Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից. Նիկոլ Փաշինյան

2408

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից, ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որպես վարչապետի թեկնածու իմ ելույթում՝ Ազգային ժողովում, արդեն խոսել եմ և ասել եմ, որ կարծում եմ, որ այդ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից, և ինձ համար խնդիրը հետևյալն է՝ շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ «ժողովուրդ ջան, դուրս եկեք», ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա օրինական ճանապարհ չէ, և մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով»,- ասել է Փաշինյանը։

«Սասնա ծռեր»-ի գործին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ այդ գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար:

«Սասնա ծռեր»-ի գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ «Սասնա ծռեր»-ի գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար, և ես կարծում եմ, որ այդ գործի լուծման, հանգուցալուծման եղանակների և մեխանիզմների վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով: Մենք պետք է նաև, ինձ համար սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, անպայման այդ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին հրավիրենք և զրուցենք, նրանց հետ նույնպես քննարկում ունենք, նրանց տեսակետները լսենք, հասկանանք գործում ինչ կա, ինչն է, որ հիմնավոր ապացույց է, ինչն է, որ հիմնավոր ապացույց չէ, ինչն է, որ, այսպես ասած, սարքած է, ինչը սարքած չէ: Այսինքն, մենք պետք է էս ամբողջական ինֆորմացիան հավաքենք, ի մի բերենք և հասկանանք, թե ոնց ենք լուծում թնջուկը՝ ինչ ճանապարհներով, ինչ մեթոդներով, ինչ ծավալներով, որովհետև, բնականաբար, էն հանձնառությունները, որ ստանձնել եմ, ես ինքս էլ լինելով նախկին քաղբանտարկյալ, պարզ է, որ վարչապետի աշխատասենյակ մտնելուց հետո իմ առաջին մտածումների և մտահոգությունների առարկան հենց այս խնդիրն է եղել և շարունակում է այդ խնդիրը մնալ։ Քաղբանտարկյալների մասով միանշանակ պետք է լուծվի, իսկ «Սասնա ծռեր»-ի մասով խնդիրը պետք է լուծվի, ուղղակի մենք պետք է ճշգրիտ հասկանանք ծավալները, շրջանակը, մեթոդները խնդրի լուծման»,- ասել է վարչապետը։

https://www.youtube.com/watch?v=loWUBmCq-1Q