Հովհաննես Քաջազնունուց՝ Սիմոն Վրացյան. Հայաստանի (1918-1920/21) ղեկավարները

2450

Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր (իսկական ազգանունը` Իգիթխանյան): Ջավախքում ծնված Քաջազնունու վարչապետությունը ձգվել է մինչև 1919-ի օգոստոս: Այդ տարվա մայիսին Քաջազնունին մեկնեց Միացյալ Նահանգներ` լուծելու հացի խնդիրը: Անտանելի կլիներ հայ ժողովրդի վիճակը, եթե ամերիկյան կառավարությունը և ամերիկացի բարեպաշտ ժողովուրդը Հայաստան չուղարկեր ավելի քան 1,3 միլիոն փութ ալյուր և հացահատիկ: Քաջազնունու վարչապետության շրջանը հայ ժողովրդի պատմության ամենադժնդակ ժամանակներից էր: Վիճակագրական տվյալները սարսափազդու են` 1918-1919 թթ. սովից և բծավոր տիֆից մահացավ Հայաստանի բնակչության շուրջ 20 տոկոսը` կամ 180 հազար մարդ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:

Առաջին հանրապետության անկումից հետո Քաջազնունին հաստատվեց Բուխարեստում, 1924-ին վերադարձավ հայրենիք, 1937-ին ձերբակալվեց, ամիսներ անց մահացավ բանտում: 1918 թ. հայ-թուրքական պատերազմի օրերին սպանվել էր Քաջազնունու որդին (1920-ին Հայաստանում՝ հայ-թաթարական բախումների ընթացքում, սպանվել է նրա մյուս որդին):

1918 թ. հայ-թուրքական պատերազմը խլել էր նաև Համո (Համազասպ) Օհանջանյանի որդու կյանքը, որը վարչապետության աթոռը զբաղեցրեց 1920 թ. մայիսից նոյեմբեր: Մինչ Օհանջանյանը` 1919-ի օգոստոսից (փաստացի փետրվարից, երբ Քաջազնունին մեկնեց Ամերիկա) մինչև 1920 թ. մայիս վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր Խատիսյանը: Նա ևս հեռացավ Խորհրդային Հայաստանից և մահացավ 1945-ին՝ Փարիզում:

Առաջին հանրապետության բոլոր չորս վարչապետները ՀՅԴ-ականներ էին: Վերջինը` Սիմոն Վրացյանը, Հայաստանը կառավարեց ընդամենը 8 օր` 1920-ի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը: Նրա օրոք Հայաստանը խորհրդայնացավ: 1921 թվականի փետրվարից, երբ հակաբոլշևիկյան հեղափոխության արդյունքում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտեն, Վրացյանը ղեկավարեց երկիրը մինչև նույն թվականի ապրիլի 2-ը: Վրացյանը մահացել է 1969-ին Բեյրութում:

Լուսանկարում՝ կառավարության շենքը 1918-1920/21 թթ.