ԾԱՆՈԹ. – Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում ամենամեծ տնտեսական անկումը գրանցվել է 1992-ին՝ 43 տոկոս: Եվ դա բնական էր, քանի որ 1992-ը ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող և միութենական հանրապետությունների անկախության առաջին տարին էր: Հիշեցնենք, որ 1992-ի առաջին յոթ ամիսներին վարչապետը նախկին կոմունիստ Գագիկ Հարությունյանն էր, այսօրվա Սահմանադրական դատարանի նախագահը, մյուս հինգ ամիսներին՝ ևս մեկ նախկին կոմունիստ Խոսրով Հարությունյանը:
Սրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ հետխորհրդային տարածքում, բացի բալթյան երկրները, առաջինը Հայաստանն էր, որ գրանցեց տնտեսական աճ մի քանի տարիների անկումից հետո: Դա տեղի ունեցավ 1994-ին, երբ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր:
Ներկայացնում ենք 1992 թվականի այս օրվա՝ օգոստոսի 5-ի պաշտոնական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ օրաթերթի հրապարակումը երկրի տնտեսական վիճակի մասին:
Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը 1992-ի առաջին կիսամյակում. Հայաստանի վիճպետվարչության հաղորդագրությունը
Կիսամյակի արդյունքները վկայում են հանրապետության տնտեսության ծայրաստիճան բարդ, ճգնաժամային վիճակի մասին:
Հիմնական պատճառները`
Հայաստան մտնող երկաթուղիների և գազի շրջափակումները,
Խարխլվել են տնտեսական կապերը ԽՍՀՄ-ի փլուզումից առաջացած, շուկայական տնտեսության ճանապարհով ընթացող անկախ պետությունների հետ,
Արտադրության ծավալները կրճատվում են,
Սպառողական շուկան ապակայունացել է,
Ապրանքների դեֆիցիտի խորացում,
Արժեզրկման գործընթաց:
Հայաստանի համախառն ազգային արդյունքը 1991-ի առաջին կիսամյակի համեմատությամբ նվազել է 43.3 տոկոսով:
ՀՀ, թիւ 152, 5 օգոստոս, 1992