենակետն է, որի վրա պետք է խարսխվի բազմապատիկ ավելի ար­դյու­նա­վետ մեր հետագա աշխատանքը:
Ընտրական գործընթացի հաջորդ փուլի խնդիրները

Կարելի է ասել, այսօրվանից սկս­վում է ընտրական գործընթացի հա­ջորդ՝ վճռա­կան փուլը, որի խնդիրների հստակեցմանն էլ նվիրված է, ահա, սույն ներկա­յացուց­չա­կան համաժո­ղո­վը: Դրանք, բնականաբար, իրենց բնույ­թով որոշակիորեն տարբեր­վելու են առա­ջին փուլում իրականաց­ված խն­դիր­ներից, քանի որ թելադրված են բո­լորովին այլ պահանջներով ու մար­տահրավերներով: Եթե առաջին փու­լում մեր աշխատանքը սահ­մա­նա­փակ­վում էր հանրահավաքների կազ­մակերպ­մամբ եւ դրանց տպագիր ու տեսա­հոլո­վակային նյութերի տարած­մամբ, նպա­տակ հետապնդելով համա­պա­տասխան հա­սա­րակական կարծիք ձեւավորել, ապա առաջիկայում, կար­ծում եմ, հստակ ուշա­դրու­թյուն պետք է դարձնել կազմակերպչական հարցերի եւ քա­րոզչական դաշտի ընդլայն­ման վրա: Կազմակերպչականի տակ ես, առա­ջին հերթին, նկատի ունեմ հետեւ­յալ հրա­տապ խնդիրները.

  1. Կենտրոնական նախընտրական շտաբի ստեղծումը. Շարժման ակտի­վիստների գոր­ծունեությունը կազմա­կերպելու եւ համակարգելու կոչված այդ մարմինը ձեւա­վոր­վելու է օրենքով սահմանված ժամկետներում՝ ունենա­լով մոտավորապես հետեւյալ կառուց­վածքը.

– Շտաբի պետ, որի նշանակումը գտնվում է իմ իրավասությունների շր­ջա­նակում, ըստ այդմ, քննարկման են­թակա չէ, ինչը չի նշանակում, անշուշտ, որ ես բացառում եմ դրա հետ կապված խորհրդակցությունների անցկացում:

– Քաղաքական խորհուրդ, որի կազ­մում ընդգրկվելու են իմ թեկ­նածության պաշտ­պանությամբ հանդես եկած կուսակցությունների առաջնորդ­ները կամ նրանց ներկա­յա­ցուցիչները: Խորհրդի իրավասությունը նախընտ­րա­կան քարոզարշավի ընդհանուր ռազ­մավարության մշակումն ու ինձ սատարող ուժերի գործունեության հա­մակարգումն է: Քա­ղաքական խորհրդի նիստերը հրավիրելու եւ վարելու է նախընտրական շտաբի պետը:

– Գործադիր մարմին՝ կազմված գլխավորապես առայսօր գործող «Տեր‑Պետ­րոս­յա­նի առաջադրման քա­ղա­քացիական նախաձեռնության գրա­սեն­յակի» աշխատակից­նե­րից, որոնց ուսերին էր դրված ընտրական գործ­ընթացի առաջին փուլի բոլոր միջո­ցա­ռում­­ների կազմակերպումը՝ պարտա­կա­նու­թյուն, որ նրանք կատարեցին փայլուն կեր­պով: Դա հիմք է տալիս նրանց օժտելու նաեւ մեր Շարժման հետագա գործո­ղու­թյուննե­րը ղե­կավա­րելու լայն լիազորություններով:

– Աշխատանքային բաժանմունք­ներ, որոնցում, ըստ ունակությունների եւ նպա­տա­կահարմարության, ներկա­յաց­ված են լինելու համաժողովրդական Շարժման մեջ ընդ­գրկ­ված բոլոր կու­սակցությունների եւ հասարակական կազ­մակերպությունների ան­դամ­նե­րը, ինչ­պես նաեւ պրոֆեսիոնալ հիմունք­ներով ընտրված բազմաթիվ մաս­նա­գետ­ներ: Նա­խա­տեսվում է, մասնավո­րապես, ստեղծել հետեւյալ բաժան­մունք­ները՝ լրատ­վա­կան, ին­տեր­նե­տա­յին, քարոզ­չական, վերլուծական, հրա­տա­րակ­չա­կան, արտաքին կապերի եւ այլն:
Քանի դեռ Կենտրոնական շտաբը ստեղծված չէ, մեր գործունեության մեջ զգաց­վե­լու է աշխատանքների կազմա­կերպման ու համակարգման որոշակի պակաս, ծագելու են ինչ-ինչ անհա­մաձայնություններ ու թյուրիմացու­թյուն­ներ, որոնք, սակայն, վստահ եմ, լիովին կվերանան, երբ այդ կարեւոր կառույցը, վերջապես, սկսի գործել:

  1. Տարածքային գրասենյակների ձե­ւա­վորումը. Մենք ծրագրել ենք այդ­պիսի գրա­սեն­յակներ բացել Երեւանի բոլոր համայնքներում, Գյումրիում, Վա­նաձորում, ինչպես նաեւ Հայաստանի նախկին շրջանային կենտրոններում ու քաղաքատիպ ավաններում: Թեեւ այդ ուղղությամբ աշխատանքը վաղուց սկս­վել է, եւ շուրջ մեկ տասնյակ այդպիսի գրա­սենյակներ արդեն իսկ գործում են, սակայն տվյալ բնագավառում ձեռք­բեր­ված ար­դյունք­ներն առայժմ գոհացուցիչ չեն կարող համարվել: Ուստի Շար­ժումն իր առաջ­նահերթ խնդիրը պետք է համարի մինչեւ Նոր տարի ավարտին հասցնել այդ կարեւո­րագույն գործը:

Տարածքային գրասենյակները կոչ­ված են իրականացնելու հետեւյալ հիմ­նական գործառույթները.
– Կենտրոնական շտաբից ստաց­ված հրահանգների, ազդագրերի, հրա­տա­րա­կու­թյունների, տեսանյութերի, մա­մուլի հրապարակումների արագ եւ կազմակերպված տա­րա­ծումը՝ այն հաշ­վով, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի անտեղյակ չմնա մեր գա­ղա­փարներին ու ծրագրերին.

– Շարժման մասնակից բոլոր քա­ղաքական կուսակցությունների եւ հա­սա­րա­կա­կան կազմակերպությունների տեղական կառույցների ողջ ներուժի օգտագործումը.

– Ամենօրյա քարոզչության եւ գյուղից-գյուղ, շենքից-շենք, տնից-տուն այցելու­թյուն­ների միջոցով Շարժման կողմնակիցների եւ համակիրների շրջանակի ընդլայ­նումը.

– Յուրաքանչյուր գյուղում, յուրա­քանչյուր փողոցում, յուրաքանչյուր շեն­քում քա­րո­զիչների եւ համակիրների բջիջների ստեղծումը.

– Ակտիվ մասնակցությունը ընտ­րա­ցուցակների կազմման եւ ճշգրտման գործում.

– Իշխանությունների կողմից ընտ­րա­կան օրենքի խախտումների եւ այլ օրինա­զան­ցությունների արձանա­գրումն ու դրանց հիման վրա կազմված տեղեկանքների ներկա­յացումը Կենտ­րո­նական շտաբ.

– Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանության, ան­վտան­գության ծառայության, հար­կա­յին տեսչության, տեղական ինքնա­կա­ռավարման մար­մին­ների, թաղային հեղինակությունների եւ քրեական տար­րերի ոտնձգություններից.

– Եւ վերջապես, ընտրություննե­րի օրը տեղամասերում ընդհանուր վե­րահսկո­ղու­թյան եւ դիտորդական առա­քելության իրականացումը:

Տարածքային գրասենյակներին կա­րե­ւոր դեր է վերապահված նաեւ վստահված անձանց ինստիտուտի ձե­ւա­վորման, ինչպես նաեւ մարզային, շրջանային, համայնքային հանրահա­վաքների եւ քարոզչական այլ միջոցա­ռումների կազմակերպման գործում:

  1. Մարզային հանրահավաքների կազմակերպումը. Առաջիկա երկու ամիս­ների ըն­թացքում ես ծրագրել եմ հատուկ ժամանակացույցով այցելել հան­րապետության մարզեր եւ նրանցից յուրաքանչյուրում առնվազն մեկական խոշոր հանրահավաք կամ դահ­լի­ճային հանդիպում անցկացնել: Նույնպիսի միջոցառումներ են նախատեսված նաեւ մայ­րաքաղաքի բոլոր համայնքներում: Բացի այդ, ես կաշխատեմ նաեւ՝ Շարժման ղեկա­վա­րության ուղեկցու­թյամբ եւ քարոզչական ավտոերթերով, լինել որքան հնարավոր է շատ գյու­ղական բնակավայրերում՝ ժողովր­դի հետ ավելի անմիջականորեն շփ­վելու եւ նրանց առ­օրյա հոգսերին ծա­նո­թանալու նպատակով: Այդ շրջագա­յու­թյունների ընթացքում, բնա­կա­նա­բար, կայցելեմ նաեւ տարածքային գրասեն­յակներ՝ կարճ խորհրդակցու­թյուն­ներ անցկացնելով նրանց աշխատա­կազ­մե­րի եւ տեղական ակտիվիստների հետ: Մար­զե­րում հանրային միջոցառում­նե­րի կազմակերպման եւ անցկացման խնդի­րը դրվելու է Կենտրոնական շտա­բի եւ տարածքային գրասենյակների վրա: Քարոզարշավն ավարտ­վելու է՝ փետրվար ամսին, Երեւանի Ազատու­թյան հրապարակում, ծրագրված առ­նվազն երկու զանգվածային հանրահա­վաք­ներով:
  2. Վստահված անձանց ինստի­տու­տի եւ դիտորդների դասի ձեւավորումը. Վստահ­ված անձանց ինստիտուտում պետք է ընդգրկվեն ինչպես անվանի մարդիկ՝ քաղա­քա­կան գործիչներ, մտա­վորականներ, գիտնականներ, արվեստագետներ եւ այլն, այնպես էլ ընտրությունների վերահսկման փորձ ունեցող մասնագետներ: Վստահված ան­ձանց թեկնածությունները պետք է քննարկվեն տարածքային կառույցնե­րում եւ հաստատվեն Կենտրոնական շտաբի համաձայնությամբ: Ինչպես Կենտ­րոնական շտաբում, այնպես էլ տարած­քային գրասենյակներում վս­տահ­ված անձանց համար անհրաժեշտ է կազմա­կերպել մեթոդական կարճա­տեւ դասընթացներ՝ բացատրելու հա­մար նրանց իրա­վունք­ներն ու պարտա­կանությունները: Ինչ վերաբերում է դիտորդների դասին, ապա անհրա­ժեշտ է այդ հարցում սերտորեն համագոր­ծակցել նման առաքելության իրավունք ունե­ցող տեղական հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ:

Հասկանալի է, որ առաջիկա ամիս­ներին եւ մանավանդ պաշտոնական քարոզար­շավի ընթացքում հնարավոր են նաեւ այլ տիպի, երբեմն չնախա­տեսված, միջո­ցառումներ՝ համերգներ, երթեր, բողոքի ցույցեր, տարածաշրջա­նային ժողովներ եւ այլն:
Շարժման քարոզչության հիմնական ուղղվածությունը

  1. Մեր նախընտրական քարոզ­չու­թյան գլխավոր ուղղությունը լինելու է Հայաս­տա­նի ներկա ավազակա­պետա­կան վարչախմբի լիակատար մերկա­ցումն ու նրա վերար­տա­դրության ան­թույլատրելիության գիտակցության ար­մա­տավորումը: Շարժման յու­րա­քանչ­յուր անդամ պետք է կարողանա ժողովրդին բացատրել հակակշիռներից զուրկ պետական բուրգի վտանգա­վո­րությունը, օրենսդիր եւ դատական իշ­խա­նությունների անկախության կեն­սա­կան անհրաժեշտությունը, իրավա­կան պետության, ժողովրդա­վա­րական արժեքների, մարդու իրավունքների պաշտ­պանության կարեւորությունը, երկ­րում առկա հոռի երեւույթների՝ կաշառակերության, հովանավոր­չու­թյան, պաշտո­նեա­կան չարաշահում­նե­րի, տնտեսական մրցակցության բացա­կայության, սոցիալական վի­ճակի վատ­թարացման, հանցագործությունների աճի, արտագաղթի շարունակման, մշա­կույթի անկման, բարքերի արատա­վոր­ման պատճառները:
    Պատճառներից հիմնականը Ռո­բերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած թաթար-մոնղոլական տիպի պետական համակարգն է, որի գոյու­թյան իմաստը իշխա­նական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացման ապահովումն է՝ ի հաշիվ օտար զանգ­ված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի: Այդ համա­կարգի էությունն ու գործողության մե­խա­նիզմը ես հանգամանորեն ներկա­յացրել եմ դեկտեմբերի 8-ի հանրա­հա­վաքի իմ ելույթում, ուստի հարկ չեմ համարում ծավալվել դրա շուրջ: Իշխա­նության անսահմանափակ կենտրոնա­ցումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռ­քում ոչ միայն խարխլում է արդի տնտե­սագիտության, ժողովրդավա­րու­թյան, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտան­գում երկրի ապագան անգամ:

Հաջորդ ակնհայտ պատճառը իշխա­նությունների վարած արատավոր տն­տե­սա­կան քաղաքականությունն է, որում հիմնովին խախտված են շու­կայական տնտեսության երեք ամենա­գլխավոր սկզբունքները՝ հավասար հնա­րավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփա­կա­նության անձեռնմխելիության երաշ­խա­վորումը: Ինչպես արդեն նշել եմ, տնտեսական բնագավառում մեզ մոտ ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շու­կայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնա­զավթած փոքրա­թիվ անձանց կամքով ու հրահանգ­ներով: Պետության ամենաբարձր պաշ­տոն­յա­ների գրասենյակներում են որոշվում, մասնավորապես, սեփակա­նության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտո­նությունների շնոր­հման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, ար­տա­հանման եւ ներ­մուծ­ման քվոտա­ների սահմանման, ընդհուպ մինչեւ լի­ցենզիաների տրամադրման եւ հողա­հատկացումների ու շինարարական աշ­խատանքների թույլտվության հար­ցե­րը: Հայաս­տանի տնտեսության ամե­նա­կործանարար խեղումը նրա հա­մատարած մոնո­պոլիզա­ցիան է, ինչի պատճառով երկրի հարստության կե­սից ավելին հայտնվել է շուրջ 40 ըն­տանիքի ձեռքում: Ընդ որում, մոնոպո­լիզացիան առաջացել է ոչ թե բնական ճանապ­արհով, այլ հովանավորչության, հրահանգավորման, գործարարների համար անհավա­սար պայմաններ ստեղ­ծելու հետեւանքով, ինչն այլ կերպ, քան դիտավորյալ հանցա­գործություն չի կարելի որակել:

Եւ վերջապես, երրորդ նկատելի պատ­ճառը երկրի ներկա վարչախմբի իրակա­նաց­րած, մեղմ ասած, տարօրի­նակ, իսկ խստորեն արտահայտված, անճարակ արտաքին քա­ղաքա­կանու­թյունն է: Տասը տարի շարունակ Հայաս­տանի նախագահն ու արտաքին գործե­րի նախարարը՝ ընդհանուր դատարկա­բա­նու­թյուններից, հախուռն, կցկտուր, հակասական հայտարարություններից բացի, ժողովրդին արտաքին քաղաքա­կանության վերաբերյալ որեւէ հստակ վերլուծություն կամ փաստարկված ծրա­գիր չեն ներկայացրել: Ըստ էության, որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խն­դիր­ների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթա­հա­րումը, հաղորդակցության ուղիների շրջա­փակման վերացումը, Հայաստանի ներգրավումը միջազգային եւ տարա­ծա­շրջանային տնտեսական ծրագրե­րում, հայ-թուրքական հարաբերու­թյուն­ների կառու­ցումը եւ այլն: Տպա­վորություն է ստեղծվում, որ միջազ­գային հարաբերությունների բնագավա­ռում Հայաստանի իշխանություններն, իրենց անպատասխանատու վարքով, ավե­լի շատ խնդիրներ են հարուցել, քան փորձել հարթել դրանք:
* * *
2. Քարոզչության ընթացքում ժո­ղովրդի հետ պետք է խոսել պարզ, մատ­չելի, նրան հասկանալի լեզվով՝ խուսափելով տեսական դատողություն­ներից, մասնագիտական տերմինոլո­գիայից եւ ընդհանրական գնահատա­կաններից: Իշխանություններին հաս­ցեա­գրված քննադատությունը հիմնված պետք է լինի ոչ թե մերկապարանոց հայ­տա­րարությունների եւ հնչեղ որակ­ումների, այլ կոնկրետ փաստերի եւ հիմնավորված մեղադրանքների վրա: Նկատի ունենալով, որ հասա­րա­կու­թյան համար ամենա­անհան­դուրժելի երե­ւույ­թը կոռուպցիան է, ապա դրա դեմ պայ­քարը պետք է կարեւորագույն տեղ զբա­ղեցնի մեր նախընտրական քարոզ­չության մեջ: Մարդկանց ուշադրությունն ան­հրաժեշտ է սեւեռել հատկապես պետական մասշտաբի խարդախու­թյուն­ների եւ ֆի­նան­սական չարա­շա­հում­ների վրա, որոնց պատճառած վնա­սը հասնում է մի քանի միլիարդ դոլարի՝ ամեն տարի գերազանցելով պետական բյուջեի հայտարարված եկա­մուտները: Նա­խորդ ելույթներում ես հիշատակեցի երեք այդպիսի աղա­ղակող մեքենայություն, որոնց կրկին հարկադրված եմ անդրադառնալ, քանի որ պետական մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին իմ բերած փաստերին: Եւ այսպես.

– «Հայռուսգազարդ» ընկերության հիմնադրման պայմանագրով՝ ռու­սա­կան կողմն իր 55% կազմող մասնա­բաժինը պարտավորվել էր վճարել գա­զով, որը չորս տարվա ընթացքում պիտի ձրի մատակարարվեր Հայաս­տա­նին՝ վաճառելու համար հանրա­պետու­թյան բնակիչներին ու ձեռնարկություն­ներին: Հանրապետության ներկա իշ­խա­նություններն այդ գազաքանակն սպա­ռեցին երկու տարում, 1998-1999 թվականներին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկա­յությամբ, պար­զապես անհետացավ: Եւ մինչ օրս էլ ոչ ոքի հայտնի չէ, թե ում գրպանում հայտնվեց, նույնիսկ ամենահարուստ երկրների չափանիշներով պատկառելի համար­վող, այդ գումարը:

– Պաշտոնական վիճակագրու­թյան տվյալներով՝ 2002 թվականից սկսած, Հայաս­տան ներմուծվող բենզի­նի ամսական ծավալները կազմում են 12.000 – 15.000 տոննա, մինչդեռ հայտնի է, որ 1997 թվականի աշնանն արդեն ներկրվում էր ամսական 30.000 տոննա: Ինչո՞վ բացատրել հանրապետությու­նում բենզինի սպառման այս շեշտակի ան­կումը: Չէ՞ որ մեր երկրում արձանա­գրվող «աննախադեպ տնտեսական զար­գացման» եւ ավտոմեքենաների թվի անընդհատ աճի պայմաններում բեն­զինի պահանջարկը ոչ թե պիտի նվա­զեր, այլ ավելանար: Իրականում, մաս­նագետների գնահատմամբ, 2002 թվա­կանից ի վեր, Հայաստանը ներմուծել է ամսական ավելի քան 50.000, թերեւս, անգամ 60.000 տոննա բենզին: Դա նշա­նակում է, որ վեց տարվա կտրվածքով, պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառել շուրջ երեք միլիոն տոննա բենզին, որը, բնականաբար, դուրս է մնացել հարկման դաշտից: Թե ինչ ահռելի չգանձված պետական եկա­մուտ­ների մասին է խոսքը, ցանկացած տնտեսագետ կարող է հեշտությամբ հաշվել:

– Նույնպիսի արտառոց մի մեքե­նայություն էլ կապված է ղազախական գազի խո­շոր ծավալների ներմուծման հետ, որն ընդհանրապես արտացոլված չէ Հայաստանի վի­ճա­կագրական պաշ­տո­նագրերում: Այդ փաստն ինձ հաջող­վեց բացահայտել միայն Ղա­զախստանի պաշտոնական վիճակագրությանը ծա­նո­թանալու շնորհիվ, ըստ որի՝ այդ եր­կիրը 2006 թվականին Հայաստան է ար­տահանել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորա­նարդ մետր գազ, որի արժեքը կազմում է 157 միլիոն դոլար: Մնում է գուշակել, թե ում բան­կա­յին հաշվի վրա է նստել այդ գազաքանակի վաճառքից գոյացած գումարը: Ի դեպ, բա­ցառ­ված չէ, որ այդ գործարքը շարունակվում է նաեւ այս տարի, սակայն քանի որ 2007 թվականի վիճակագրական տվյալները դեռեւս հրապարակված չեն՝ դա չենք կարող պնդել:

– Թեեւ ոչ իմ ելույթում, այլ մա­մուլում վերջերս հրապարակումներ եղան ներկա վար­չա­խմբի հանցավոր էու­թյունը բացահայտող եւս մի աներե­ւակայելի փաստի մասին: Խոսքը վերա­բերում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նա­խա­րա­րության վերահսկողության վար­չու­թյան կողմից Արարատյան մաքսա­տանը կա­տարված ստուգումներին: Այդ ստուգումների հիման վրա կազմվել է Թ. 223 ակտը, որը ստորագրել են՝ վերահսկողության վարչության կողմից Ն. Գրիգորյանը, Գ. Հարու­թյուն­յանը, Ա. Բաբաջանյանը եւ Ա. Հարությունյանը, իսկ մաքսատան կողմից՝ Ա. Ստեփան­յանը, Ս. Ավետիքյանը, Ա. Հարություն­յանը եւ Լ. Պողոսյանը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2001-2003 թվականների ժամանակամիջոցում մաք­սա­տան աշխատա­կից­ների անփութու­թյան կամ չարաշահումների պատճա­ռով պետական բյուջե չի մուտ­քագրվել ավելի քան 12 միլիարդ դրամ (մոտ 20 միլիոն դոլար): Թեեւ սա վերոհիշյալ դեպ­քերի համեմատ մեծ գումար չի կազ­մում, սակայն տվյալ պարագայում մենք գործ ունենք բոլորովին այլ բնույ­թի մի ապօրինության հետ: Ստուգման ակտը ինչ-որ մեկի հրամանով անհե­տացել է, իսկ Ֆինանսների նախա­րա­րության վերահսկողության ծա­ռայության պետը՝ հայտնվել բանտում:

Թեեւ իշխանությունները չափազանց բուռն արձագանքեցին իմ ելույթներին, բայց զարմանալիորեն նրանք բոլորո­վին շրջանցեցին «Հայռուսգազարդի» մա­տակարարած գա­զի գումարին, հան­րապետություն մտնող բենզինի ծավալ­ներին եւ ղազախական գազի ներմուծ­մանը վերաբերող հարցերը: Այդ մասին քար լռություն պահպանեցին թե՛ հան­րապետության պերճախոս նախագահը, թե՛ համեստափայլ վարչապետը: Լռե­ցին նաեւ խորհրդարանի պատվավոր անդամները, օրինապաշտ գլխավոր դա­տախազը եւ ան­գամ՝ նախագահի թեկնածուները: Ի՞նչն է, արդ, այս տոտալ համրության պատճառը: Ո՞չ արդյոք այն, որ մենք խփել ենք ճիշտ նշանակետին, եւ իշխանություններին ներկայացրել այնպիսի կոնկրետ ու ծանրագույն մեղադրանքներ, որոնց պա­տասխանը նրանք չունեն: Մի՞թե ավելի համոզիչ փաստարկ է պետք Հայաստանում առկա կոռուպցիայի աստի­ճա­նը պատկերացնելու եւ ներկա վարչախմբի հանցավորությունն ապա­ցու­ցելու համար: Բեր­ված փաստերի շուրջ լռություն պահպանելով, իշխա­նությունները թերեւս հույս են փայ­­փայում, որ ժողովուրդը դրանք չի նկատի կամ արագ կմոռանա: Մեր խնդիրն է, ըստ այդմ, ի դերեւ հանել նրանց հույսերը, եւ ամենօրյա հիշե­ցումով այդ փաստերը հասցնել Հա­յաս­­տանի յուրաքանչյուր քաղաքացու ականջին:
* * *
3. Իշխանություններն անարձագանք են թողնում ոչ միայն կոռուպցիայի կոնկրետ, թեկուզ աղաղակող, դեպ­քերին վերաբերող մեղադրանքները, այլեւ մակրոտնտեսական նշանակու­թյուն ունեցող աննորմալ ու չափազանց մտահոգիչ երեւույթների քննա­դա­տու­թյունները:

– Դրանցից մեկը Հայաստանի տնտեսագետների եւ միջազգային ֆի­նանսական կազմակերպությունների փոր­ձագետների կողմից առաջ քաշված այն սկզբունքային հարցադրումն է, թե ինչու տնտեսական աճի երկնիշ տա­րեկան ցուցանիշների կամ վագ­րային թռիչքների պայմաններում բնակչու­թյան կենսամակարդակի որակական փոփո­խություն չի արձանագրվում: Պարադոքսի բանալին, իմ կարծիքով, տվել են Արժույթի միջազգային հիմնա­դրամի փորձագետները, բայց դրա վրա առայժմ ոչ ոք լուրջ ուշա­դրություն չի դարձրել: Ես նկատի ունեմ նրանց մատ­նանշած այն ուշագրավ փաստը, որ Հա­յաստանի բյուջեն կազմում է համա­խառն ներքին արդյունքի 14 տոկոսը, մինչդեռ աշ­խարհի մնացյալ երկրնե­րում, սովորաբար, այն հասնում է ՀՆԱ-ի մոտ 30-45 տոկոսին: Դա կարող է ունենալ երեք ակնհայտ բացատրու­թյուն՝ կա՛մ Հայաստանի համախառն ներ­քին արդյունքի ցուցանիշներն ուռ­ճաց­ված են, կա՛մ բյուջեի իրական եկա­մուտները թաքցված են, կա՛մ էլ միա­ժա­մանակ տեղի է ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սա նշա­նա­կում է, որ բոլոր դեպ­քերում մենք գործ ունենք ծանրագույն հանցագործության, կամ այլ կերպ ասած, պետական մասշտաբի տնտե­սական խարդախության մի ահավոր դրսե­ւոր­ման հետ, որի համար, առաջին հերթին, պատասխանատու են հանրա­պետության նա­խագահը, վարչապետը եւ Կենտրոնական բանկի նախագահը: Ավելորդ չեմ համա­րում այս առիթով կրկնել նախորդ ելույթներից մեկում իմ արած պատասխանատու հայ­տա­րա­րու­թյուն­ներից մեկը, այն է՝ համա­տարած կողոպուտի եւ պետական ռե­կե­տի պատ­ճառով Հայաստանում գոյա­նում է երկու բյուջե՝ մեկը պաշտո­նապես հայտարար­վածը, մյուսը՝ իշխա­նությունների գրպանում հայտնվածը, ընդ որում, դատելով հաշ­վարկ­ներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից:

– Իշխանությունների կողմից հա­մարյա լիակատար անուշադրության է մատնված մակրոտնտեսական առու­մով նույնպիսի աղետալի հետեւանքներ ունեցող մի այլ վտան­գավոր երեւույթ՝ այսպես կոչված, դրամի արժեւորման չդադարող գործընթացը: «Այսպես կոչ­ված» արտահայտությունը ես օգտա­գործում եմ, նկատի ունենալով այն հանգա­ման­քը, որ «դրամի արժեւո­րու­մը» սխալ տերմին է, քանի որ այն տեղի է ունենում ոչ միայն համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի կուր­սի անկման, այլեւ տնտե­սա­պես չհիմնավորված արհեստական պատ­ճառ­ներով: Սակայն սա ընդամենը հար­ցի ձե­ւա­կան կամ արտաքին կողմն է: Ինչ վերաբերում է նրա էությանը, ապա կարեւոր է պարզել, թե դրամի «արժեւորման» այդ գործընթացը ինչ­պիսի բացասական ազդե­ցու­թյուն է գործում երկրի տնտեսության եւ բնակ­չության սոցիալական վիճակի վրա:

Անզեն աչքով իսկ նկատելի է, որ դրանից, առաջին հերթին, տուժում է արտերկրից կատարված դրամական փոխանցումների հաշվին ապրող Հա­յաս­տանի բնակչության զգա­լի մի հատ­վածը, որի եկամուտները, փաստորեն, նվազել են շուրջ 40 տոկոսով: Այն­պես որ, դրամական փոխանցումների տա­րեց­տարի աճող ծավալներն ամենեւին բնակ­չության կենսամակարդակի բարե­լավում չեն նշանակում:
Տվյալ գործոնը լուրջ սոցիալական խնդիրներ է հարուցում նաեւ այլ առում­ներով: Մասնավորապես, այն խթա­նում է, առանց այդ էլ, վտանգավոր չափերի հասած արտա­գաղ­թը: Դրամի շեշտակի «արժեւորման» պատճառով, մանավանդ ուղեկցված ապրանք­ների անընդհատ թանկացումով, արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հա­մար ավելի հեշտ է իրենց ընտանիքները պահել արտասահմանում, քան Հայաս­տանում:

Տնտեսական առումով՝ այդ անվերա­հսկելի, կամ շահադիտաբար կարգավ­որվող, գործընթացն ամենամեծ հար­վածն է հասցնում Հայաստանի նորա­բողբոջ արտահանող արդյունաբերու­թյանը, որի արտադրած ապրանքները, դրամի «արժեւորման» հետեւան­քով առաջացած ինքնարժեքի բարձրացման պատճառով, միջազգային շուկայում կորց­նում են իրենց մրցունակությունը: Դրամի «արժեւորումը» բացասաբար է անդրադառ­նում նաեւ ներքին սպառ­ման համար նախատեսված ապրանք­ների եւ գյուղատնտե­սա­կան մթերքների արտադրության վրա, քանի որ դրանց ներմուծումն ավելի ձեռնտու է դառնում, քան արտադրումը:

Սակայն չի կարելի ասել, որ դրամի «արժեւորումից» Հայաստանում կան միայն տու­ժողներ: Այդ անհասկանալի գործընթացի գաղտնիքը, թերեւս, կայա­նում է հենց նրանում, որ, ակնհայ­տորեն, կան նաեւ շահողներ: Այլապես, դրամի կուրսի արհես­տա­կան բարձ­րա­ցումը կամ նրա հանկարծակի փոփո­խությունները բացատրություն չէին կա­­րող ունենալ: Շահողներ ասելով, ես նկա­տի ունեմ ոչ այնքան փոխարժեքի տատա­նումների վրա սպեկուլյացիա անող­ներին, որքան ներմուծման բնագավառում մենա­շնոր­հային դիրքեր ունեցող գործարարներին, որոնք սոսկ դրամի «արժեւորման» շնոր­հիվ, փաս­տորեն առանց վաստակի, ահռելի գեր­շահույթներ են ստանում: Այդ գեր­շա­հույթ­ների առյուծի բաժինը նրանք, բնականաբար, հատկացնում են իրենց հովանա­վո­րող իշխանության ներկայա­ցու­ցիչներին:
Քանի որ իշխանությունները մինչեւ օրս հասարակությանը որեւէ հիմնա­վոր­ված բա­ցատրություն կամ մասնագի­տական վերլուծություն չեն ներկա­յաց­րել դրամի «ար­ժեւոր­ման» եւ նրա աղե­տալի հետեւանքների մասին, ապա դա պետք է դառնա մեր ամեն­օրյա քարոզ­չության գլխավոր թեմաներից մեկը:

* * *

4. Այսպիսով, այսօրվանից մենք մտնում ենք ամենօրյա տքնաջան աշ­խա­տանք պա­հանջող պայքարի վճռա­կան փուլ, որի գերագույն խնդիրն է ոչ միայն պահպանել Շարժ­ման արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները, այլեւ բազմապատկելով դրանք, փետր­վար ամսին հասնել ընտրազանգվածի համախմբման բարձրակետին: Գիտակ­ցում ենք, որ իշխանություններն անելու են ամեն ինչ՝ քարոզչական շրջափակ­ման, ահա­բեկում­ների, տնտեսական ճնշում­ների, կաշառատվության եւ, վեր­ջապես, զանգվածային ընտ­րա­կեղ­ծիք­ների միջոցով պահպանելու երկրի ներ­կա ավազակապետական համակարգը: Մենք պետք է կարողանանք ժողովրդին համոզել, որ այդ համակարգի վերարտա­դրու­թյունը նշանակում է եւս տաս տարվա ստրկություն, թշվա­ռու­թյուն եւ ազգային նվաս­տացում: Մեր իշխա­նու­թյուններն ավելի անհաղթա­հա­րելի չեն, քան Խորհրդային Միու­թյան իշխանու­թյուն­ները: Եթե մենք կարողացանք հաղ­թել Գորբաչովին, ապա ի՞նչն է մեզ խան­գարում հաղթել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգս­յանին: Ճիշտ է, Խորհրդա­յին Միության դեմ մղված պայքարն ավելի հեշտ էր, քանի որ այն, լինելով ազգային-ազա­տագրական պայքար, միավորում էր մեր ողջ ժողովրդին: Մինչդեռ այժմ պատկերն արտաքուստ այլ է թվում, որովհետեւ մենք, կարծես թե, գործ ունենք զուտ ներազգային դիմադար­ձու­թյան հետ: Սակայն նկատի ունենալով այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանի ներկա իշխանությունները սեփական ժողովրդին վերաբերվում են օտարի պես, ոտնա­հա­րելով նրա բոլոր սրբություններն ու արժա­նապատ­վու­թյու­նը, ապա այդ­պի­սի իշխա­նու­թյուն­ների դեմ մղված պայքարը նույն­պես ազգային-ազատագրական պայ­քա­րի բնույթ է ստա­նում: Հետեւաբար, այս գի­տակ­ցությունը սերմանելու դեպքում, վստահ եմ, դժվար չի լինելու ժողովր­դա­կան ուժերի մեծա­մասնության հա­մա­խմբումը վարչախմբից ազատվելու միավորող գա­ղափարի շուրջ:

Վերջում չեմ կարող չնշել մի խոր­հրդանշական հանգամանք: Այս ամբիո­նից է հռչակ­վել Հայաստանի Հանրապե­տության անկախությունը: Եւ այս ամ­բիոնին է վիճակված մեր նոր հաղթար­շավի սկզբնավորման ազդարարումը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Ելույթը հնչել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

2007-12-22

http://www.levonpresident.am/?catID=20&contID=84