«Պատասխանատուների» և «Հայաստանի Հանրապետության» ներակայացումը՝ մայիս 24-ին, Սարգիս Մուրադյան պատկերասրահում

893

Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մայիսի 24-ին, հինգշաբթի օրը, ժամը 13.00-ից 14.00-ը Սարգիս Մուրադյան պատկերասրահում (Իսահակյան, 38) կներկայացնի իր վերջին երկու հրատարակությունները՝ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» հատորները:

Գրքերը կներկայացնի ՍիվիլՆեթի լրագրող և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, ով նաև այդ հատորների խմբագիրն է:

ՍԴՀԿ նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորի համար առաջաբան է գրել հնչակյան գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, դոկտոր Եղիկ Ճէրէճեանը Բեյրութից։

Այս գրքում մանրամասն ներկայացվում են հայկական երկու ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի և ՍԴՀԿ-ի շփումները Իթթիհադի և Իթթիլաֆի հետ:

Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) երրորդ ռազմական և չորրորդ ներքին գործերի նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» աշխատությունը ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

«Ռուբենի այս գործը, թեև ամբողջությամբ չի ծածկում Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) պատմությունը, սակայն չափազանց կարևոր մանրամասներ է ներկայացնում 1919 թվականի աշնանը (27 սեպտեմբեր-30 հոկտեմբեր) Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովից մինչև 1920 թվականի մայիսյան բոլշևիկյան ապստամբությունը ընկած ժամանակահատվածի մասին»,- ասել է Թաթուլ Հակոբյանը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն