Նիկոլ Փաշինյանը «զգում է հայ ժողովրդի շնչառությունը իր թիկունքում»

1831

«Ազատության» տաղավարում ՍԻՎԻԼՆԵԹ-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը իր տպավորություններ է փոխանցում երեկ Սոչիում կայացած Փաշինյան – Պուտին հանդիպումից:

«Ազատություն»․ – Վերջապես ունեցա՞նք հավասարը հավասարի հետ խոսակցություն:

Հակոբյան․ – Նիկոլ Փաշինյանի պահվածքը շատ հանգիստ էր, շատ ինքնավստահ էր: Որևէ տպավորություն չստացա, որ նա բանակցելու է արդեն 18 տարի Կրեմլի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու հետ: Ինքը բավականին հանգիստ էր իրեն զգում, ինչը շատ լավ էր, շատ դրական էր: Հուսանք, որ հայ-ռուսական հարաբերությունների այս իրավահավասար կոչվածը, որը այդպես չի հիմա, իրոք կդառնա իրավահավասար և հորիզոնական: Իհարկե, պետք է հաշվի առնենք, որ Ռուսաստանը շատ մեծ պետություն է, և փոքր պետությունները իրենց չափերը պետք է իմանան, բայց այնուամենայնիվ արժանապատվությունը և այդ ամենը կվերականգնվի: Մանավանդ, որ Փաշինյանը, ի տարբերություն Հայաստանի նախկին նախագահների, որոնք իրենց ներքին լեգիտիմության պակասը փորձում էին լրացնել Պուտինի հետ նկարվելով, փորձելով Սպիտակ տուն մտնել․․․ Փաշինյանը այդպիսի խնդիր չունի: Ինքը զգում է հայ ժողովրդի շնչառությունը իր թիկունքում և շատ ավելի ուժեղ դիրքերից կարող է բանակցել:

«Ազատություն»․ – Ինչպե՞ս էին Փաշինյանին վերաբերվում այդ ակումբի անդամ բռնապետերը: Նա օտա՞ր էր:

Հակոբյան․ – Ես կարծում եմ, որ ոչ․․․ Ի վերջո, Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որ շատ ժողովուրդներ են երազում: Սա շատ կարևոր դաս էր, որ ինչքան էլ նրանք լինեն բռնապետեր, այդ բռնապետերը տեսան, որ երբ ժողովուրդը կանգնում է, այդ բռնապետերը մի օրում հեռանում են: Ու ասում են՝ ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր: Այդ 2.5 րոպեանոց կադրերը արժե, որ աշխարհի բոլոր բռնապետերը նայեն և դասեր քաղեն: Վերադառնալով այդ հանդիպմանը, ես կարծում եմ, դրանք ծանոթության հանդիպումներ էին, բավականին ջերմ էին անցնում: Այն, ինչ որ լսեցինք, լավ էր իրենց զգում Նիկոլ Փաշինյանը: Բայց կրկնեմ՝ նա ընդամենը 5-6 օրվա վարչապետ էր, որ փաստացի փողոցից գնացել էր էդ հանդիպումներին: Վերջին մի քանի ամիսը էդ մարդը փողոցում էր անցկացրել:

«Ազատություն»․ – Ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ առաջին իսկ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը միանգամից դրեց միջազգային կառույցներում համագործակցության հարցը, նույնիսկ բաց տեքստով ասաց՝ ՄԱԿ-ը: Որպես կանոն, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը միշտ Մոսկվային է պաշտպանել:

Հակոբյան․ – Ես կարծում եմ, այստեղ Պուտինի վրա լուրջ աշխատանք է տարվել, նաև ցավալիորեն՝ սև աշխատանք հայկական նախկին իշխանությունների կողմից՝ Էդվարդ Նալբանդյանի, Արմեն Գևորգյանի, որոշ այլ շրջանակների կողմից: Անընդհատ այդ հեղափոխության օրերին տարբեր չափաբաժիններով այդ թույնն էին ներարկում ռուսներին, որ, գիտեք, գալիս է մի մարդ իշխանության, որ դուք իր հետ պրոբլեմ եք ունենալու, Հայաստանը ձեր ձեռքից տանելու է: Ես համարում եմ, որ դա անպատիվ, սև աշխատանք էր: Լրագրություն ինձ թույլ չի տալիս ավելի կոշտ բառեր օգտագործել Էդվարդ Նալբանդյանի, Արմեն Գևորգյանի, Կարեն Կարապետյանի նկատմամբ, ովքեր ուզում էին տղա բերեին դրսից: Եվ ռուսների մոտ խորը նստեց այդ հավատը, որ իրոք Հայաստանում գալիս է իշխանության մի ուժ, որը Ուկրաինայի, Վրաստանի նման կարող է քայլեր իրականացնել: Եվ Պուտինի երեկվա շեշտադրությունը դրա արձագանքն էր նաև: Բայց Փաշինյանը և նրա թիմը բազմիցս նշում են, որ, գիտեք, մենք պատրաստվում ենք ավելի խորացնել հարաբերությունները: Եվ շատ լավ է, որ նաև նշում են, որ մենք ակնկալիքներ ունենք: Այսինքն, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, բայց մենք ուզում ենք տեսնել կոնկրետ արդյունքներ, և պետք է այդ հարցերը շատ առողջ ձևով դնել և իրավամբ հայ-ռուսական հարաբերությունները բերել գործընկերային մակարդակի: Եվ ես կարծում եմ, որ այդ դեպքում մեզ ռուսները շատ ավելի կհարգեն:

«Ազատություն»․ – Դուք կարծում եք, սա՞ որոշիչ եղավ, որ Ռուսաստանը չպաշտպանեց Սերժ Սարգսյանին, ինչպես դա անում էր Յանուկովիչի դեպքում, Շվարդնաձեի դեպքում:

Հակոբյան․ – Ես կարծում եմ, գլխավորներից մեկը դա էր: Բայց ամենագլխավորը այլ բան էր․ Ռուսաստանը հասկացավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի դեմ դուրս է եկել գրեթե ամբողջ հայ ժողովուրդը: Եվ ի՞նչ իրենք պիտի անեին: Պիտի միջամտեին և ունենային հայ ժողովուրդ, Հայաստանի քաղաքացիներ, ովքեր հակառուսական տրամադրություններո՞վ էին օժտված լինելու: Հայաստանցիները հակառուսական տրամադրություններով օժտված մարդիկ չեն: Իսկ դա պատճառ կդառնար, որ հակառուսական ալիք կստեղծվեր Հայաստանում, և դա արդեն ռուսների համար պրոբլեմ կլիներ: Ես չեմ խորշում լավ խոսքեր ասել ռուսների հասցեին այս դեպքում․ նրանք շատ բալանսավորված, արժանապատիվ կեցվածք դրսևորեցին հայկական հեղափոխության օրերին՝ ի հեճուկս Էդվարդ Նալբանդյանի, Արմեն Գևորգյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, ովքեր, կրկնում եմ, փորձում էին դրսից տղա բերել: Ինձ համար ներքին հարցերը դրսի օգնությամբ լուծելը նույնն է, թե բերեին մարդ Ադրբեջանից կամ Թուրքիայից: Որովհետև եթե դու դրսից մարդ ես բերում, տարբերություն չկա, թե այդ դուրսը որտեղ է: Հիմա սրված են մեր հարաբերությունները ադրբեջանցիների և թուրքերի հետ, և մենք դա այլ ձևով ենք ընկալում, բայց մեծ հաշվով տարբերություն չկա՝ դու բերում վրացուն, արդբեջանցուն, թուրքմենին թե ռուսին: Եվ սա, կարծում եմ, լավ դաս պիտի լինի, որ հետագայում նման անթույլատրելի, ոչ պատվաբեր քայլեր չանեն մեր իշխանությունները, ովքեր մինչև վերջին պահը փորձում էին փրփուրներից կախված մնալ՝ չհասկանալով, թե Հայաստանում ինչ է կատարվում: Բարեբախտաբար, Սերժ Սարգսյանը երևի միակ հանրապետականն էր, որ հասկացավ, թե Հայաստանում ինչ է կատարվում: Ուշ, բայց հասկացավ:

Փաշինյանը Սոչիում շատ ինքնավստահ էր․ Թաթուլ Հակոբյան