Ամենուր ատելության մթնոլորտ է․ Վահրամ Բաղդասարյան

3159

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարեց, որ առավոտյան մի փոքր խուճապ կար, քանի որ օրացույցով ոչ աշխատանքային օր չկար. «Սակայն լավ է, որ եկել եք աշխատանքի, հարգելի գործընկերներ։ Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Աննախադեպ իրավիճակ է տիրում ողջ հանրապետությունում` մարդիկ իրար դեմ են դուրս եկել, ամենուր ատելության մթնոլորտ է։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրի անվտանգության համար։ Մեր մտավախությունները չեն վերացել, Աստված տա, սխալվենք։ Մենք ոչ միայն չենք խոչընդոտի, այլեւ կաջակցենք Նիկոլ Փաշինյանի ընտրությանը»:

Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից սկսեց բարկացած արձագանքել։ «Հիմա պիտի լռես»,-նրան դիմելով` ասաց Վահրամ Բաղդասարյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանին նա ասաց. «Դուք կընտրվեք վարչապետ ու կհասկանաք, որ ամեն ինչ հեշտ չէր։ ՀՀԿ դիրքորոշումը միասնական է` մենք դեմ ենք, սակայն խմբակցությունից 10+1 պատգամավոր կքվեարկեն կողմ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք եւս դեմ են, սակայն մենք նրանց հորդորել են, որ կողմ քվեարկեն, նրանց չանձնավորեք։ Հույս ունենք, որ ԱԺ կներկայացնեք Կառավարության տրամաբանական ծրագիր։ Այն քաղաքական գիծը, որ կտանի նոր Կառավարությունը, որ չի փոխի մեր արտաքին քաղաքականության վեկտորը, մենք կաջակցենք, ինչը կլինի շեղում, մենք քննարկման սեղան կբերենք։ Հուսով եմ, որ ձեր աշխատանքով կփարատեք ՀՀԿ խմբակցությունում եղած մտահոգությունները։ Աստված պահապան մեր ժողովրդին։ Հորդորում եմ մեր գործընկերներին` պահպանել մեր պայմանավորվածությունները»: