Պուտինից բացի, Սոչիում Փաշինյանը հանդիպումներ կունենա Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ. «Ինտերֆաքս»

3521

Մայիսի 14-ին Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գագաթաժողովի շրջանակում մայիսի 14-ին Սոչիում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել է, որ Սոչիում Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր անց Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ հրաժարվում է երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրությունից: Այս մասին Լուկաշենկոն ասաց երեկ իր ամենամյա ուղերձում` դիմելով Բելառուսի խորհրդարանի անդամներին:

«Ես խոստանում եմ, որ երբեք ձեզ, մասնագետներին, դատավորներին չեմ կանգնեցնի մի ընտրության առջև, երբ հարկավոր լինի պետության սահմանադրական հիմքերը փոխել առանձին վերցված մեկ անձի համար: Մենք սրանում համոզվեցինք նաև Հայաստանի օրինակով»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ Սերժ Սարգսյանը պետք է ազնիվ լիներ սեփական ժողովրդի հետ: «Մենք ժամանակին դա արել ենք` վերացնելով առաջադրման սահմանափակումները Բելառուսի բոլոր նախագահների համար: Պետք չէր նախագահական հանրապետությունը վերածել խորհրդարանականի, հետո էլ խորհրդարանականը պարզ չէ թե ինչի»,- նշել է Լուկաշենկոն:

«Ես ներողություն եմ խնդրում, դա, իհարկե, իմ գործը չէ, բայց ես ներգրավված եմ եղել այս խնդրում: Մենք քննարկել ենք այս հարցը Հայաստանի նախկին նախագահի հետ, և ես իմ տեսակետը շատ հստակ բարձրաձայնել եմ` հարկավոր է գնալ և ամեն ինչ ազնվորեն ասել սեփական ժողովրդին: Ի՞նչ կարիք կար փոփոխության ենթարկել պետության հիմքերը, կոտրել երկիրը մեկ անձի համար: Իսկ եթե այդ մա՞րդը կոտրվի․ դա էլ տեղի ունեցավ»,- ասել է Բելառուսի նախագահը: