Երևանի, Սուրմալուի և Էջմիածնի գավառները կերտեցին Սարդարապատի և Բաշ Ապարանի հաղթանակը. Արամ

1877

[Թիֆլիսի] Հայոց ազգային խորհրդի և Երևանի ազգային խորհրդի առաջին համտեղ նիստը

20 հուլիսի 1918 թ.

Հուլիսի 20-ի երեկոյան Քաղ(աքային) ինքնավարության շենքում տեղի ունեցավ երկու Խորհուրդների առաջին խառը նիստը: Ներկա էին կառավարության անդամներ Ռ. [Հովհաննես] Քաջազնունին, գեն(երալ) (Հ.) Հախվերդյանը և Խ. Կարճիկյանը, Կենտր(ոնական) ազգային խորհրդի անդամներ Սիր. Տիգրանյանը, Ռուբենը, բժ(իշկ) (Ա.) Բաբալյանը, Ավ. Սահակյանը (դաշն(ակցական)), Արշ. Խոնդկարյանը (էսէռ), Հ. Ազատյանը (էսդեկ), Ստ. Մալխասյանը և Ար. Մխիթարյանը (Հ(այ)ժողով(րդական) կ(ուսակցության)): Ներկա էին նաև Երևանի ազգ(ային) խորհրդի ժամանակավոր վարչությունն ու բոլոր ֆրակցիաներն իրենց ամբողջ կազմով: Ս(ոցիալ)-դեմոկրատ(ական) կուսակցության կողմից առաջին անգամ ներկա էր նաև պ(արոն) Արշ. Մելիքյանը:

Նիստը բաց է անում Երևանի <ազգային> խորհրդի նախագահ Խորեն եպ(իսկոպոս) Մուրադբեկյանը. ողջույնի խոսք է ասում նորեկ հյուրերին՝ հույս հայտնելով, որ նոքա պիտի կարողանան դժբախտ հայ ժողովրդի վիճակը մի փոքր գոնե թեթևացնել և նորից նրա համար ազատ և անկաշկանդ ապրելու և զարգանալու հնարավորություն ստեղծել: Վերջում հայտարարելով, որ Երևանի ազգ(ային) խորհուրդն այսօրվանից իր բոլոր լիազորությունները հանձնում է <Հայոց> ազգային համախորհրդակցության կողմից ընտրված Կենտր(ոնական) ազգ(ային) խորհրդին, խնդրում է այդ Խորհրդի նախագահին գրավել նախագահական աթոռը և վարել ժողովը: Կենտր(ոնական) ազգ(ային) խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը, անցնելով նախագահական սեղանի շուրջը, առաջարկում է անմիջապես անցնել օրակարգի հարցերին:  Կենտր(ոնական) ազգ(ային) խորհրդի ցանկությամբ օրակարգի մեջ մտցված են հետևյալ երեք հարցերը.

  • Երևանի ազգ(ային) խորհրդի զեկուցումն իր գործունեության մասին:
  • Կենտր(ոնական) ազգ(ային) խորհրդի զեկուցումն արդի քաղաքական կացության մասին:
  • Իշխանության կազմակերպության հարցը:

Հերթի է դրվում առաջին հարցը: Երևանի ազգ(ային) խորհրդի գործունեության մասին բավական մանրամասն զեկուցում է տալիս նույն Խորհրդի ժամանակավոր վարչության նախագահ Արամը: Երեք քառորդ ժամ տևող զեկուցման մեջ ընկերը մի առ մի կանգ է առնում բոլոր այն խնդիրների վրա, որոնցով մտահոգվել է Երևանի ազգ(ային) խորհուրդն իր 7-8 ամսվա գործունեության ընթացքում: Շեշտվում է այն, որ այդ խնդիրներից կարևորագույնը եղել է հայ զորքի կազմակերպումն ու պարենավորումը: Իրերի ընթացքով այս ծայաստիճան պատասխանատու և դժվարին գործի ամենախոշոր մասը ծանրացել էր Երևանի վրա. այն Երևանի, որը հայ(կական) բանակի կազմակերպման հենց սկզբնական շրջանում կտրվեց դրսի աշխարհից և մնաց ինքն իր ուժերին: Դրամի և դրսի որևէ օժանդակության կատարյալ բացակայությամբ սկսվեց այդ ծանր գործը և նա բնականորեն,- ասում է զեկուցանողը,- չէր կարող կատարյալ լինել: Թիֆլիսը ոչ միայն օգնության չէր հասնում մեզ, այլ նույնիսկ մամուլի որոշ օրգաններում խարազանում էր Երևանի ինքնագլուխ քայլերը: Մեծապես դժվարացնում էր գործը նաև այն, որ Անդրկովկասյան կոմիսարիատն ուշացնում էր զորահավաքի դեկրետը: Չնայած այս բոլոր արգելառիթ հանգամանքներին՝ Երևանը շարունակում էր իր սկսած մեծ գործը: Սահմանին մոտ լինելով՝ բնազդորեն նա ավելի լավ էր զգում իր դրության վտանգված լինելը, ուստի և ջանքեր էր թափում որևէ կերպ ինքնապաշտպանություն կազմակերպելը: Բայց Երևանի նահանգի զանազան մասերը հավասար չափով չմասնակցեցին ընդհանուր հայրենիքի պաշտպանության գործին: Ալեքսանդրապոլը շատ ուշ մասնակցեց, Նախիջևանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ստիպված էր իր զորամասերը պահել տեղն ու տեղը, իսկ ամենահայաշատ շրջանը Նոր Բայազետը դավաճանորեն չմասնակցեց որևէ կերպ: Եվ այդ գավառի պատմությունը ապագա պատմագիրը սև տառերով պիտի գրի,- ասաց ընկերը:

Այս բոլորին միանում էր նաև տեղացիական հայրենասիրությունն ու ընդհանուր հայրենիքի գիտակցության բացակայությունը: Ամեն մի գավառ մտահոգված էր միայն և միմիայն իր պաշտպանությամբ և իրենից դուրս ոչինչ չէր ուզում ճանաչել: Ոչ միայն ընդհանուր գործի համար զլանում էին զինվորներ տալ, այլ բախտի բերմամբ իրենց շրջանում մնացած միլիարդների արժեք ունեցող հարստությունից ու ռազմամթերքից չէին ուզում ոչինչ տալ: Այս տեսակետից մեծ չափով հանցավոր են Կարսն ու Ալեքսանդրապոլն իրենց ղեկավար շրջաններով: Երևանի ազգ(ային) խորհրդի նախաձեռնությամբ փոքրիկ զորամասեր են ուղարկվել Ջուլֆա, Նախիջևան, Շահթախթ և նույնիսկ Շարաբխանե՝ այնտեղի հսկայական հարստության գեթ մի մասը կողոպուտից ազատելու և պետք է ասել,որ այդ տեղերից ևս հաջողվել է որոշ չափով ռազմամթերք հանել:

Ապա զեկուցողը խոսում է Երևանի նահանգում ստեղծված զորամասերի պարենավորման և այստեղ ևս եղած խոշոր դժվարությունների մասին, կանգ է առնում նաև տեղական ինքնապաշտպանության գործի կազմակերպման վրա, ապա պատմում է Ալեքսանդրապոլի անսպասելի անկումից հետո տեղի ունեցած հերոսական կռիվների ու Երևանի թափած գերմարդկային ճիգերի մասին: Այստեղ զեկուցանողն ընդգծում է, որ այդ անհավասար կռիվն օսմանյան կուռ և կանանավոր բանակի դեմ մղում էին միայն Երևանի, Սուրմալուի և Էջմիածնի գավառները և որ Բաշ-Ապարանի ու Սարդարապատի հաջողությունները հայությունը պարտական է այդ երեք գավառներին:

Ընկ(եր) Արամը վերջում հայտնում է նաև այն, որ հաշտության դաշնագիրը կնքելուց հետո Երևանը մի ամիս անընդհատ սպասեց Հայաստանի կառավարությանը, բայց որովհետև այդ կառավարությունն ուշանում էր, ուստի Երևանի ազգ(ային) խորհուրդը ստիպված եղավ իր միջից կազմել մի ժամանակավոր վարչություն, որը պետք է կառավարեր երկիրը մինչև օրինական կառավարության Երևան ժանամելը: Այդ ժաման(ակավոր) վարչությունը երկրում արդեն ստեղծել է որոշ կառավարական մեխանիզմ և ձեռնամուխ է եղել մի քանի կարևոր և անհետաձգելի գործերի: Այսպես՝ օրինակ երկրի ներսում նոր վարչական բաժանումներ են կատարվել, ադմինիստարցիան և միլիցիան հնարավորության սահմաններում ուժեղացվել է, հացահատիկների նկատմամբ մտցվել է հացահատիկների պետականացումը և այլն, և այլն: Իսկ այսօր,- վերջացնում է իր զեկուցումն ընկերը,- այդ ժամանակավոր վարչությունն ուրախ է, որ վերջապես կարող է իշխանությունը հանձնել օրինավոր կառավարությանը: Նա իր և իր ընկերների կողմից հայտնում է, որ նոքա բոլորը պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը երկրում կարգ ու կանոն և տանելի կյանք ստեղծելու գործում: Զեկուցման շուրջը լինելիք վիճաբանությունները հետաձգվում են հաջորդ նիստին:

Հերթի է դրվում օրակարգի երկրորդ հարցը: Կենտրոնական ազգ(ային) խորհրդի և կառավարության կողմից հայության արդի քաղաքական կացության մասին զեկուցում է կառավարության նախագահ Ռ. Քաջազնունին: Նա ասում է, որ հայությունն այսօր գտնվում է մի ծայրաստիճան ծանր կացության մեջ, որ նա ոչ միայն պարտված է ռազմի դաշտում բառիս սովորական իմաստով, այլ մի շարք պատճառների շնորհիվ նա ջաղջախվել է անասելիորեն:

Նա այսօր մնացել է մեն-մենակ: Չկա նույնիսկ Անդրկովկասի առերևույթային միությունը: Մայիսի 26-ին, ասել է՝ մեր գոյամարտի ամենակրիտիկական օրերին, Վրաստանի ղեկավար սոցիալ-դեմոկրատիան լուծարեց Սեյմը և Վրաստանի իր պատմական սահմաններում անկախ հայտարարեց: Այս քաղաքական ակտը, որը վաղուց էր պատրաստվում, բայց և որը մենք ամեն կերպ աշխատում էինք հետաձգել, մեզ թողեց մենակ երես առ երես հաղթական Թուրքիայի հետ: Վրաստանը,- ասում է զեկուցանողը,- դառնությամբ մեր հաշվին հաշտություն կնքեց: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլևս կասկածի տեղ չեն թողնում, որ վրաց ղեկավար շրջաններն ուզեցին շահել և շահեցին մեր հաշվին: Վրաստանի անկախության հռչակումից հետո պետք էր որոշել մեր արտաքին քաղաքականության գիծը: Վրաստանի վրա հենվել այլևս անհնար էր: Ադրբեջանը նույնպես չէր կարող մեզ համար նեցուկ լինել. նա, փաստորեն, Օսմանյան կայսրության մի պրովինցիան էր: Դրսի որևէ օգնության վրա ևս հույս դնել հնարավոր չէր: Ուստի մենք ստիպված էինք Բաթումում ստորագրել հաշտության այն բոլոր պայմանները, որոնք մեզ թելադրում էր Թուրքիան: Գերմանիան, որի օգնությանը դիմում էին մեր ներկայացուցիչները, հուսադրում էր մեզ, որ կապահովի մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Այսպիսի պայմաններում գումարվեց (Կ.) Պոլսի կոնֆերենցիան, որը հրավիրված էր Գերմանիայի նախաձեռնությամբ և որի նպատակն էր որոշել Անդրկովկասի քաղաքական դրությունը: Գերմանիայի, Ավստրիայի և Բուլղարայի ներկայացուցիչները մեզ հավաստիացումներ էին տալիս, որ պիտի աշխատեն Անդրկովկասի սահմանները գծել համաձայն Բրեստի պայմանագրի: Այն, որ այսօր այդ կոնֆերենցիան (Կ.) Պոլսից փոխադրված է Բեռլին և մի քանի այլ նշաններ, գալիս են հուսադրելու մեզ, որ Թուրքիայի դաշնակիցների այդ հավաստիացումները սին խոստումներ չեն: Ըստ երևույթի Անդրկովկասի բախտը որոշվելու է ոչ թե այստեղ, մեզ մոտ՝ Անդրկովկասում, այլ մեր երկրից հեռու՝ Բեռլինում, իսկ մինչ այդ Հայաստանի կառավարությունն ու հասարակական-քաղաքական գործիչները պիտի աշխատեն ամեն կերպ պահել ու պահպանել այն երկիրը, որն այսօր Հայաստան կոչվելու հավակնությունն ունի և հայ ժողովրդի այն բեկորները, որոնք թե՛ մեր և թե՛ Վրաստանի ու Ադրբեջանի տերիտորիայի վրա մի կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը: Այս զեկուցման շուրջը լինելիք վիճաբանություններն էլ հետաձգվում են հաջորդ նիստին:

Հերթի է դրվում երրորդ հարցը՝ իշխանության կազմակերպումը: Զեկուցում է ընկ(եր) Խաչ. Կարճիկյանը: Նա հայտնում է, որ Կենտ(րոնական) ազգ(ային) խորհուրդը Վրաստանի անկախության հռչակումով հարկադրված եղավ որոշ քաղաքական ակտեր կատարելու համար (հաշտության դաշնագրի ստորագրումը և այլն) Հայաստանը ևս անկախ հռչակել և իշխանություն կազմել: Կառավարության կազմումը <Կենտրոնական> ազգ(ային) խորհր(դի) կողմից հանձնարարվեց ընկ(եր) Ռուբ. Քաջազնունուն: Կառավարությունը պետք է կոալիցիոն լիներ: Բայց ընկ(եր) (Ռ.) Քաջազնունուն  չհաջողվեց համաձայնության գալ մյուս կազմակերպույթւոնների հետ, որովհետև Հ(այ) ժողով(րդական) կուսակցությունը, որին երկու պորտֆել էր առաջարկվում, չցանկացավ ընդունել այդ պորտֆելները և որոշեց չմասնակցել ընդհանրապես այն կառավարության մեջ, որի գլուխ կանգնած կլինի դաշնակցական պրեմիերը, կամ որում պատասխանատու պորտֆելները դաշնակցականների ձեռքում կլինեն: Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, սկզբունքորեն դեմ լինելով Անդրկովկասի և նրա առանձին հատվածների, ներկա դեպքում՝ Հայաստանի անկախությանը, հայտնեց, որ չի կարող մասնակցել կառավարության մեջ, իսկ սոցիալ-դեմոկրատները չկամեցան բավականանալ իրենց առաջարկված մեկ պորտֆելով և սոքա ևս հրաժարվեցին կառավարության մեջ մասնակցություն ունենալուց: Կոալիցիոն կառավարություն կազմելու անհաջող փորձից հետո ընկ(եր) (Ռ.) Քաջազնունուն հանձնարարվեց մինիստրությունը կազմել պերսոնալ ձևով: Եվ նա այսօր արդեն ունի հրավիրած զինվորական գործերի համար գեն(երալ) (Հ) Հախվերդյանին, իսկ արտաքին՝ Ալ. Խատիսյանին. մյուս պորտֆելները պիտի բաժանվեն այստեղ: Կենտր(ոնական) ազգ(ային) խորհրդի որոշումն է նաև, որ կառավարությունից զատ, որն իշխանության գործադիր մասն է միայն, պետք է կազմվի իշխանության նաև օրենսդրական մասը՝  պառլամենտը: Կենտր(ոնական) ազգ(ային) խորհուրդը սկզբում այդ պառլամենտի կազմակերպության համար ուներ մշակած որոշ ձև, բայց հետո որոշեց այդ հարցի լուծումը թողնել երկու Խորհուրդների խառը նիստին: Դաշնակցական ֆրակցիայի անունից ընկ(եր) (Խ.) Կարճիկյանն առաջարկում է պառլամենտը, որը կոչվելու է Հայաստանի Խորհուրդը, լինելով օրենսդրական մարմին, օրգանական աշխատանք կատարելու համար անհրաժեշտաբար պիտի բաժանվի բազմաթիվ կոմիսիաների, իսկ կոմիսիաներում աշխատելու համար անհրաժեշտ է հմուտ և մասնագիտական պատրաստություն ունեցող ինտելեգենտների որոշ կոնտիգենտ: Բացի դրանից, եթե ի նկատի ունենաք, որ կուսակցությունների ներկայացուցիչների թիվը <Հայոց> ազգ(ային) խորհրդում 12 է (6 դաշն(ակցական), 2-ական՝ Էսէռ, էսդեկ և ժողով(րդական)) եռապատկումով այնքան էլ մեծ թիվ չպիտի ստացվի: Անկուսակցականները, կասկածից դուրս է, որ եռապատկվել չեն կարող. Կենտ(րոնական) ազգ(ային) խորհրդում եղած 3 անկուսակցականներին՝ Պետ. Զաքարյանին, Ստ. Մամիկոնյանին և Տ. Բեկզադյանին պիտի համարեն Հայաստանի Խորհրդի անդամ, իսկ մյուս անկուսակցականների հարցը թողնվում է իրեն՝ պառլամենտին: Ինքստինքյան հասկանալի է, որ փոքրամասնություն կազմող ազգություններն էլ պիտի իրենց թվի համեմատ ներկայացուցիչներ ունենան Հայաստանի Խորհրդում: Կուսակցությունների ցուցակներն ընդունելու, ազգությունների հետ բանկցություններ վարելու, պառլամենտի բացման օրն ու օրակարգը որոշելու համար ընտրվում է կոմիսիա կուսակցությունների մեկական ներկայացուցիչներից: Այս առաջարկը համարյա ամբողջությամբ ընդունելի է համարվում նաև սոց(իալիստ)-հեղափոխական և սոց(իալ)-դեմոկրատ ֆրակցիաների կողմից: Ժողով(րդական) կուսակ(ցության) ներկայացուցիչներ Արշ. Մխիթարյանն ու Ստ. Մալխասյանն է, որ բողոքում են եռապատկման դեմ. այս ֆրակցիան առաջարկում է մեր երիտասարդ պետության ֆինանսները չծանրաբեռնելու համար բավականանալ կրկնապատկումով: Պ(արոն) (Ա.) Մխիթարյանը գտնում է, որ կրկնապատկման կամ եռապատկման մեջ առանձին տարբերություն չի լինի, եթե ի նկատի ունենանք, որ պառլամենտում հարցերը քննվում ու որոշվում են ըստ ֆրակցիաների, ուստի և թիվը՝ լինի 12 կամ 18, 4 կամ 6, առանձին նշանակություն չի կարող ունենալ: Ժողովրդական կուսակցությանը պատասխանում են մյուս երեք կուսակցությունների ներկայացուցիչները՝ Արշ. Խոնդկարյանը, Հայկ Ազատյանը և Խաչ. Կարճիկյանը: Այս երեք ֆրակցիաներն էլ գտնում են, որ պառլամենտի իդեան ժողովրդի աչքում չսպանելու և դրական ու օրգանական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է անպայման եռապատկել, թեև մեր երկիրը շատ փոքր է և նորմալ ժամանակ գուցե կարողանա այդ երկիրը կառավարել միայն մի գավառապետ իր մի քանի պաշտոնյաներով, ինչպես նկատում է պ(արոն) (Ա.) Մխիթարյանը, բայց, այնունամենայնիվ, հիմա այն ժամանակը չէ, երբ մեկը կամ մի քանիսը կարողանային մեր մրրկվող երկրում կարգ ու կանոն մտցնել՝ չկա՛ օրենք, չկա՛ դատարան, չկա՛ իշխանություն. պետք է ստեղծել այս բոլորը: Պետք է, վերջապես, անձամբ շրջել երկրի զանազան մասերը և տեղն ու տեղը լուծել կյանքը կասեցնող հարցերը:

Ընկ(եր) (Խ.) Կարճիկյանի առաջարկը քվերակվում է և ձայների ճնշող մեծամասնությամբ (ընդդեմ 3-ի) անցնում:

Այս առաջարկի անկուսակցականներին վերաբերող կետին կցվում է էսէռների ուղղումը՝ այն իմաստով, որ անկուսակցականները պետք է ընտրվեն կուսակցությունների փոխադարձ համաձայնությամբ և միաձայն:

Այս ուղղումը ևս ձայների մեծամասնությամբ ընդունվում է. առաջարկի մեջ հիշված կոմիսիայի <մեջ> ընտրվում են՝ Դ. Զուբյանը, Հ. Ազատյանը, Սմբ. Խաչատրյանը, Գար. Ենգիբարյանը և Պետ. Զաքարյանը:

Խառը նիստը ցանկություն է հայտնում, որ Հայաստանի Խորհրդի բացումը տեղի ունենա ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

Երևանի ազգ(ային) և Թիֆլիսի կենտ(րոնական) խորհուրդների զեկուցումների շուրջը տեղի ունենալիք վիճաբանությունների համար հատուկ նիստ է նշանակվում երկուշաբթի՝ հուլիսի 22-ին:

Նիստը փակվում է գիշերվա ժամը 11-ից անց:

«Լրատու» Երևանի Հայոց ազգային խորհրդի, 23 հուլիսի, 1918, թիվ 6, «Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը. (1918թ մայիս-հուլիս), փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009,  էջ 173-180, կազմող՝ Համո Սուքիասյան