Ինչու հայաստանցի վերլուծաբանները չկարողացան կանխատեսել թավշյա հեղափոխությունը․ Միքայել Զոլյան

1468

Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքագետ
ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ, մայիս, 2018

Քաղաքագետներդիլետանտներ և քարոզիչներ

Դեռ նոր էր ավարտվել Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով համահայկական տոնակատարությունը, երբ սոցիալական ցանցերում ոմանք սկսեցին հարցնել. ինչո՞ւ ոչ ոք չէր կանխատեսել այս ամենը, ու՞ր էին քաղաքագետներն ու վերլուծաբանները:

Հայաստանցի քաղաքագետներին մեղադրում էին նրա մեջ, որ նրանք չկարողացան կանխատեսել թավշյա հեղափոխությունը: Եվ, իրոք, եթե հետ նայենք և ուսումնասիրենք քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական մեկնաբանների և լրագրողների հոդվածները, հարցազրույցները, մեկնաբանությունները, ապա, թերևս, գրեթե չենք գտնի որևէ վերլուծություն, որն իրադարձությունից գոնե մի քանի շաբաթ առաջ կանխատեսած կլիներ դեպքերի ընթացքը: Ոմանք դրանից հետևություն էին անում Հայաստանում քաղաքագիտության ցածր մակարդակի, ոմանք էլ՝ քաղաքագետների ծախվածության մասին: Սակայն, այս մեղադրանքների մեծ մասը, կարծում եմ, անհիմն է: Այնպես որ, այս հոդվածով կփորձեմ գոնե մասամբ արդարացնել հայաստանցի  քաղաքագետների և վերլուծաբանների համայնքին:Սակայն, նախ՝ պետք է որոշակի մասով համաձայնեմ մեղադրանքների հետ: Իրոք, Հայաստանի քաղաքագիտական դաշտում շատ են մարդիկ, որոնք միգուցե և ազնիվ են իրենց արտահայտած կարծիքներում, սակայն ի վիճակի չեն քաղաքականության մասին շատ թե քիչ գիտական հենքի վրա հիմնված դատողություններ անել: Հայաստանում կարելի էր մատների վրա հաշվել այն քաղաքական վերլուծաբաններին, որոնք հետևում են ոչ միայն քաղաքական գործընթացին, այլև քաղաքագիտության և հասարակական այլ գիտությունների ոլորտում նոր տեսություններին և միտումներին: Իսկ հեղափոխությունից հետո նրանք էլ ավելի քիչ կլինեն, քանի որ նրանցից ոմանք նոր կառավարության մեջ պաշտոններ են ստացել կամ էլ, հավանաբար, կստանան:  Հուսով եմ, իրավիճակը կշտկի քաղաքագետների նոր սերունդը, բայց մինչ այդ մենք դատապարտված ենք համբերությամբ դիմանալ դիլետանտիզմի առկայությանը քաղաքական վերլուծությունների ոլորտում:

Էլ ավելի ցավալի է, որ քաղաքական վերլուծությունների դաշտում քիչ չեն  մարդիկ, ովքեր պարզապես կատարում են որոշակի քաղաքական պատվեր:  Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զարգացավ մի ամբողջ ցանց, որը կազմված էր մարդկանցից, ովքեր ներկայանում էին որպես ակտիվիստ, բլոգեր, քաղաքագետ, լրագրող և այլն, բայց իրականում ընդամենը ստանձնել էին որոշակի դեր տեղեկատվական հոսքերի կառավարման իշխանական ռազմավարության մեջ: Միանգամից ասեմ, որ չեմ պատրաստվում արդարացնել կեղծ-վերլուծաբանների այս երկու խմբերին: Իմ նպատակն է պաշտպանել այն բազմաթիվ ազնիվ և բանիմաց քաղաքագետներին ու քաղաքական վերլուծաբաններին, ովքեր,   այնուամենայնիվ, չէին կանխատեսել դեպքերի ընթացքը: Այսինքն, այլ կերպ ասած, գրեթե ամբողջ քաղաքագիտական փորձագիտական համայնքին:

Ինքնախոստովանություն՝ ինքնագովազդի տարրերով

Բայց նախ, մինչև մեղայականով հանդես գալը, թույլ տվեք զբաղվել մի փոքր ինքնագովազդով: Իհարկե, ես էլ չէի կարողացել կանխատեսել հեղափոխության ընթացքը:  Սակայն, ընդհանուր առմամբ, ինքս դժգոհ չեմ իմ աշխատանքից, քանի որ վերջին տարիների իմ կանխատեսումներից ու վերլուծություններից շատերը հաստատվեցին: Դեռ այն ժամանակվանից, երբ ձեռնարկվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ես պնդում էի, որ այս ամենի իրական նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն է, բայց նաև ասում էի, որ Սերժ Սարգսյանը չունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են իշխանությունը ցմահ պահելու համար: Ասում էի նաև, որ ապրիլյան պատերազմը հուժկու հարված է հասցրել Սերժ Սարգսյանի ռեժիմի և ընդհանրապես հին քաղաքական վերնախավի լեգիտիմությանը: Ասում էի անգամ, որ Սերժ Սարգսյանի ցմահ իշխանության դեմ պայքարը կարող է դառնալ այն ծրագիրը, որի շուրջ կստեղծվի ընդդիմության լայն կոալիցիա, և կարող է առաջանալ վերնախավի պառակտում: Եվ այս ամենն իրոք տեղի ունեցավ: Բայց… Ես ենթադրում էի, որ այս ամենի համար կպահանջվեն տարիներ: Իրականում, ինչպես տեսանք, այս ամենի համար պահանջվեց մեկ ամսից մի փոքր ավել ժամանակ:

Շատ բնորոշ է նաև այն, թե ինչպես էր փոխվում իմ անձնական կարծիքը շարժման հեռանկարների մասին: Երբ տեղի ունեցան առաջին ակցիաները, ես դրանց դրական էի վերաբերվում, բայց թերահավատ էի: Այնուհետև ինձ մոտ առաջացավ որոշակի զգույշ լավատեսություն. ես հույս ունեի, որ այդ ակցիաների շնորհիվ մենք կունենանք նորացված և ավելի ուժեղ ընդդիմություն, որը թույլ չի տա երկրի լիակատար «թուրքմենացումը»: Երբ շարժումը հզորացավ, ես եկա այն համոզմունքին, որ այն լուրջ հարված է հասցնելու Սերժ Սարգսյանի լեգիտիմությանը, և նա, ի վերջո, ստիպված կլինի հեռանալ, բայց կարծում էի, որ այդ գործընթացը կարող է տևել տարիներ: Երբ ապրիլի 16-ին հարցազրույց տվեցի լրագրող Սիրանույշ Պապյանին, և նա այն վերնագրեց «Շարժումն անհետեւանք չի մնա, Սերժ Սարգսյանը ստիպված կլինի հեռանալ», ես անհանգստացա, որ իմ կանխատեսման մեջ չափազանց անզգույշ եմ եղել:

Միայն ապրիլի 20-ին, շրջելով Երևանի փողոցներով, ես հասկացա, որ անկախ նրանից, թե ինչով կավարտվի այս շարժումը, Հայաստանն արդեն այնքան հիմնավոր է փոխվել, որ նույնիսկ այնքան էլ էական չէ, թե ինչքան ժամանակ կդիմանա Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին, Երբ Սերժ Սարգսյանը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից, իսկ լրագրողների մեծ մասը մնաց սրահում, ես զգացի, որ շարժումը հաղթելու է: Բայց, ինքս վախեցա իմ այս եզրահանգումից: Իմ անհանգստությունը խորացավ, երբ Նիկոլ Փաշինյանին և շարժման մյուս առաջնորդներին ձերբակալեցին. ես, ինչպես և  շատ շատերը, սպասում էի, որ իշխանությունը բռնության կդիմի: Նույն օրը երեկոյան, երբ ես կանգնած էի ՀԲԸՄ շենքի պատշգամբում և այնտեղից դիտում էի մարդկանց անվերջանալի հոսքը դեպի Հանրապետության հրապարակ, ես համոզվեցի, որ շարժումը հաղթելու է. այլ ելք պարզապես հնարավոր չէր: Եվ, այնուամենայնիվ, անգամ այդ պահին ես չէի համարձակվում ենթադրել, որ Սերժ Սարգսյանին պաշտոնավարմանը մնացել էր 24 ժամից էլ պակաս:

Ինչո՞ւ են հեղափոխություններն անկանխատեսելի

Բայց մի կողմ դնենք հաճելի հիշողությունները և վերադառնանք բուն խնդրին. ինչո՞ւ էր այդքան դժվար կանխատեսել հայկական հեղափոխությունը: Իրականում, սա միայն հայկական հեղափոխության առանձնահատկությունը չէ: Հասարակական գիտությունների մեջ հայտնի հանգամանք է, որ հեղափոխությունները դժվար կանխատեսելի են: Բանն այն է, որ սովորաբար դրանք տեղի են ունենում ոչ ժողովրդավարական համակարգերում, որտեղ մարդիկ այս կամ այն չափով գերադասում են չարտահայտվել իրենց իրական կողմնորոշումների մասին: Ավելին, երբ հեղափոխությունը, այնուամենայնիվ, տեղի է ունենում, հանկարծ պարզվում է, որ շատ շատերն էին հեղափոխության կողմնակից, քանի որ հեղափոխության կողմնակից լինելը դառնում է գովելի, իսկ հին ռեժիմի կողմնակից լինելը՝ պախարակելի: Այս երևույթը սոցիոլոգիայի մեջ երբեմն կոչում են նախընտրությունների կեղծում: Կարծում եմ, մեզնից շատերն են այդ երևույթին ականատես եղել վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մեր իսկ շրջապատում:

Սակայն, կա նաև ավելի լուրջ գործոն. ոչ ժողովրդավարական համակարգերն ինքնին անկանխատեսելի են: Սա կարող է տարօրինակ թվալ ընթերցողին: Հետխորհրդային տարածքում կա տարածված կարծրատիպ, թե իբր բռնատիրական համակարգերը, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ավելի կայուն են, քան ժողովրդավարականները: Իրականում այս պնդումը հեռու է իրականությունից: Եթե դրա մեջ կա ճշմարտության հատիկ, ապա դա վերաբերում է թերզարգացած, անցումային, դեռևս չկայացած ժողովրդավարություններին: Բայց, ընդհանուր առմամբ, պատմական փորձը ցույց է տալիս, որ կայուն ժողովրդավարությունները զգալիորեն ավելի կայուն են, քան ամենակայուն բռնատիրությունները: Ավտորիտար համակարգն արտաքնապես կայուն է թվում, սակայն կարող է կործանվել անգամ այն պահին, երբ ներկայանում է իբրև առավել հզոր և կայուն: Այս առումով անգամ 2017թ. ընտրությունները, որոնցում ՀՀԿ-ն հաղթանակ էր տարել, հուսալի ցուցանիշ չէին կարող լինել: Եգիպտոսում իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տոնել 2010թ. նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ 2011թ. հունվարի 25-ին սկսվեց հեղափոխությունը, որն ավարտվեց նախագահ Մուբարաքի տապալմամբ: Այնպես որ, ավտորիտար համակարգերի ճակատագրերն իրոք անկանխատեսելի են, և այս առումով Սերժ Սարգսյանի գլխավորած ավտորիտար համակարգը բացառություն չէր:

Սակայն, երբ խոսում ենք քաղաքագետների և կանխատեսումների մասին, այստեղ կա ևս մեկ, էլ ավելի մեծ խնդիր: Իրականում ինքնին այն պատկերացումը, որ քաղաքագետների և վերլուծաբանների գործը կանխատեսումներ անելն է, միանգամայն սխալ է: Ցավոք, հայ հասարակության զգալի մասը քաղաքական վերլուծաբանին պատկերացնում է աստղաբանի, սուրճի բաժակ նայողի, կամ, լավագույն դեպքում, օդերևութաբանի դերում, այսինքն՝ այն մարդկանց դերում, ում խնդիրն է գուշակել կամ կանխատեսել ապագան: Սակայն, իրականում, վերլուծաբանը նման է բժշկի: Նրա խնդիրն է տալ հասարակության առջև կանգնած խնդիրների հստակ ախտորոշումը և առաջարկել դեղատոմսեր: Բայց այդ ախտորոշումն ընդունելը և այդ դեղատոմսերին հետևելը արդեն իսկ ոչ թե վերլուծաբանի, այլ քաղաքական գործիչների և, ավելի լայն առումով, ամբողջ հասարակության գործն է: Բժիշկը կարող է զգուշացնել, որ ծխելը վնասակար  է առողջության համար և խորհորդ տալ ծխելը թողնել: Կարող է նաև ծխելը թողնելու օպտիմալ տարբերակ առաջարկել: Բայց ծխել, թե չծխել՝ սա արդեն հիվանդի գործն է:

Նույն կերպ էլ քաղաքագետը՝ լավագույն դեպքում կարող է վերլուծել հանրության առջև կանգնած մարտահրավերները և առաջարկել դրանք հաղթահարելու ձևեր: Իսկ մնացածը կախված է քաղաքացիներից: