Ահարոնյանի պատվիրակությունը Թիֆլիսից մեկնում է Պոլիս՝ Բաթումի դաշնագիրը վերանայելու հույսերով

1306
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Հինգերորդ գլուխ

Անդրկովկասի Միության քայքայումը և Հայաստանի անկախության հռչակումը

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Քաջազնունու դահլիճը հայ հասարակության կողմից ընդունվեց մեծ համակրանքով: Մասնավորապես, Քաջազնունին հարգված լինելով մյուս կուսակցություների կողմից, ընդունելի անձնավորություն էր բոլորի համար: Զորավար Կորգանովը, որ հրավիրվեց մտնելու դահլիճ որպես զինվորական նախարար, մերժեց ընդունել իրեն առաջարկված պաշտոնը և հանձնարարեց զորավար Հախվերդովին: Վերջինս մտավ դահլիճի կազմ: Զորավարը, անպայմանորեն նվիրված լինելով Հայաստանի անկախության գաղափարին, դժբախտաբար հայերեն չգիտեր: Հայերեն չգիտեին նաև զորավար Սիլիկյանը և Նազարբեկյանը: Սա, անկասկած, մեծ թերություն էր, որ ուղղել անհնար էր:

Կառավարությունը կազմելուց հետո կուսակցությունները սկսեցին մտածել ժամանակավոր խորհրդարանի կազմության մասին: Որոշվեց խորհրդարանը կազմել այնպես, ինչպես կազմված էր Հայոց Ազգային խորհուրդը, այսինքն՝ կուսակցությունների համաձայնությամբ՝ նրանց թվական համեմատությամբ: Քաջազնունին հակառակ էր, որ թե՛ դահլիճը, թե՛ խորհրդարանը կազմվեն Թիֆլիսում: Նա անհրաժեշտ էր համարում այդ խնդիրը վերջնականապես լուծել Երևանում՝ դահլիճում և խորհրդարանում ներառելով Երևանի գործիչներին:

Մինչ տեղի էր ունենում կազմակերպչական այս աշխատանքը, թուրքական զորքերը Ղարաքիլիսայի վրայով անցնում էին դեպի Դիլիջան ու Ղազախ՝ այնտեղից ուղևորվելու դեպի Բաքու:

Բաքվում կազմվել էր տեղական իշխանություն, որին ուժ տվողը բոլշևիկներն էին և որը չէր ուզում ճանաչել Բաթումի դաշնագիրը: Մյուս կողմից, Անդրանիկը անցել էր Զանգեզուր և որոշել էր թույլ չտալ թուրքերին անցնելու Ղարաբաղ: Այսպիսով, Բաթումի դաշնագիրը չէր լուծել Կովկասի բոլոր խնդիրները և նույնիսկ թշնամության ու բախումների նոր առիթներ էր տալիս: Ամենից կարևոր խնդիրը Բաքվի գրավումն էր, որի նպատակով թուրքերը տրամադրեցին 15 հազար զորք:

Բաթումի դաշնագրի կնքումից հետո թուրքերի հետ Երևանի և Ալեքսանդրապոլի շրջաններում ռազմական բախումները դադարեցին:

Խալիլ փաշան՝ Միջագետքի ճակատի հրամանատարը, եկել էր Երևանի թուրքական ճակատը՝ իր զորքերի վիճակը ստուգելու նպատակով: Զորավար Նազարբեկյանը, իմանալով նրա գալու մասին, ցանկություն էր հայտնել գնալու իր հակառակորդի մոտ, որին ջադել էր պարսկական ճակատի վրա՝ Դիլմանի մոտ:

Խալիլ փաշան, լսելով զորավար Նազարբեկովի այս ցանկության մասին, խնդրել էր նրան հաղորդել հետևյալը. «Խալիլ փաշան թույլ չի տա երբեք, որ այն մարդը, որ միշտ ջարդել է իր մեջքը, առաջինը այցելի իրեն»: Եվ, իրոք, Խալիլ փաշան ինքը եկավ Երևան: Նազարբեկյանի մոտ նա տեսակցություն ունեցան նաև Արամի հետ, որին անձամբ ծանոթ էր վաղուց: Մեհմեդ փաշային թողնելով Երևանում իբրև Թուրքիայի դեսպան, Խալիլ փաշան մեկնեց:

Թիֆլիսի և Երևանի կապը շատ թույլ էր, թուրքերը գրավել էին երկաթուղագիծը, նրանցից շատ դժվար էր թույտվություն ստանալը: Հեռագիրը փչացած էր և չէր գործում , երկաթուղիները գրեթե կանգ էին առել: Մինչև Քաջազնունու դահլիճի  երևան գալը, Հայաստանը կառավարում էին Երևանի Ազգային խորհուրդը և բանակը:

Բեռլին ուղարկված մեր պատվիրակությունը դոկտոր Համո Օհանջանյանի և Արշակ Զոհրաբյանի մասնակցությամբ հաջողել էր մեզ համար որոշ նպաստավոր տրամադրություններ ստեղծել գերմանական կառավարության մոտ: Այդ ջանքերի շնորհիվ էր, որ Պոլսում հունիս ամսին նշանակվեց խորհրդաժողով, որին պիտի մասնակցեին Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Թուրքիան և Բուլղարիան, և որին հրավիրված էին նաև Անդրկովկասի հանրապետությունները: Ֆոն Կրեսսը Հայոց Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանին պաշտոնապես հաղորդեց այդ մասին:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ Հայոց Ազգային խորհրդի նիստը՝ մասնակցությամբ Քաջազնունու դահլիճի անդամների: Հեռագիրը նպաստավոր տրամադրություն թողեց, ընդհանուր կարծիքն այն էր, որ Գերմանիան ցանկանում է վերաքննել Բաթումի դաշնագիրը, և այն փոխել համաձայն Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանների:

Պոլիս մեկնելու համար ընտրվեց պատվիրակություն՝ հանձին Ահարոնյանի, Պապաջանյանի և ինձ: Մեզ առաջադրվել էր ամեն ջանք թափել՝ ընդարձակելու Հայաստանի սահմանները: Մեզ հետ, որպես զինվորական խորհրդական, վերցրեցինք զորավար Կորգանյանին և երկու քարտուղարների, և հունիսի 14-ին, վրաց պատվիրակության հետ մեկնեցինք Բաթում, որտեղից հետևյալ օրը գերմանական «Գեներալ» նավով ուղևորվեցինք Պոլիս:

Երեք օր հետո արդեն Պոլիս էինք: Քարափին մեզ դիմավորեցին Մուխթար բեյի գլխավորությամբ: