«Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրութեան առջեւ եւ չգիտեմ որ կողմ գնալ՝ Շեքսպիրի՞, թէ Էրզրումի»

1252

ՏԱՐԵԴԱՐՁ. Յովհաննէս Քաջազնունի. 150ամեակ

Նրա համար գրականութեան չափանիշը Շեքսպիրն էր: Կեանքի փիլիսոփայութեան բանալին նա գտնում էր այդ հսկայի տողերի մէջ եւ յաճախ էլ տողերի տակ:

Բայց ժամանակները խառն էին, եւ փիլիսոփայելուց կամ էլ Շեքսպիր վերլուծելուց  զատ եւ գուցէ առաւել՝ գործել էր պէտք:

Երկու «ես» միմեանց հետ անվերջ բանակցում, երբեմն էլ կռւում էին նրա ներսում: Իր՝ Յովհաննէս Քաջազնունու խօսքով՝ «Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրութեան առջեւ եւ չգիտեմ որ կողմ գնալ՝ Շեքսպիրի՞, թէ Էրզրումի»։

Ինչո՞ւ էր հէնց  Էրզրումը դրուած Շեքսպիրին հակակշռող նժարին: Պարզ պատճառով՝ Էրզրումն իր ծագումն էր, թէեւ ծնուել էր Ախալքալաքում: Քաջազնունին զգում էր իր ծագումը: Այսինքն՝ գիտեր ով է, որտեղից է եւ ուր է ուզում գնալ: Նրա արուեստային էութիւնը եւ  հայրենիքի հանդէպ պատասխանատուութեան զգացումը միանշանակ առաջացել էին իր ծագման գիտակցումից: Եթէ նա ծնուած եւ ապրած լինէր աւելի բարենպաստ ժամանակաշրջանում, քան  1868ից 1938 թուականներն էին, հաւանաբար իր մէջ ամբողջապէս կը ձեւաւորուէր արուեստագէտը, եւ նա հայրենիքի հանդէպ իր պարտաւորութիւնը կը կատարէր արուեստի, գրականութեան միջոցով: Բայց առկայ ազգային-քաղաքական-պատմական իրողութիւնները նրան պարտադրեցին քաղաքականութիւնը: Դա էր, ըստ Քաջազնունու, հայրենիքի հանդէպ իր պարտաւորութիւնը ա՛յդ ժամանակ: Ուրիշ հարց է, թէ դրա տակից ինչպէս դուրս եկաւ նա, աւելի շատ ճի՞շդ, թէ սխալ քաղաքական հաշուարկներ կատարեց իր կուսակիցների եւ համախոհների հետ: Քաղաքական մեկնաբանումները նպատակս չեն, մանաւանդ որ, եթէ կային յաջողութիւններ, դրանք արդէն գրանցուած են, իսկ սխալներն էլ արդէն գործուած:

Բայց ի՞նչ մարդ էր Յովհաննէս Քաջազնունին՝ ծնուած 1868ի Փետրուարի 1ին, անկախ այն բանից, թէ ինչպիսի քաղաքական գործիչ էր: Կարծում եմ սա աւելի հետաքրքիր է: Մանաւանդ որ գրեթէ ոչինչ չգիտենք նրա անձնական եւ մարդկային ձգտումների մասին: Ազնիւ, պինդ եւ յամառ մի մարդ, ով սիրում էր արուեստը, ով կլանում էր փիլիսոփաներին՝ ինքն էլ դառնալով փիլիսոփայ, ով անչափ սիրում էր Սաթենիկ Միրիմանեան անուն-ազգանունով մի թիֆլիսեցի աղջկայ, ով խենթանում էր իր վեց զաւակներով, ով պատերազմի դաշտում ընկած իր երկու զինուոր որդիների մահուան վիշտը կարողացաւ  յաղթահարել, ով իր ստորագրութիւնը դրեց  հայութեան համար այնքան վտանգաւոր Բաթումի պայմանագրի տակ, ով դարձաւ Հայաստանի առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը, ով փոքր ինչ տարակուսեց իր   կուսակցութիւնից, որի գաղափարներին եւ գործելակերպին միանգամայն  հաւատում եւ վստահում էր ու հեռացաւ շարքերից, ով տեսաւ անկախութեան տեսիլքի փլուզումը, ով իր մահկանացուն կնքեց ստալինեան բանտում: Ողբերգական մի ճակատագիր:

Նախնիները Էրզրումից էին: Ինքը ասում էր Արզրում: Խորապէս երախտապարտ էր իր  նախնեաց երկրին եւ դրա բնակիչներին եւ առանձնակի պատկառանք ունէր ընդհանրապէս իր ազգային պատկանելութեան նկատմամբ: 1889ի Փետրուարի 13ին իր սիրած աղջկան Սանկտ Պետերբուրգից ուղարկած նամակում գրում է. «Ափսոս, դու չես սիրէ ոչ ախալքալաքցոց եւ ոչ նորանց «կոպիտ լեզուն»՝ մոռանալով, որ ախալքալաքցիք արզրումցիք են, իսկ Արզրում Հայաստանի սիրտն է, հետեւապէս ախալքալաքցիք իսկական հայեր են: Ներկայացուցիչն են հայի  բոլոր առանձնայատկութիւններու, նորանց առաւելութիւններու, պակասութիւններու, վարքի, բարքի եւ այլ եւ այլ: Սիրիր հային»:

Սէրը հայրենիքի եւ հայութեան նկատմամաբ Յովհաննէս Իգիթխանեան-Քաջազնունու սրտի եւ ուղեղի մէջ ներարկուել էր ընտանիքում: Նրա հայրը՝ Մաթեւոս Տէր Յովհաննիսեան-Իգիթխանեանը զարգացած մարդ էր, ուսուցիչ եւ հոգեւորական: Նա հսկայ գրադարան ունէր տանը, Մխիթարեան միաբանութեան կողմից հրատարակուող գրեթէ բոլոր գրքերով եւ  հանդէսներով:

«Հիւսիսափայլ»ի ողջ հաւաքածուն Նազարեանի եւ Նալբանդեանի  յօդուածներով  նոյնպէս այստեղ էին եւ ամենայն հաւանականութեամբ դրանք իրենց չափով սնել էին  Յովհաննէս Քաջազնունու, ում ծածկանունը Ռուբէն Իւանիչ էր, քաղաքական միտքը: «Տէրտէրս», այսպէս էր հումորով եւ սիրով հոգեւորական հօրը կոչում որդին: Մայրը՝ Փեփրոնէ Կարէնեանը նոյնպէս զարգացած եւ ազնուական կին էր: Սերել էր մտաւորական գերդաստանից: Նրա հայրը, այսինքն՝ Քաջազնունու մօր կողմից պապը՝ Յակոբ Կարէնեանը, Ներսիսեան դպրոցի ուսուցիչ էր եւ «Շուշանիկ» ու «Վարդանանց Պատերազմ» պիեսների հեղինակը: Իմիջիայլոց, Յովհաննէսը երեխայ եղած ժամանակ դրանք այնքան էր լսել, որ անգիր էր արել եւ յաճախ ինքն էլ բեմադրում էր տանը՝ երջանկացնելով ընտանիքի անդամներին: Մօր հօրաքոյրը՝ Քեթեւան Արամեանը, Թիֆլիսի հայ բեմի առաջին դերասանուհիներից էր, իսկ մօր հօրեղբայրը՝ Սմբատ Կարէնեանը, մեծ թատերասէր էր: Յովհաննէսի մայրը գիշերները բարձրաձայն ընթերցում էր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանին»: Այն մեծագոյն տպաւորութիւն էր գործել յատկապէս Յովհաննէսի վրայ եւ հնարաւոր է, որ նպաստած լինէր յետագայում տղայի ազգային    հարցերում տեսակետների եւ սկզբունքների ձեւաւորմանը: Սա էր ընտանեկան այն միջավայրը, որտեղ ծնուել եւ աշխարհի, հայրենիքի, իր ինքնութեան եւ ծագման մասին առաջին տեղեկութիւններն էր ստացել իմ հերոսը: Ընտանիքը այն առաջին ճիշդ օղակն էր, որ բաւական նպաստաւոր եղաւ Յովհաննէս Քաջազնունու իբրեւ մարդ, իբրեւ տղամարդ, իբրեւ հայ, իբրեւ փիլիսոփայ եւ ազգային-քաղաքական գործիչ ձեւաւորման եւ կայացման համար: Ընտանիքից յետոյ յաջորդ օղակը լինելու էր Թիֆլիսի Ռէալական դպրոցը, ապա եւ Պետերբուրգը իր համալսարանական կեանքով եւ ընդյատակեայ գաղտնի կազմակերպութիւնները, որտեղ 1880ականներին խմորւում էր նոր ժամանակների քաղաքական միտքը: Յովհաննէսը մեկնում է Պետերբուրգ բարձրագոյն կրթութիւն ստանալու: Միաժամանակ դիմում է 2 ինստիտուտ՝ Տեխնոլոգիական եւ Ճարտարագիտական: Առաջին քննութիւնից երկու հաստատութիւններում էլ  գերազանց է ստանում: Սակայն երկրորդ քննութեան օրը համընկնում է եւ ստիպուած է լինում ընտրութիւն կատարել: Ընտրում է Ճարտարագիտականը:

Յովհաննէսին չի վախեցնում մեծ մրցոյթը, երբ 40 տեղի համար պայքարում էր 140 դիմորդ: Եւ նրա քաջութիւնը արդարացւում է: Նա  ընդունւում է: Վարձում է փոքրիկ սենեակ 10 ռուբլով, 10 ռուբլի էլ յաւելեալ վճարում է տանտիրուհուն իրեն կերակրելու համար, միանուագ մուծում է 70 ռուբլի պարտադիր ուսանողական համազգեստի համար եւ յաճախում դասերի՝ զուգահեռաբար ռուս    հրատարակիչներին յօդուածներ մատակարարելով: 25 տարեկան հասակում Քաջազնունին կ՛աւարտի ինստիտուտը՝ դառնալով շէնքերի, կամուրջների, ճանապարհների ճարտարագէտ-շինարար: Իմիջիայլոց, Գիւմրիում նրա ինժեներական նախագծով կառուցուած քաղաքային գրադարանի շէնքը 1988ի աւերիչ երկրաշարժին մնաց կանգուն: Կառուցողը ազնի՛ւ մարդ էր եղել: Իսկ Բաքուի հայկական Մայր եկեղեցին, որի նախագծող ճարտարագէտը նոյնպէս Քաջազնունին էր, աւերուած է 1930ականներին, բայց ոչ թէ բնական, այլ կոմունիստական աղէտի հետեւանքով: Քաղաքացիական ինժեներների այս ինստիտուտի ուսանողները կարծես յատուկ ընտրուած լինէին՝ արիստոկրատ ընտանիքներից: «Բոլորը, տնօրէնից սկսած մինչեւ դռնապանը այստեղ առանձնանում են յղկուածութեամբ եւ նրբաճաշակութեամբ», իր սիրած աղջկան գրած նամակնրից մէկում պատմում է ուսանող Քաջազնունին: Մինչ ինստիտուտ ընդունուելը նա արդէն սիրահարուած էր օրիորդ Սաթենիկին, ընդ որում սիրահարուած էր հիմնաւորապէս եւ անբեկանելի որոշում ունէր նրա հետ ամուսնանալու: Թէեւ օբյեկտիւօրէն դա քիչ հաւանական էր, հաշուի առնելով օրիորդի հօր բացասական եւ անգամ ագրեսիւ վերաբերմունքը երիտասարդ Յովհաննէսի նկատմամբ: Նաեւ Սաթենիկի մնացեալ ազգականութեան գործօնը, որ թիֆլիսեան հասարակութեան այն խաւն էր, որի  գաղափարները եւ լաւ ու վատ մարդու մասին պատերացումները ձեւաւորւում էին միմիայն համաձայն նրա ուեցած փողի քանակի եւ պաշտօնի աստիճանի: Ամէն դէպքում, սիրած աղջկայ հարազատների կողմից հրահրուած անբարենպաստ իրավիճակը  յուսալքութեան չմատնեց Յովհաննէսին: Նա յամառօրէն եւ նպատակասլաց  կերպով հալեցրեց Միրիմանեան ընտանիքի անդամների սրտի սառոյցը:

0000KACHAZNUNI5

Մինչ երկուսի համար կեանքի կարեւոր, շրջադարձային իրադարձութիւնը, որն ամուսնութիւնն էր, բաւական հետաքրքիր եւ խորը փիլիսոփայական նամակներ են գրուել միմեանց: Սաթենիկ Միրիմանեանին գրած Քաջազնունու նամակները մանաւանդ սկզբնական շրջանում առանց վարանելու կարելի է դասել հոգեվերլուծութեան եւ հոգեթերապիայի (հոգեկան բուժում-Խմբ.) ոլորտին: Դրանք հեռական սէանսներ (նիստեր-Խմբ.) էին, որոնց միջոցով Յովհաննէսը զարմանալի նրբանկատութեամբ եւ ճշգրտութեամբ բացայայտում եւ մեկնաբանում էր Սաթենիկի հոգեվիճակի պատճառահետեւանքային կապը: Նաեւ ցոյց էր տալիս դրանից դուրս գալու ճանապարհը: Ընդ որում, չպարտադրելով իր անձը եւ չշահարկելով իր սէրը աղջկայ  նկատմամբ: Դրանք սթափ, ներքին մեծ էներգիայով, արտակարգ հմայքով եւ վեհ յատկանիշներով օժտուած մարդու նամակ–օգնութիւններ էին: Եթէ տարեթուին չնայես, կը թուայ, թէ դրանք գրուած են հասուն, կեանքի փորձառութիւն ունեցող մէկի կողմից: Օրինակ՝ ստորեւ բերուած նամակը գրուած է 1885 թուականին, այսինքն՝ երբ Քաջազնունին ընդամէնը 17 տարեկան էր, Սաթենիկն էլ՝ 16: Սա իր եւ օրիորդ Միրիմանեանի նամակագրութեան սկիզբն էր: Յովհաննէսը նոր էր տուն վերադարձել սից:

1885թ. Յունիս 20

Ախալքալաք

«…Դուք ծնուել էք տաք, կրքոտ հոգով: Դրա վկայութիւնը ձեր անատոմիան է  սեւ մազեր եւ աչքեր, թուխ մաշկ, արդէն 16 տարեկանում հրաշալի գծագրուած կուրծք: Դուք փոքր հասակից սիրոյ կարիք էք ունեցել, ուժեղ, տաք, անկեղծ սիրոյ: Դուք սիրոյ ծարաւ էիք եւ ոչ ոք չէր յագեցնում այդ ծարաւը: Ձեր ծնողները, որքան հասկանում եմ, չէին կարող տալ ձեզ ձեր փնտռածը: Նրանք չափազանց կոպիտ, միակողմանի էին եւ ամենաանզգամ, անմարդկային ձեւով   տրորել են ձեր զգացմունքները: Ձեր եղբայրների մասին էլ չեմ խօսում, նրանք ձեզնից պուպրիկ էին սարքել՝ զբաղմունք իրենց համար: Տանը չգտնելով սէր եւ կարեկցանք, դուք այն դրսում փնտռեցիք: Եւ էլի չգտաք ձեր զգացմունքների արձագանգը: Զայրացել էք ամէն ինչի վրայ, ձեր սիրտը սառել է եւ չարացել անգիտակցաբար: Դուք յանգել էք նրան, որ բոլոր մարդիկ  միատեսակ վատն են, միատեսակ չար եւ անզգամ, որ բոլոր մարդիկ ձեր թշնամիներն են, որ աշխարհում որեւէ մէկին սիրել չի կարելի եւ չարժէ էլ: Այս հիւանդագին համոզմունքն է տիրել ձեր էութեանը: Դուք մոռացաք սիրելը, փոխարէնը սովորեցիք ատելը: Ձեր հոգեւոր բոլոր ուժերը գահավիժեցին՝ ձեզ դարձնելով չար, վրէժխնդիր: Սկսեցիք աւելի ու աւելի խեղդել ձեր մէջ բարի բնազդները: Անցան տարիներ, դուք ծանօթացաք շատերի հետ, բայց նրանք, ձեր սրտի սառնութիւնը զգալով, ետ քաշուեցին ձեզնից: Դուք ինքներդ քայլ չարեցիք սիրելու, բայց սպասում էիք, որ ինչ-որ մէկը սիրի ձեզ: Այդ մէկը չգտնուեց, եւ դուք եզրակացրիք, որ ձեզ սիրել անհնար է եւ թքեցիք սիրոյ վրայ: Դուք որոշեցիք, որ ինքնազոհ եւ առանց էգոիզմի (անձնասիրութեան-Խմբ.) մարդիկ չկան: Դուք անվստահութիւն ունէք նրանց հանդէպ, ովքեր բարեացակամ են ձեր  նկատմամբ: Ձեզ թւում է, որ նրանք ձեզ խաբում են, խորամանկ են ու նենգ  նպատակներ ունեն: Դուք դարձաք կասկածամիտ, գաղտնապահ: Յետոյ փորձեցիք նմանուել ձեր կարդացած գրքերի հերոսուհիներին: Սկսեցիք ձեւացնել, թէ բարի էք: Ընկերուհիներին, թւում էր, թէ Դուք իսկապէս բարի աղջիկ էք, բայց դա խաբէութիւն էր: Մինչեւ դուք չյարգէք եւ չսիրէք ինքներդ ձեզ, ոչինչ չի շտկուի ձեր կեանքում: Դուք կորցրել էք հաւատը ձեր հանդէպ»:

0000KACHAZNUNI7 17ամեայ պատանին պրակտիկ հոգեբանի հմտութեամբ մէկ առ մէկ քննարկում եւ հետեւութիւններ է անում՝ սիրել ինքդ քեզ, ունենալ ապրելու դրդապատճառ եւ կեանքի նպատակ, լինել ներողամիտ: Սիրած աղջկան խորհուրդ տալիս նաեւ շատ կարդալ՝ առաջարկելով գրքերի ցանկ, սկզբի համար Դիկենս եւ Տուրգենեւ: Իսկ ի՛ր կեանքի նպատակը, եւ քայլերի կամ որոշումների դրդապատճառները աներկբայ բխել են երկու բանից՝ հայրենիքին եւ հայութեանը   ծառայելու պահանջից:

Դեռ աշակերտ էր Թիֆլիսի Ռէալական դպրոցում, երբ հետաքրքրուեց եւ յարեց «Նարոդնայա Վոլեա» գաղտնի կազմակերպութեանը: Նրա գաղափարակիցն էր Սիմոն Զաւարեանը, ով 1890ին դարձաւ ՀՅԴ հիմնադիրներից մէկը: Նաեւ 1880ականներին նարոդնիկական խմբակներին ակտիւօրէն մասնակցող Քրիստափոր Միքայէլեանը, ով դառնալու էր ՀՅԴ կուսակցութեան  տեսաբանը եւ առաջնորդը: Նրանք Նարոդնիկութեանը կարողացան ազգային թեքում տալ: Այսպէս՝ քաղաքական գործունէութեան սկիզբը համընկաւ իր աշակերտութեան տարիներին: Մի քիչ երազային, մի քիչ իրատեսական էին նրա քաղաքական հայեացքները եւ հայութեան ու Հայաստանի ապագայի պատկերը: Անշուշտ առկայ էր ջահելական մաքսիմալիզմը եւ   ռոմանտիզմը: Անգամ փորձեց իր սիրած աղջկան ներքաշել քաղաքական գաղտնի  ձեռնարկների մէջ: Եւ իբրեւ կոնսպիրացիա (դաւադ-րութիւն-Խմբ.) ընտրեց կեղծանուն: «Գրէք ինձ Լիւսի Զարուցկայա անուան տակ», խորհուրդ տուեց Յովհաննէս Քաջազնունին Սաթենիկ Միրիմանեանին: Նա շատ էր սիրում  Սաթենիկին: Եւ ուզում էր իր սիրած աղջկայ հետ կիսել ոչ միայն սէրը եւ ապագայում ընտանեկան  հովուերգութիւնը, այլեւ քաղաքական պայքարի ողջ ռոմանտիզմը եւ ռէալիզմը: Բարեբախտաբար քաղաքականութիւնը եւ հակացարական տրամադրութիւնները երկուսի միջեւ  բռնկուած փոխադարձ սէրը չվերածեցին կուսակցական-կանոնադրական սիրոյ: Այն մինչեւ վերջ մնաց քնքուշ եւ անսահման: Առաջին հոգեվերլուծական նամակից յետոյ սկսուեց սիրոյ խոստովանութիւններով լի նամակագրութիւնը:

1886, 25 Նոյեմբեր

Խարկով

«Իմ Սաթենին.

Ինձ հարցրին, շատ եմ սիրում արդեօք ես իմ հարսնացուին: Այնքան շատ, որ սկսում եմ կասկածել, թէ կայ մէկ ուրիշը այդչափ սիրող: Իմ կեանքը, ապագան, երջանկութիւնը, յոյսերը, ցանկութիւնները նրա հետ են կապուած: Իմ սեփական եսը այնպէս է կապուել նրան, որ ես իմ գոյութիւնը առանձին չեմ պատկերացնում: Այն ինչ կենդանի է իմ մէջ, ուժեղ է, կրքոտ, փնտռող, տառապող՝ մէկ զգացմունքի մէջ է՝ սիրոյ: Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մէջ: Տուէք ինձ միլիոն թագաւորութիւն, անմահութիւն, ես կը հրաժարուեմ յանուն իմ սիրոյ: Ես սիրուց զուրկ թագաւորական պալատները կը փոխեմ սիրով լի հիւղակների հետ: Խլէք ինձնից այդ զգացումը եւ խլած կը լինէք ամէն բան, որ ես ունեմ»:

Նա իսկապէս յաւերժ մնաց Սաթենիկինը կամ Սաթենինը, ինչպէս սիրում էր փաղաքշօրէն կոչել  նրան: Սաթենիկը շուտով փոխեց իր հայեացքները եւ ապրելաոճը եւ դա արեց միանգամայն գիտակցուած: Կեանքում մարդկանց հետ կատարուող իրադարձութիւնները  պատճառահետեւանքային կապի տրամաբանութեամբ բացատրող Քաջազնունին, իր մտքերը նամակներում շարադրում էր հանգիստ, նուրբ, խաղաղ, կարծես ամբողջութեամբ դարերի իմաստնութեան մէջ ընկղմուած:

Միակ թեման, որի շուրջ խօսելիս նա մի կողմ էր դնում մեղմութիւնը եւ համբերատարութիւնը եւ  դառնում կտրուկ, չոր, աններող, փոթորկուն՝ հայութեանը վերաբերող հարցն է: «Իմ համոզմամբ -, գրում է Քաջազնունին, ազգութիւնից դուրս մարդկութիւն չկայ»: Իր ազգութիւնը հայն էր, հաւատամքը՝ ծառայութիւնը ազգին, պահանջը իր ամենահարազատ մարդուց՝ սիրել հային եւ խօսել հայերէն: Իսկ ամենահարազատ մարդը Սաթենիկ Միրիմանեանն էր:

Մի քանի անգամ նամակներում Քաջազնունին իրեն թոյլ է տուել  լինել ագրեսիւ՝  հայրենասիրութիւնից դրդուած: Բայց մէկ անգամ իր խստութեան պատճառը ուղղակի տղամարդկային սէրն էր եւ դա 1888թ. Նոյեմբերի 11ն էր:

«Գիտես ինչ. այս ամուսնութիւնը պէտք է տեղի ունենայ եւ տեղի կ’ունենայ: Այլապէս թող փուլ գայ ամբողջ աշխարհը: Մտքիցդ հանիր կուսանոց-մուսանոցը: Դու պէտք է դառնաս իմ կինը եւ կը դառնաս եւ ոչ ուշ, քան այս ամառ, այն էլ սկզբին: Այդպէս կը լինի, եթէ անգամ ես ստիպուած լինեմ յանցանք գործել, տասնեակ յանցանքներ: Եթէ ստիպուած լինեմ քթիցդ բռնած տանել դէպի խորան: Պէտք է ամուսնանանք լսում ես, պէտք է, երդւում եմ Աստուծով: Դու իմը պէտք է լինես, դու չես յանդգնի իմը չլինել: Ես կամ կը մեռնեմ, կամ կը լինեմ քո ամուսինը: Արիւնը խփել է գլխիս, ոչ մի ուժ ինձ ետ չի պահի: Հինգ տարի ես սիրում եմ քեզ, հինգ տարի գիշեր-ցերեկ մտածում եմ քո մասին, հինգ տարի երազում եմ երջանկութեան մասին, հինգ տարի ապրում եմ յոյսերով, հինգ տարուայ մէջ ես ծախսել եմ իմ երիտասարդութեան քսանհինգ տարին: Եւ այսքանից յետոյ հրաժարուե՞մ քեզնից: Ո՛չ սիրելիս, դու ինձ վատ ես ճանաչում: Երեւի իմ մշտական զիջումները քեզ մոլորեցրել են: Ես գիտեմ պահանջել, այն էլ ինչպէս գիտեմ: Հիմա ես անշրջելիօրէն որոշել եմ կամ ամուսինդ դառնալ կամ մեռնել: Հաւատա, որ  կ՛անեմ ամէն հնարաւոր բան, եւ դեռ աւելին, ու կ՛անեմ այնքան ժամանակ, քանի դեռ իմ մէջ առկայծում է կեանքի  կրակը: Ամէն: Համբուրում եմ քեզ, սիրելի, օրինական, յաւերժական տիկինս: Քո Յովհաննէս»:

Նամակը գրուած է ռուսերէն: Ընդհանրապէս սկզբնական շրջանում նրանց նամակագրութիւնը այդ լեզուով էր: Հետաքրքրական է այն, որ նրանց ընկերական յարաբերութիւնները խորը սիրային յարաբերոււթիւնների վերաճելուն համընթաց, Քաջազնունին անցնում է հայերէնի, թէեւ  օրիորդը այնքան էլ վարժ չէր մայրենիի մէջ:

Եւ ոչ միայն ինքն է նամակները գրում բացառապէս հայերէնով, այլեւ պարտադրում, անգամ վերջնագիր է ներկայացնում աղջկան՝ պահանջելով իրեն պատասխանել միմիա՛յն հայերէնով: Նրա  ագրեսիայի յաջորդ դրսեւորումները կապուած են  հէնց հայոց լեզուի կիրարկման հետ:

13 Սեպտեմբերի, 1888 ամի

Սանկտ Պետերբուրգ

«…Երբ մարդ բան մը ունի, որ ամէնից թանկ է իրեն համար նա նորան կը փայփայէ, կը պաշտպանէ, ամենայն ջանք գործ կը դնէ, որ այդ թանկագին գինը կրկնապատկուի, եռապատկուի: Ինձ համար ամենաթանկագինը դու ես, ամենաթանկագինը լաւ հասկացիր  ասածս՝ ամենաթանկագինը: Ես այնքան սերտ կապուած եմ  հետդ, որ առանց քեզ չէ թէ երջանկութիւն,- ես կեանք անգամ չունեմ, չեմ կարող ունենալ: Եթէ այս ամէնը մինչեւ հիմա չէիր հասկացել, գոյնայ (գոնէ-Խմբ.) այժմ հասկացիր… եւ ի՞նչ կայ զարմանալու, երբ ես կ՛ուզեմ, որ դու բոլորովին համապատասխան լինես իմ իդէալիս, ունենաս այն յատկութիւնները, ինչ յատկութիւնները, իմ կարծիքովս, պիտի ունենայ ամենայն յարգուելու արժանի մարդ: Իմ համոզմունքովս, ազգութիւնից դուրս մարդկութիւն չկայ, ամենայն մարդ, ամէնից առաջ ազգի մը պիտի պատկանի,- ազգ չունեցող մարդը, ինչպէս եւ կրօն չունեցողը, այլ եւս մարդ չէ: Հայերիս, աւելի քան որ եւ իցէ ուրիշ ազգութեան, հարկաւոր է մտածել մեր ինքնութիւնը պաշտպանելու համար, որովհետեւ այդ ինքնութեանը մեծ վտանգներ կը սպառնան»:

Անձնական եւ ազգային, աւելի ճիշդ՝ ազգային եւ անձնական: Քաջազնունին դրանք չէր զատում իրարից: Իր ապագայ ընտանիքը չէր կարող դուրս լինէր հայրենասիրութեան եւ ազգասիրութեան տիրոյթներից: Իսկ այդ տիրոյթների առաջին եւ ամենակարեւոր խնդիրը  մայրենի լեզուի խնդիրն է: Խօսել, գրել հայերէն, թէկուզ սխալներով, բայց հայերէն:

1888, Դեկ. 17

«Մի բան ինձ շատ անախորժ է, քու ռուսերէն նամակները: Լսիր, այս բանի մէջ մի մազի չափ զիջում անգամ չեմ անիլ: Մեր լեզուն պէտք է հայերէն լինի: Այս բանի վերա ուշադրութիւն դարձուր եւ ապացուցուած է, որ ինձ ճիշդ կը սիրես…»:

0000KACHAZNUNI3

Քաջազնունու համար երկուսի միջեւ ճիշդ սէրը հայկականութեան եւ հայրենասիրութեան հետ  շաղախուած սէրն էր: Նրա համար չկար կին, ընտանիք, գործ, միտք, որ ուղղակիօրէն չառընչուէր  ազգային արժէքների հետ: Մի խօսքով, որպէսզի Քաջազնունին համոզուէր, որ Սաթենիկը   իսկապէս սիրում է իրեն, ուրեմն՝ վերջինս անտրտունջ պէտք է անցնէր հայերէնով հաղորդակցութեան, որքան էլ այն դժուար լինէր լեզուին վատ տիրապետելու պատճառով: Այդպէս էլ եղաւ: Ծննդեան 20ամեակի առիթով Յովհաննէսը Սաթենիկից իւրօրինակ նուէր  խնդրեց՝ խօսել մայրենի լեզուով: Դա այդ թեմայով իր վերջին խնդրանքն ու պահանջն էր:  Գրականութեան եւ արուեստի թանգարանում պահուող Քաջազնունու արխիւում այս նամակից  յետոյ՝ նշանածին հասցէագրած ռուսերէն նամակներ այլեւս չգտայ: Փոխարէնը գտայ հայերէն նամակներ եւ շուտով, արդէն ոչ թէ իր նշանածին ուղարկուած, այլ տիկնոջը՝ Սաթենիկ Միրիմանեան-Քաջազնունուն: Նրանք ամուսնացան 1889ի ամրանը: Յովհաննէսի հաստատակամութիւնը եւ վճռականութիւնը սիրած աղջկայ հարցում վերջապէս ցանկալի  հանգրուանի հասան: Նա դեռ ուսանող էր: Աւելին, ամուսնութեան տարին պարզուեց, որ նա չի փոխադրուել 2րդ կուրս, այլ մնացել է առաջինում: Յովհաննէսը արժանապատուութեան մեծ զգացում ունէր եւ ինչ որ ձեռնարկում էր, անպատճառ ուզում էր բարձր որակով եւ անթերի կատարել: Խօսքը նաեւ կրթութեանն էր վերաբերում: Ըստ երեւոյթին քաղաքական ակտիւութիւնը, Սաթենիկին սիրահարուած լինելը եւ անընդմէջ նրա համար պայքարելը որոշ չափով շեղել էին իր ուշադրութիւնը դասերից: Քաջազնունին գրում է. «Երկրորդ կուրսի քննութիւններից բոլորովին հրաժարուեցայ, որովհետեւ տես, որ պատրաստ չեմ: Իսկ քննուել եւ գրատախտակի մօտ իշու պէս կանգնել չուզեցի»:

***

Պետերբուրգի համալսարանական կեանքը 2 հունով էր ընթանում՝ մէկ՝ գիտական, միւսը՝ ընդյատակեայ քաղաքական: Եւ հայ ուսանողութիւնը քաղաքական խմբակի անդամներով ծրագրել էին Արեւմտեան Հայաստանի ազատագրութիւնը: Դա քաղաքական ռոմանտիզմի դասական   օրինակ էր: Խմբակը, որի անդամ էր նաեւ Քաջազնունին 19-20 տարեկանում, հայութեան փրկութեան այս ծրագիրը գլուխ բերելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ էր կատարել՝ Թուրքիա լրտեսներ ուղարկելուց սկսած մինչեւ տղաներ Տուլա գործուղելը՝  զինագործութեան հմտութիւնները սովորելու նպատակով: Խմբակի ամենաակտիւ անդամը  Սարգիս Կուկունեան անունով երիտասարդն էր, ով կարծում եւ հաւատում էր, որ բաւական է  մէկ զինուած ջոկատ դրօշներով եւ մարտական-հայրենասիրական երգեր երգելով՝ յայտնուի  Արեւմտեան Հայաստանի սահմանի առաջին իսկ բնակավայրում եւ ամբողջ հայութիւնը մէկ մարդու պէս ոտքի կը կանգնի եւ այլեւս սուլթանը ոչինչ անել չի կարողանայ: 1890թ. Կուկունեանի ջոկատը Կարսի մարզից պատրաստուեց անցնել Արեւմտեան Հայաստանի սահմանը: Նա ուղղակի վստահ էր, որ արեւմտահայութիւնը ընդառաջ կը գայ իրեն, եւ միասին   կը կարողանան հակահարուած տալ թուրքական սահմանապահ զօրքերին: Բայց այդպէս չեղաւ,  եւ Կուկունեանի 78 հոգուց բաղկացած ջոկատը կանգնեց թուրքական գերակշիռ ուժի առջեւ: Կուկունեանը նահանջեց եւ ընկաւ ռուսների ձեռքը: Եւ Կարսի սահմանապահ ուղեկալից ուղիղ աքսորուեց Սախալին: Արեւմտեան Հայաստանի ազատագրումը յետաձգուեց: Այն չի վերսկսուել մինչեւ օրս:

Երիտասարդական կրակը, որ առկայ էր Քաջազնունու հոգում եւ բռնկւում էր մերթ  քաղաքականութեան մէջ, մերթ անձնական-սիրային հարցերում, նոյն որակն ունէր՝ այն ռոմանտիկ-մաքսիմալիստական: Բայց այն մտորումները, որ նա ունենում էր՝ խորասուզուելիս իր  ներանձնային, ներաշխարհային ոլորտների մէջ, միանգամայն այլ բան են պատմում  Յովհաննէս Քաջազնունի անունով անհատականութեան մասին:

«Գէթ մէկ բան անհնար է՝ ունենալ գիտելիքներ, որոնց ստուգման, լրացման եւ շտկման, անգամ մինչեւ իսպառ հերքման եւ նորով փոխարինման կարիքը չլինէր: Մի՛ կառչիր դոգմաներից (վարդապետութիւններէն-Խմբ.) եւ համարձակօրէն դրանք ստուգման ենթարկիր, երբ կասկածես դրանց ճշմարտացիութեան մէջ: Բայց ինչպէս կարելի է ապրել կասկածի եւ անհաստատութեան մէջ եւ չունենալ յենման կէտ,- ինքն իրեն հարց է տալիս Քաջազնունին եւ պատասխանում, – ես ասում եմ, որ դու ապրում ես պատրանքների աշխարհում: Այս պատրանքային աշխարհը քեզ համար միակ իրական աշխարհն է: Այն, ինչ դու իրական ես համարում, իրական է միայն պայմանականօրէն եւ յարաբերականօրէն. սրանից դուրս ճշմարտութիւն չկայ: Ուշադրութիւնդ սեւեռելով ընկալուող  աշխարհի պատրանքայնութեան վրայ, ես ուզում եմ ուղղել քո մտքերը անընդհատ ինքնաստուգման, ուզում եմ ապահովագրել քեզ ինքնագոհ հանգստութիւնից եւ մեծամտութիւնից: Ես ընկալում եմ աշխարհը միայն իմ միջով եւ թողնում եմ դրա վրայ իմ սեփական մատնահետքերը: Իմ կողմից գիտակցուած, ընկալուած  ճշմարտութիւնը, ոչ թէ ճշմարտութիւն է ինքնին, այլ միայն ինձ հետ առնչուող»:

Հետաքրքիր փիլիսոփայութիւն է:

Քաջազնունին քաղաքականութեան մէջ շուտով բախուելու էր իր փիլիսոփայական թէզերին: Քաղաքական ռոմանտիզմը բախուելու էր քաղաքական ռէալիզմին, ճշմարիտ թուացող հայեացքներն ու գաղափարները դառնալու էին թէական, քաղաքական ոգեշնչուածութիւնը վերածուելու էր քաղաքական սնանկութեան: Տեղի էր ունենալու ազգային երազների մեծ   փլուզում: Երջանիկ մարդը դառնալու էր դժբախտ մարդ: Հայաստանի առաջին Հանրապետութեան դժբախտ Առաջին Վարչապետ: Չէր կարող լինել երջանիկ, երբ ժողովուրդը  քաղցած էր եւ ինքը՝ ի պաշտօնէ ոչինչ անել չէր կարող: «Իմ վրայ անասելի ծանր լուծ է դրուած, լինում են ժամեր, երբ յուսահատութիւնը կրծում է ինձ ամբողջութեամբ»,- 1919թ. Յունուարի 9ին կնոջ գրած նամակում խոստովանել է Յովհաննէս Քաջազնունին: Չէր կարող երջանիկ լինել, երբ  Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակումից յետոյ, ի դէպ յանուն որի թուրքերի դէմ կռւում զոհուել էին իր 2 որդիները, 1918 Յունիսի 4ին իր ստորագրութիւնն էր դրել Բաթումի պայմանագրի տակ: Դժբախտութիւնների շղ-թան շարունակուելու էր մինչեւ իր դաժան սպանութիւնը ԿԳԲի բանտում եւ կ՛ասէի դրանից էլ յետոյ: Բայց դեռ որ ամէն ինչ յարաբերականօրէն լաւ էր: Քաջազնունին ամուսնացել էր իր սիրած աղջկայ հետ եւ առաջին դուստրն ունեցել: Երեխային, չգիտես ինչու, կոչել էին Հրաչեայ, թէեւ աղջիկ էր: Յետագայում  Հրաչեայն՝ դժգոհ իր անունից, կ՛ընդունի նաեւ Անահիտ անունը եւ կը դառան Անահիտ– Հրաչեայ:

1891թ. դեռ ուսանող Քաջազնունին Ախալքալաքից ուտելիքով ծանրոցը ստանալուն պէս, Պետերբուրգից գրում է կնոջը. «Աչիկիս կրծած պաստեղի կտորը ինձ համար նոյնն է, ինչ որ  հաւատով հիւանդի համար Սուրբ նշխարքը: Հագել եմ քո ձեռքով կարած բաները եւ ինձ երջանիկ եմ զգում: Գոհ չեմ միայն, որ շապիկներիս վրայ Հ տառն ես կարել (աղջկայ անուան առաջին տառը):  Ես ուզում եմ, որ իմ շորերի վրայ  լինի Ս տառը (կնոջ՝ Սաթենիկի անուան 1ին տառը): Մինչեւ իսկ կրկնակօշիկներիս մէջ ես այդ տառն եմ կպցրել: Ինչ մեծ բաւականութիւն է ինձ համար, երբ գիշերները քնելիս, ես գլխիս տակ դնում եմ բարձը, որի վրայ կարուած է այդ Ս տառը եւ բարձը հէնց այնպէս եմ դարձնում, որ տառը գայ երեսիս: Համբուրում եմ քեզ՝ հոգուոյս չափ սիրելի կինս եւ աղօթում քեզ համար»:

Նրանք նոյնչափ սիրահարուած էին, որչափ մինչեւ ամուսնութիւնը: Եւ երեխաների ծնունդը ամուսինների շատ անձնական, երկուսին վերաբերող հարցերում փոխադարձ զգացմունքների, նուիրուածութեան, հետաքրքրութեան մէջ ոչինչ չէր նուազեցրել: Ընտանեկան յարաբերութիւններում երեխաները իրենց տեղն ունէին, այր եւ կին միմեանց համար իրենց անխախտ եւ մշտական տեղը:

«Խնդրում եմ հանել եւ ինձ ուղարկել աչիկիս լուսանկարը: Համարեա գիշեր չի անցնում, որ թէ քեզ եւ թէ նրան չտեսնեմ երազում: Մինչեւ անգամ պառկելիս մի տեսակ ուրախութիւն եմ զգում՝ հաւատացած լինելով, որ գոնէ քնի մէջ ձեզ հետ կը լինեմ եւ եթէ լինում են գիշերներ, որ դուք չէք գալիս, առաւօտեան շատ տխուր եմ զարթնում: Յիշում ես Սաթէն ջան, որ ես երազներ տեսնելու ամենեւին սովորութիւն չունէի, իսկ այժմ՝ հակառակն է: Եւ ոչ միայն ձեզ երկուսիդ եմ տեսնում, այլեւ երկորդին՝ փոքրիկ-փոքրիկ, բոլորովին փոքրիկ եւ, երեւակայիր, նա էլ է աղջիկ: Հրաչիկին սաստիկ նման: Համբուրում եմ քեզ սիրելիս, իմ միակ եւ յաւիտենական սէրս, իմ թանկագին կինս, համբուրում եմ 1000անգամ»:

Շուտով ծնուեց նրանց երկրորդ երեխան, բայց ոչ աղջիկ, ինչպէս երազում տեսել էր հայրիկը: Նրան կոչեցին Արամ, Արամ Քաջազնունի: Իմիջիայլոց՝ այդ երազի մասին: Պարզւում է, որ Յովհաննէսը դիտաւորեալ է գրել, թէ աղջիկ է տեսել երազում, եւ որ ինքը շատ ուրախ է դրա համար: Բանն այն է, որ նա տեղեակ էր, թէ Սաթենը ինչքան էր փափաքում ամուսնուն որդի՝  Քաջազնիութեան ժառանգորդ պարգեւելու մասին: Եւ շատ վախենում էր, որ տղայ չի ունենայ: Կնոջը քաջալերելու եւ աւելորդ յուզումներից զերծ պահելու համար էր Յովհաննէս Քաջազնունին նրբա-նկատօրէն յօրինել այդ երազի պատմութիւնը ցանկալի երկրորդ աղջկայ մասին:

Երկրորդ երեխայի ծնունդից յետոյ նա կնոջը գրում է իրենց ընտանեկան ծրագրերի մասին մասին: Եւ այդ ծրագրերում կրկին քաղաքականութիւնն է:

«Եթէ մեր այն ընդհանուր, ամենամեծ, ամենախորին, ամենասուրբ ցանկութիւնները կատարուեն, մենք կ՛երթանք, ինչպէս շատ անգամ ասել եմ քեզ, Վան եւ մեր կեանքերը կը տանք այն ուղղութեանը, որ կը պահանջի մեր պարտքը: Իսկ եթէ առ ժամանակ այդ ցանկութեան իրագործումը յետաձգուելու է, մենք՝ նուիրելով նրան, մեր բոլոր ուժերը, մեր անձնական, մեր ընտանեկան կեանքը այսպէս կը դնենք. մենք կ՛ապրենք Թիֆլիսում»:

Քաջազնունու հայրը Բաթումի կալուածքը վաճառել էր, եւ իրեն բաժին հասնող դրամով Յովհաննէսը մտածում էր հող առնել Թիֆլիսում եւ տուն կառուցել, եթէ Վան գնալը դեռ չստացուի: Մեծ հաշուով, այդպէս էլ կառուցուել է Թիֆլիսը՝ հայերն իրենց շնորհքը եւ  ամենակարեւորը՝ փողերը թափել են Թիֆլիսում եւ յետոյ զարմացել, թէ ինչու Հայաստանը, մասնաւորաբար մայ-րաքաղաք Երեւանը, մնացել է յետամնաց եւ աղքատ: 1918ին, երբ Քաջազնունին իր կաբինետով (դահլիճով-Խմբ.) Թիֆլիսից կը տեղափոխուի Երեւան, կը զգայ տարբերութիւնը: Երբ 1918ի Դեկտեմբերին Վրաստանը պատերազմ յայտարարի Հայաստանին, նա կը գրի . «Վրաստանը իր անվերջ լրբութիւններով մեզ ստիպեց պատերազմի դիմել»: Այն նոյն Վրաստանը, որի քաղաքները, տնտեսութիւնը եւ արուեստը անհեռատեսօրէն ծաղկեցրել էին  հայերը: Բայց դեռ 1892 թուականն էր, Երեւան տեղափոխուել օրակարգում չկար: Օրակարգում էին, Արեւմտահայաստանի ազատագրութեան հարցը, ցարին տապալելու գլոբալ հարցը, որ   հայերին յուզում էր այնքանով, որ առնչւում էր արեւելահայութեան ինքնութեան պահպանութեան հետ, ուսումը Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարագէտների ինստիտուտում, որին մնացել էր եւս 1 տարի  եւ անշուշտ ընտանիքը՝ կինը եւ 2 փոքրիկները.

1892թ. Ապրիլ 17

Ս. Պ.

«Շատ ուրախ եմ, որ վերջապէս վճռել ես Արամին կովի կաթով կերակրել, միայն դարձեալ զարմանում եմ, թէ ինչու դու ամենահեշտ եւ ամենապարզ բաները ծանրացնում  ես: Ի սէր աստծոյ, միթէ՞ ամէն երեխայի կերակրողը պէտք է սեփական կով ունենայ, չէ որ այն ժամանակ աշխարհը կովերի գոմ կը դառնայ: Միթէ՞ լաւ կաթ ունենալու համար դու պէտք է ծառայ վերցնես, կով գնես եւ նոյն կովին մի առանձին դիէտայով պահես: Չեմ հասկանում: Բժիշկը իբրեւ բժիշկ պիտի ասէր այն ամէնը, ինչ-որ ասել է: Դա նրա պարտաւորութիւնն է առողջութեան համար ամէն իդէալական պայմաններ առաջարկել, բայց եթէ բժիշկներու ամէն մի խորհուրդը կատարելու լինենք, այն ժամանակ աշխարհիս երեսին ուրիշ ոչինչ մտածմունքներ չպիտի ունենանք, բացի մեր մարմնոյ բարելաւութիւնը հոգալը»:

Ընտանեկան-առօրէական հարցերը նրա համար ամենեւին խորթ չէին: Կենցաղը, ապրուստը կեանքի դրսեւորման մի մասն էին, որոնց մասին պէտք էր մտածել եւ հոգալ, ինչպէս ազգային կամ քաղաքական հարցերի մասին: Տարբերութիւնը միայն դրանց տրուելու չափի մէջ էր:  Այնպէս որ, գաղափարական անհատ լինելով՝ նա սովորական մարդ էր՝ իր սպառողական պահանջներով: «Եթէ ամսական ոչ թէ 40, այլ 440 ունենամ, դարձեալ փողի կարօտութիւն պիտի զգամ, դու ինձ գիտես…

…Ուղարկում եմ քեզ ձմռան կօշիկներ՝ բարով մաշես: Կօշիկի մէջ դրել եմ մի կտոր սապոն- դա շատ լաւ սապոն է, աղջկաս համար էլ ֆրանսիական ցուցահանդէսում առել եմ մի ալժիրեան  բրասլետ, որը նոյնպէս կօշիկի մէջ եմ դրել»,- գրում է 3րդ կուրսի ուսանող Յովհաննէս Քաջազնունին կնոջը 1891ին:

Շուտով Հրաչեայի եւ Արամի օրօրոցների մէջ հերթով կը պառկեն, կը լացեն, կը ժպտան, կը նեղուեն Աշոտ, Ռուբէն, Կարէն եւ Մարգարիտ Քաջազնունիները: Նրանց հայրը աշխարհի ամենաերջանիկ մարդը կը համարի իրեն: Որովհետեւ գրեթէ անվերապահօրէն կը հաւատայ, որ իր երեխաները, առաւել եւս թոռներն ու ծոռները, ապրելու են իր երազած ինքնորոշուած- ինքնիշխան հայրենիքում: Որ իր ընտրութիւնը ճանապարհի առումով միանշանա՛կ ճիշդ է եղել: Յիշում էք իր խօսքերը. «Ես կանգնած եմ 2 ճանապարհների ընտրութեան առջեւ եւ չգիտեմ որ կողմ գնալ՝ Շեքսպիրի, թէ Էրզրումի»: Նա ընտրեց Էրզրումը, այսինքն՝ դէպի իր ծագումը տանող ճանապարհը: Բայց այդ ճանապարը միայն քաղաքական պայքարով եւ զէնքով հարթուող ճանապարհ չէր, դա նաեւ գենը կենսունակ պահելու ճանապարհն էր: Եւ նա ունեցաւ 6 զաւակ՝ 4 տղայ, 2 աղջիկ: «Ես արդէն զգում եմ ապագայի երջանկութիւնը», կ՛ասի Յովհաննէս Քաջազնունին սիրելի տիկնոջը իր ազգային մեծ երազի փլուզումից շատ տարիներ առաջ:

(Վերջը յաջորդիւ)

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
ԱՍՊԱՐԷԶ, 4 Յունիս, 2018