Վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Նիկոլ Փաշինյանը կատարում է Հայաստանի հյուսիային հարևան Վրաստան: Հայաստանի շուրջ 30-ամյա անկախության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը առաջինը այցելում է հենց Վրաստան:
Մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Փաշինյանը այցելել է Արցախ, իսկ մայիսի 13-14-ին՝ Սոչի: Երկու այցերն էլ եղել են աշխատանքային: Մասնավորապես, Սոչիում, որտեղ կայացավ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Փաշինյանը մասնակցում էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
Հատկանշական է, որ Թբիլիսիից բացի, Փաշինյանը այցելելու է նաև գերազանցապես հայերով բնակեցված Ջավախք երկրամաս: Հայաստանի առաջնորդները Վրաստան կատարել են բազմաթիվ պաշտոնական և աշխատանքային այցեր, սակայն հազավադեպ է լինում, երբ նրանք այցելում են նաև Ջավախք:
Առաջին անգամ, Վրաստան այցի շրջանակներում, Ջավախքում եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ամռանը, որտեղ կայացել է նրա հանդիպումը այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած բազմաթիվ պաշտոնական այցերի շրջանակներում Ջավախք չեն այցելել:
Թբիլիսիի Ալիք Մեդիա հայկական տեղեկատվական հարթակը գրում է, որ պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մայիսի 31-ին, Փաշինյանը Թբիլիսից կուղևորվի Սամցխե-Ջավախքի երկրամաս՝ կարճատև կանգառներ տալով Ծալկա շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա և Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նինոծմինդա քաղաքում Հայաստանի վարչապետը «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի հետ:
Վրացական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հաղորդում Նիկոլ Փաշինյանի՝ մայիս 30-31-ը կատարելիք այցի մասին:
Մասնավորապես, Փաշինյանը մայիսի 30-ին հանդիպումներ կունենա իր վրացի գործընկեր ԳիորգիԿվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Այցի առաջին օրը Փաշինյանը Վրաստանի ամբողջականության պահպանության համար ընկածների՝ «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի, ինչպես նաև կայցելի հայոց մեծերի՝ «Խոջիվանք» պանթեոն, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորդ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա թիֆլիսահայերի հետ:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի օր առաջ՝ մայիսի 26-ին, այցելել է Վրաստան: Ուշագրավ է, որ ինչպես վարչապետի դեպքում, Հայաստանի նախագահը ևս առաջին արտասահմանյան այցը տվեց Վրաստան:
Մայիսի 26-ին Վրաստանը, իսկ 28-ին՝ Հայաստանը, նշել են իրենց հանրապետությունների հիմնադրման 100-ամյակը: Փաշինյանի այցի ընթացքում նախատեսված են մի քանի միջոցառումներ, որոնք նվիրված կլինեն երկու հանրապետությունների հռչակման 100-ամյակին:
Թաթուլ Հակոբյան
Թբիլիսի, ՍիվիլՆեթ