Ադրբեջանի զինուժը հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով. ՌազմԻնֆո

3404

Ինչ է կատարվում Նախիջևանում. արբանյակային պատկերներ

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում:

Առաջ անցնելով՝ շեշտենք, որ.

  1. Ադրբեջանական դիրքերն առաջ տանելու մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջևանի տարածքում)։
  2. Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ մեր ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։

Նշենք նաև, որ չենք անդրադառնում հայկական կողմի գործողություններին, քանի որ դրանց մասին պաշտոնական աղբյուրներից մանրամասներ դեռևս չկան։

Զննել ենք ս.թ. մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երևացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում:


Առաջխաղացման ուղղությունները ավելի պարզ ցույց տալու համար առանձնացրել են պայմանական A, B և C հատվածները: (Լուսանկարների միջև փոփոխությունները տեսնելու համար շարժեք նկարի մեջտեղի ուղղահայաց սպիտակ գիծը)։

A. Տե´ս. 2 մայիսի, 2018 թ. / 27 մայիսի, 2018 թ. լուսանկարների համեմատություն (բարձր խտության լուսանկարներով)

Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Նշենք, որ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում:

Այս հատվածում ինժեներական աշխատանքների հետքեր նկատվում են մայիսի 2–17-ը ընկած հատվածում, սակայն հիմնական շինարարությունը իրագործվել է մայիսի 17–27-ը ժամանակահատվածում:

B. Տե´ս. 17 մայիսի, 2018 թ. / 27 մայիսի, 2018 թ. լուսանկարների համեմատություն (բարձր խտության լուսանկարներով)

Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ձեռնարկում է ինժեներական աշխատանքներ Արենիի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արևելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձուքում։

Հարկ է նշել, որ Արենի գյուղն իր մատույցներով բավականին հեռու է ադրբեջանական նոր դիրքերից, և հրաձգային զենքի համար գործնականում անհասանելի:

C. Տե´ս. 17 մայիսի, 2018 թ. / 27 մայիսի, 2018 թ. լուսանկարների համեմատություն (բարձր խտության լուսանկարներով)

Մայիսի 17-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցնում նաև ջրամբարի հարավային ափին, հայտնվելով Արենիի այգիներից մոտ 2000 մ, իսկ մոտակա հայկական դիրքերից՝ մոտ 750 մ հեռավորության վրա:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի համաքաղաքացիներ. ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն:

Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան:

«Արենի գյուղի մոտ նոր ադրբեջանական դիրքեր: Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, եւ մեր դիրքերը այս պահին ավելի ցածր են:

Siranush Tumanyan-ի լուսանկարը:Siranush Tumanyan-ի լուսանկարը:

Գյուղում խուճապ է: Չհավատացողներին եւ հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի եւ համոզվել», – գրել է Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Այս հարցի հետ կապված ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-ը պարզաբանում է ստացել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

– Պարոն Հովհաննիսյան, քիչ առաջ համացանցում լուսանկարներ են տարածվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական բարձրադիր նոր դիրքեր են հայտնվել, եւ նշվում է, որ հիմա գյուղում խուճապի մեջ են:

– Ոչ մի խուճապի առիթ չկա:

– Բայց ճի՞շտ է, որ նոր դիրքեր են հայտնվել:

– Ես չեմ կարող ասել, Ադրբեջանն իր տարածքում կարող է դիրքեր դնել: Իրենց դիրքերն իրենց պետության ներսում են, մեր դիրքերի նկատմամբ որեւէ փոփոխություն, որեւէ ակտիվություն չկա:

– Բայց, եթե մեր դիմաց գտնվող դիրքը բարձրադիր է, անհանգստանալու բան չունե՞նք:

– Այնքան այդպիսի դիրքեր կան, մեկ դիրք իրենք ունեն բարձրադիր, 5 դիրք՝ մենք:

Ի՞նչ վտանգ կարող է սա իրենից ներկայացնել, ՊՆ-ն անհանգստանալու կարիք ունի՞:  ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-ի հարցերին պատասխանել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ինչպես նաեւ Արենի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանը:

– Պարոն Վրթանեսյան, համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան, ի՞նչ գիտեք այդ մասին, կմանրամասնե՞ք:

– Որոշ հատվածներում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են տվել:

– Այսինքն՝ իրենց տարածքո՞ւմ, թե՞ արդեն մեր տարածքում:

– Իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այսպես ասեմ, ըստ քարտեզի՝ դա Նախիջեւանի տարածքն էր, բայց իրականում իրենք այդտեղ ներկայություն չունեին այսքան տարի:

– Իսկ սա ինչքանո՞վ է վտանգ հանդիսանում հիմա, բարձրադիր դիրք է չէ՞ զբաղեցնում:

– Որոշ տեղերում իրենք իրենց դիրքերը բարելավել են:

– Սա առիթ տալի՞ս է մտածելու, որ հնարավոր է ինչ-որ գործողություն սկսեն:

– Մենք ցանկացած դեպքում չենք կարող բացառել, որ պետք է հակառակորդից սպասել ռազմական գործողությունների վերսկսման, ես միշտ եմ դա ասել: Ըստ այդմ՝ սա կամ ցանկացած այլ գործողություն կարելի է դիտարկել այդ տեսակետից: Բայց տվյալ դեպքում պնդել, որ հենց այս գործողությունը ինչ-որ հեռու գնացող պլանների մի մաս է, դա սպեկուլյացիա կլինի: Կարող է այդպես է, կարող է այդպես չէ:

– Իսկ գյուղի բնակիչներն այս դեպքում անհանգստանալու առիթ ունե՞ն, իրենց համար ադրբեջանական բարձրադիր դիրքերը ինչ-որ բան փոխո՞ւմ են: Նրանք դիտարկվո՞ւմ են այդ դիրքերից:

– Եթե տեսել եք, այսօր ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել այդ գյուղից, այսինքն՝ լուսանկարն արվել է գյուղից, ինչը նշանակում է, որ գյուղը դիտարկվում է:

– Այսինքն՝ այդ առումով ՊՆ-ն մտածելու առի՞թ ունի:

– Դե, ցանկացած դեպքում ունի, այլ հարց է՝ ինչ լծակներ կարող է ունենալ, որովհետեւ էլի եմ ասում՝ տեսականորեն դա Նախիջեւանի տարածք է: Այլ հարց է, որ մինչ այժմ նման քայլերի չեն գնացել ադրբեջանցիները:

Հարցի շուրջ զրուցեցինք նաեւ Արենի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանի հետ:

– Պարոն Սիմոնյան, համացանցում լուսանկարներ են տարածվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան, եւ գյուղում էլ հիմա խուճապ է, ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

– Գյուղում խուճապ չկա, իրենց տարածքում դիրք են ավելացրել, ճիշտ է, բայց իրենց սահմանի վրա է:

– Մինչեւ հիմա այդ դիրքերը էլի բարձրադի՞ր են եղել:

– Դիրքերը ո՛չ մեր կողմից են զբաղեցված եղել, ո՛չ իրենց, բայց գտնվել են իրենց սահմանում: Պարզապես, իրենք իրենց սահմանի վրա նոր դիրք են ավելացրել:

– Գյուղը դիտարկվո՞ւմ է հիմա իրենց կողմից:

– Դիտարկման տակ է մի մասը: Սարի վրա, որտեղ նոր դիրք են ավելացրել, դիտարկման տակ է գյուղը:

– Այս ամենից հետո բնակիչների մոտ խուճապ չկա՞:

– Չէ, խուճապային ոչ մի բան չկա, բոլորն էլ ամեն մեկը իրենց աշխատանքին են: Նույնիսկ սահմանամերձ տարածքներում, այգիներում աշխատում են:

– Իսկ ՊՆ-ից արդեն այցելե՞լ են այդտեղ՝ ուսումնասիրելու համար:

– Այո, եկել են, բոլորն էլ տեղյակ են, եկել են, նայել են: Ոչ մի արտառոց բան չկա, ճիշտ է՝ դիրքը նոր են դրել իրենք, բայց ծանր տեխնիկայի համար հարմար տեղ չէ, պարզապես սարի գլխին են:

– Դիպուկահարի միջոցով չե՞ն կարող ինչ-որ գործողություններ իրականացնել:

– Ոչ` բավականին հեռու է: