Գյումրեցիները, կարծում եմ, երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը․ Սողոմոնյան

1381

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու Գյումրիի ավագանու որոշմանը։

2rd.am կայքը հարց է ուղղել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին․

-Պարոն Սողոմոնյան, երեկ` հունիսի 18-ին, Գյումրիի ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ինչպե՞ս կարձագանքեք այս իրադարձությանը:

– Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:  Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից:

Հունիսի 18-ին Գյումրիի ավագանին որոշում է ընդունել Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանի և վերջինիս եղբորը՝ Լևոն Սարգսյանին: