Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում լրագրողների հետ ճեպազրույցում։ Մնացականյանը Ալմաթի է ժամանել մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենալու հունիսի 11-ին։
Մնացականյանը չի մանրամասնել Փաշինյանի մոսկովյան այցի ծրագիրը։
Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը, և աշխարհի երկրների շատ ղեկավարներ ժամանելու են այդ միջոցառմանը մասնակցելու համար։
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի շրջանակում հանդիպել էր Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում այցը Մոսկվա կլինի առաջինը։