Դիվանագետ Գառնիկ Բադալյանի «Իրան. հանրագիտարան»-ը՝ սեղանի գիրք

3102

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Հայաստանի փորձառու դիվանագետներից իրանագետ-բանասեր Գառնիկ Բադալյանի 880 էջանոց «Իրան. հանրագիտարան» արժեքավոր հատորը, որը սեղանի գիրք կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ Հայաստանի հարավային հարևանին, նրա քաղաքականությունը, մշակույթը, տնտեսությունը ու գրեթե ամեն բան, ինչ վերաբերում իսլամական հանրապետությանը, հայ-իրանական հարաբերություններին, իրանահայությանը:

«Իրան. հանրագիտարան» հատորը ընդգրկում է 1800 բառ-հոդված, շուրջ 1200 նկար և քարտեզ, որոնք ներկայացնում են հնագույն երկրի պատմության բոլոր շրջանները, Իրանի և իրանական բարձրավանդակի աշխարհագրությունը, բնությունն ու բնական հարստությունները, գրականությունն ու ճարտարապետությունը, լեզուն ու կրոնը:

Անկախության առաջին օրվանից՝ 1991-ից Հայաստանի արտգործնախարարության դիվանագետ Գառնիկ Բադալյանը, ով երկար ժամանակահատված եղել է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, «Իրան. հանրագիտարան»-ում առանձին ներկայացնում է հայ-իրանական հարաբերությունների բոլոր ժամանակաշրջաններին և բնագավառներին վերաբերող հոդվածներ:

Բադալյանը, որ տիրապետում է պարսկերենին, անգլերենին և ռուսերենին, հատորը կազմելու տարիներին օգտվել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներից, այդ թվում՝ տարբեր հանրագիտարաններ, կենսագրական, տեղեկատվական ու բացատրական  բառարաններ, ամսագրեր, թերթեր, ալբոմներ:

Հատորի հրատարակությունը 500 օրինակ տպաքանակով հնարավոր է դարձել բարերարներ Լևոն Ահարոնյանի, Ռուզաս Մարգարյանի, Պարթև Սաբագոլյանի, Թեհրանի «Նայիրի» հրատարակչության շնորհիվ:

Ի դեպ, վերջերս Թեհրանում լույս է տեսել Բադալյանի հեղինակած՝ Հայաստան-Իրան հարաբերություններին նվիրված գիրքը Գարուն Սարգսյանի և Խոսրավ Թուրաջի պարսկերեն թարգմանությամբ: Գիրքը 500 օրինակով հրատարակել է Իրանի արտգործնախարարության միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնը:

Ստորև՝ Գառնիկ Բադալյանի արժեքավոր հոդվածը Հայաստան-Պարսկաստան հարաբերությունների վերաբերյալ 1918-1922 թթ.

https://www.aniarc.am/2017/07/29/armenia-iran-1918-1922-garnik-badalyan/