Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները Սոչիում. 14 մայիս, 2018թ

1542

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերությունների մակարդակը և կարևորել հետագա զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարևորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Մոլդովայում դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

Իգոր Դոդոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պատոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Մոլդովայի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը դինամիկ զարգանում է և հույս հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել:

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը:

Նիկոլ Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Տիգրան Սարգսյանի հետ

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են հայ-բելառուսական կապերի խորացմանն ու հետագա զարգացմանը

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

Բելառուսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Հաճելի է հանդիպել, շնորհավորում եմ, որ պատվով և ճիշտ դուրս եկաք ստեղծված իրավիճակից, ինչի համար ուրախ ենք: Շատ կարևոր է, որպեսզի Դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսի՝ եղբայրական հայ ժողովրդի ու պետության հետ հարաբերություններին: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ: Պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը կարևորել է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել կառուցողական ու բարեկամական մթնոլորտում: Լուկաշենկոն ավելացրել է, որ վերջերս Հայաստանի նախագահի հետ քննարկել է հայաստանյան իրադարձությունները և բելառուսական ԶԼՄ-ները ժամանել են Երևան դրանք օբյեկտիվ ներկայացնելու համար: «Շնորհակալ եմ և՛ նրան, և՛ Ձեզ: Մեր լրագրողները շփվել են Ձեր շտաբի ներկայացուցիչների հետ և ստացել իրական պատկեր»,- ասել է պարոն Լուկաշենկոն:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և մաղթանքների համար և նկատել, որ բելառուսական կողմը, այդ թվում՝ ԶԼՄ-ները, մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բելառուսի նախագահի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ի շահ երկու պետությունների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Բելառուսի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել տնտեսական կապերի խթանման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ: «Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ: Պետք է առաջին հերթին աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ, կարծում եմ՝ գործարարների շրջանում առկա է փոխգործակցության զարգացման շահագրգռվածություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ղրղզստանի առաջնորդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել: «Համոզված եմ, որ մեր աշխատանքով նոր թափ կհաղորդենք հայ-ղրղզական ավանդական հարաբերություններին»,- ասել է Սոորոնբայ Ժեենբեկովը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և մաղթանքների համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է կառուցողական քայլերի՝ երկու երկրների միջև փոխգործակցությունը խթանելու համար: Վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակին: «Մենք լի ենք էներգիայով արդյունավետ աշխատանք իրականացնելու համար: Երկու երկրների փոխգործակցության ընդլայնման գործում առկա է չիրացված մեծ ներուժ, ու պետք է քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են երկու երկրների կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Աղբյուրը՝ http://www.primeminister.am