2018-ին հայկական աշխարհը նշում է հայոց պատմության ամենանշանալի իրադարձություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանը: Դա լոկ հարյուրամյակ չէ: Պետականության կորստից շուրջ 600 տարի անց հայ ժողովուրդը ձեռք բերեց անկախություն, իսկ այսօրվա Հայաստանի անկախության համար պարտական ենք հենց Առաջին Հանրապետության կերտողներին՝ ի դեմս Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Միքայել Պապաջանյանի, ՀՅԴ-ի ու Հայ ժողովրդական կուսակցության, հասարակական-քաղաքական այլ ուժերի, բայց առաջին հերթին՝ Արարատյան աշխարհի բնակչությանը:
Ընդամենը երկուսուկես տարվա կամ 1000 օրվա կյանք ունեցած հանրապետությունը ստեղծման ժամանակ 12 հազ․ քառակուսի կիլոմետրից դարձավ 45 հազար, իսկ անկման շրջանում՝ 30 հազար:
Ինչպես հիմնադրման, այնպես էլ անկման օրերին Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական ուժ դարձան թուրքերը՝ Օսմանյան կայսրությունն ու քեմալականները:
Ես վերջերս գրել եմ, որ Մայիսի 28-ը նշվում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման օր ոչ թե այն պատճառով, որ 1918-ի այդ օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը հռչակել է Հայաստանի Հանրապետությունը (առանց «անկախություն» և «հանրապետություն» բառերի), այլ որովհետև հենց այդ օրն էր լրանում Օսմանյան կայսրության վերջնագիրը՝ բանակցությունների համար Բաթում ուղարկել հայ պատվիրակներին: Այսօր, որքան էլ շատերի համար շոկային հնչի, հենց թուրքերն էին պահանջում, որ հայերը, վրացիներն ու թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, հռչակեն անկախություն: Որքան էլ այսօր հեգնական հնչի, բայց հայերն էին առավել ուժեղ դեմ հանդես գալիս անկախությանը երկու հիմնական մտահոգության պատճառով՝ ինչպե՞ս է հնարավոր գոյատևել Օսմանյան կայսրության հետ և առանց Ռուսաստանի:
Առաջիկա իմ հոդվածներից մեկում ես մանրամասն կներկայացնեմ այն գործիչներին ու նրանց բացատրությունները, թե ինչպես էին թուրքերը հայերին անկախություն պարտադրում՝ Տրապիզոնի խորհրդաժողովից մինչև Բաթումի բանակցություններ ու պայմանագիր:
Առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, ճակատագրի հեգնանքով, հենց Օսմանյան կայսրությունն էր, անկում ապրող մի տերություն, որի առաջնորդները ընդամենը երեք տարի առաջ հղացել, կազմակերպել ու իրագործել էին Հայոց ցեղասպանության հրեշավոր ծրագիրը: Պետականության կորստից 600 տարի անց միջազգային դիվանագիտական առաջին փաստաթուղթը, որ այդպես էլ չվավերացվեց, 1918-ի հուիսի 4-ին Բաթումի Բարեկամության և հաշտության դաշնագիրն էր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև:
Այսօր, որքան էլ շատերի համար շոկային հնչի, հենց թուրքերն էին պահանջում, որ հայերը, վրացիներն ու թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, հռչակեն անկախություն: Որքան էլ այսօր հեգնական հնչի, բայց հայերն էին առավել ուժեղ դեմ հանդես գալիս անկախությանը երկու հիմնական մտահոգության պատճառով՝ ինչպե՞ս է հնարավոր գոյատևել Օսմանյան կայսրության հետ և առանց Ռուսաստան:
Հանրապետության հիմնադրման առաջին հինգ ամիսներին նրա հիմնական դաշնակիցը Քառյակ միություն էր՝ Օսմանյան կայսրությունը, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան: Հայաստանի դեպքում, անշուշտ, տոն տվողը Օսմանյան կայսրություն էր, որի հետ 1918-ի հունիս-նոյեմբեր ամիսներին ունեցել ենք դիվանագիտական ամենաակտիվ հարաբերությունները:
Ճիշտ է նաև, Բաթումի Բարեկամության և հաշտության դաշնագիրը թուրքերը պարտադրել են հայերին, պարտադրել՝ բառի բուն իմաստով: Նույն կերպ պարտադրվել են դաշնագրին կից մյուս արձանագրությունները, որոնց մասին անգամ բուհական դասագրքերում չի հիշատակվում: Այդ բոլոր արձանագրությունները, ինչպես նաև 1918-ի հունիսի 17-ից հուլիսի 13-ը Ալեքսանդրապոլում կայացած հայ-օսմանյան/թուրք խառը հանձնաժողովի պատրաաստած փաստաթղթերը մենք առաջիկայում ներկայացնելու ենք հայ հանրությանը: Նշենք, որ այդ օրերին Ալեքսանդրապոլը գտնվում էր թուրքական գրավման տակ, թուրքական կողմից հիմնական բանագնացը Քյազիմ Կարաբեքիրն էր, ով 1920-ի աշնանը երկրորդ անգամ պիտի գրավեր Ալեքսանդրապոլը՝ Գյումրին:
Հայ-օսմանյան դիվանագիտական ինտենսիվ հարաբերությունների գագաթնակետը 1918-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներն էին, երբ հայկական պատվիրակությունը, որը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, Պոլսում բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Էնվերի, Թալեաթի, թուրք այլ պաշտոնյաների, Քառյակ միության Պոլսի ներկայացուցիչների հետ: Այդ շրջանում Պոլսում աշխատում էին նաև Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները: Պոլսի հանդիպումների և շփումների առանցքում սահմանային խնդիրներն էին անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:
Հայկական մյուս պատվիրակությունը՝ Համո Օհանջանյանն ու Արշակ Զուրաբյանը, դիվանգիատական աշխատանք էին տանում Քառյակ միության պետություններից մեկ այլ մայրաքաղաքում ՝ Բեռլինում:
1918-ի հոնիսից մինչև նոյեմբեր ընկած հատվածում երկու անգամ Երևան է այցելել Խալիլ փաշան՝ հայերի մեկ այլ ջարդարար: Առաջին անգամ նա մայրաքաղաք է ժամանել Քառյակ միության Թիֆլիսի ներկայացուցիչների հետ: Խալիլին Երևանում ընդունել է վարչապետ Քաջազնունին, իսկ Մայր Աթոռում՝ Գևորգ 5-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Այս այցի ընթացքում էր, որ հայերը, մասնավորապես ներքգործնախարար Արամ Մանուկյանի շնորհիվ, ով Խալիլին լավ ճանաչում էր Վանից, կարողացան թուրքերից ստանալ ցորեն: Այն օրերին Հայաստանի համար կենսական ապրանքներ՝ հաց ու նավթ ստանալու նպատակով, Պոլսում գտնվող հայկական պատվիրակությունը, որի կազմում էր նաև արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, դիմում էր Էնվերին ու Թալեաթին, որպեսզի վերջիններս ազդեն Ադրբեջանի վրա: Ադրբեջանը, որպես ճնշման միջոց և Հայաստանից տարածքներ կորզելու եղանակ, Բաքվից նավթ և հաց չէր թողնում Երևան: 1918-ի օգոստոսին Երևանից Պոլիս հասավ Արտաշես Բաբալյանը, որի առաքելությունն էր թուրքերի միջնորդությամբ Ադրբեջանից հաց և նավթ ստանալու դիվանագիտական աշխատանքը:
Այս շրջանում Օսմանյան կայսրությունը Երևանում բացեց դեսպանություն, որը գտնվում էր այսօրվա Սախարովի հրապարակի՝ ցարական ժամանակներում կառուցված շենքերից մեկում: Դեսպանը Ալի Մեհմեդն էր: Հայաստանն էլ Պոլսում ունեցավ դեսպանություն, իսկ դեսպանը Ֆերդինանդ Թախթաջյանն էր:
Ամփոփելով, կարող ենք ասել, որ 1918-ի հունիս-նոյեմբեր ամիսներին, մինչև Քառյակ միության պարտությունը Առաջին աշխարհամարտում, Հայաստանն ու Օսմանյան կայսրությունը եղել են դաշնակիցներ, գուցե՝ պարտադրված, բայց դաշնակիցներ: Ովքեր կասկածի տակ են դնում իմ այս պնդումը, առաջարկում եմ այցելել Հայաստանի Ազգային արխիվ և ուսումնասիրել, մասնավորապես թիվ 200 ֆոնդը: Իսկ եթե ձեր ժամանակը չի ներում, հետևեք իմ գրություններին: Մինչև 2018-ի մայիս մենք ներկայացնելու ենք մեր պատմության ամենահակասական շրջաններից մեկի՝ 1917-1921 թվականների մանրամասները:
Թաթուլ Հակոբյան