Բոլորդ տուն եք գալու՝ Նոր Հայաստան. Փաշինյանը` Սոչիի հայությանը

1316

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում է, որտեղ այսօր՝ մայիսի 14-ին, մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Երեկ Ժամանելուն պես Փաշինյանն այցելել է Ադլերի հայկական եկեղեցի և ելույթ ունեցել հայության առաջ: Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը լուսաբանում է ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Մայիսի 14-ին Սոչիում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների, ինչպես նաև Մոլդովայի ղեկավարի հետ: Մոլդովան նիստին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով: Սոչիում Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ադլերի հայկական եկեղեցիում ունեցած իր ելույթում, որն ընդմիջվում էր «Նիկոլ, Նիկոլ» կոչերով, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց «եղբայրական Ռուսաստանին» այն բանի համար, որ «հայերն իրենց լավ են զգում Սոչիում» և ասաց. «Բոլորդ տուն եք գալու՝ Նոր Հայաստան»: Նա նաև ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են էլ ավելի բարեկամական, ավելի դաշնակցային: ՀՀ վարչապետը Սոչիի և Ռուսաստանի հայերին կոչ արեց ներդրումներ անել և նոր աշխատատեղեր ստեղծել Նոր Հայաստանում, որտեղ «ամեն ներդրող պաշտպանված է լինելու օրենքով»:

«Ես բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և հպարտ եմ ձեզանով: Ես զգացել եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը և այս հաղթանակը ձեր յուրաքանչյուրի հաղթանակն է: Սրանից հետո դուք լինելու եք հաղթող և սրանից հետո հայ ժողովուրդը վերադառնալու է հայրենիք: Դուք այստեղ էիք, բայց իրականում դուք Երևանում էիք, դուք Հանրապետության հրապարակում էիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ այս պայմանները ստեղծված են հայ ժողովրդի համար, բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է: Ես Սոչիի բոլոր հայերին, գործարարներին, Ռուսաստանի բոլոր հայերին կոչ եմ անում գալ Հայաստան և կատարել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև սա նոր Հայաստանն է, որտեղ ամեն ներդնող պաշտպանված է լինելու: Որևէ կասկած չկա, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են ավելի բարեկամական, ավելի դաշնակցային», ասաց Փաշինյանը՝ դիմելով Ադլերի հայկական եկեղեցու շրջակայքում հավաքված բազմաթիվ հայերին: