Չեկիստներ, մատնիչներ, ստուկաչներ. ում կամ ինչի մասին է Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը». ԱՌԱՎՈՏ

1302

Այսօր իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» գրքի շնորհանդեսն էր, որը հրատարակել է «Անի» կենտրոնը:

«Իմ անցած ճանապարհին հանդիպած մարդկանց մասին է: Ակնարկներ են, պատմություններ են, պետք է թերթել ու նայել: 8 տարվա ընթացքում հանդիպած մարդկանց մասին է», – ներկայացնելով գիրքը՝ ասաց Վարդան Հարությունյանը:

Գրքում ուշագրավ դրվագներ են բանտային կյանքից, դատավարությունից, բանտից բանտ ճանապարհորդությունից, տարբեր կալանավայրերից: Այնտեղ զետեղված են բանտերի առանց արտաքնոցի ու առանց լվացարանի սարսափելի պայմաններով պատժիչ բանտախցերի, կալանավորների հագուստների լուսանկարները:

Գիրքը բանտային օրագրություն է:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ափսոսանք հայտնեց, որ գրքի տպաքանակը շատ չէ, մարդիկ դեռ չեն գիտակցում նման գրքերի արժեքը եւ մտավախություն կա, որ այն «best seller» չի լինի:

Ազատ Արշակյանն ասաց, որ գիրքը կարդացել է ու կիսվեց իր տպավորություններով. «Ընդհանրապես չեմ սիրում հիշել… մեր ընդհատակյա լագերային բանտային քննություններ, վկաներ, չեկիստներ, մատնիչներ, ստուկաչներ…այս հիշողություններից ես խուսափում եմ: Ես այդ բանտային տրավման ստացել եմ, ինձ հաճելի չի հիշել այդ գարշելի կյանքը: Վարդանն ասաց՝ կարդա: Այդ դառը կյանքի մասին է, շատ տհաճ է եղել դա, քեզ վստահված մարդկանց ցուցմունքները, անակնկալները, օպերատիվ ինֆորմացիան: Վարդանի համար ասեմ, որ ես եւ Պարույր Հայրիկյանը գանգուր մազեր ենք ունեցել եւ թիթեռներ ենք բռնել: Միշտ այսպիսին չենք եղել: Բայց այս գիրքը երիտասարդ հետաքրքրասերի գրած գիրք է, թվում է, թե ինքը չի անցել ծանր կոնֆլիկտների միջով: Ասում է՝ ծեծկռտուք եղավ, մեկի կողոսկրերը ջարդեցին, լյարդը, պոչկաները վնասվեցին, գրքի մեջ այսպիսի էպիզոդներ կային, ես այնպես թեթեւ կարդացի: Մտածում էի՝ ինչ լավ է, որ Վարդանն ինձանից երիտասարդ է, իմ մասին որ գրի, այսպես թեթեւ կգրի: Դա շատ հետաքրքիր է: Ես, օրինակ, որ գրեմ, մռայլ եմ գրելու, դրամատիկ է լինելու: Ես ծանր եմ տարել դա: Ես այդ ամեն օրը պատի վրա խազեր էի անում, քանի հազար օր էր»:

Ազատ Արշակյանը շրջվեց եւ Հայրիկյանին հարցրեց՝ քանի՞ տարի էին ինձ տվել: Հայրիկյանը պատասխանեց. «23 տարվա ես դատապարտվել, բայց նստել ես 10-19»:

Ազատ Արշակյանը պատմեց, թե ինչպես է բանտախցում օրերը հաշվել, ամեն օր պատի վրա գիծ քաշել. «Նայում էի՝ էսօր ուրբա՞թ է, թե՞ շաբաթ, ինչ օր է: Ես այդ բոլորն ապրել եմ ու երբ ինձ ասում են՝ գիրք գրի, զարմանում եմ՝ ո՞նց գրեմ ես դրա մասին, վերադառնա՞մ: Վարդանը այդ ամեն ինչի մասին գրել է թեթեւ ձեռքով, հեշտ ընթեռնելի է»:

Մեզ հետ զրույցում Վարդան Հարությունյանն ասաց. «Ես, երեւի թե, թեթեւ եմ տարել: Ես գիրքը գրելիս մի խնդիր եմ ունեցել՝ զրույցի ձեւով է ներկայացված, ոնց որ ես եւ դուք նստում ենք, գարեջուր ենք խմում ու զրուցում ենք, ավել մարդ չկա, այսինքն, չկան հանդիսատեսներ, մտերմիկ զրույցի ոճով գրված գիրք է»:

Գիրքն արդեն հասանելի է ընթերցողներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

http://www.aravot.am/2018/05/21/958475/