«Ամեն ինչ ճիշտ էր արված։ Մնում է ճիշտ շարունակել»․ Վարդան Օսկանյան

978

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Հայաստանն այլընտրանք չունի լիբերալ ժողովրդավարությանը։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ պետք է գտնել ճիշտ համադրությունը Հայաստանի Սահմանադրության հիմքում դրված անհատակենտրոնության ու հազարամյա քրիստոնեական ու ազգային արժեքների միջև։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, օրինակելի էր ողջ աշխարհի համար։ Էությամբ և որակական հատկանիշներով դա տարբերվում էր հետխորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցած նմանատիպ շրջադարձային իրադարձություններից, ինչպես նաև Արաբական գարունից։

Շարժումն իր ծնունդով օրգանական էր, մասնակցությամբ՝ զանգվածային, կազմակերպությամբ՝ ապակենտրոն, այն նպատակային էր և հետևողական։ Ամենագլխավորը՝ խաղաղ էր, չնայած ըմբոստ ու անհնազանդ էր։

Ամեն ինչ ճիշտ էր արված։ Մնում է ճիշտ շարունակել, եթե ուզում ենք, որ այս ամենն ուղղակի և անմիջական դրական ազդեցություն ունենա երկրի և ժողովրդի վրա։

Իմ գնահատմամբ՝ Հայաստանն այլընտրանք չունի լիբերալ ժողովրդավարությանը, որի հաստատման համար բոլոր նախադրյալներն այսօր կան։ Այն, ինչ ցանկացել ենք 1991-ից ի վեր, բայց չենք հաջողել, այսօր հնարավոր է անել, որովհետև ունենալով 27 տարիների սխալների փորձը՝ կարող ենք մեր մեջ ուժ գտնել դրանք ուղղելու համար։

Մեր կայացած քաղաքացիական հասարակությամբ, խորհրդարանական նոր սահմանադրությամբ, ավելի ազատ մամուլով, առավել ներգրավված սփյուռքով այսօր պետք է ձգտենք հասնել լիբերալ ժողովրդավարությունը բնութագրող չափորոշիչներին՝ ուժեղ պետության, օրենքի առջև բոլորի հավասարության և իշխանությունների հաշվետվողականության՝ ինստիտուտների ամբողջական կայացման գործում։

Մեր առաջ կա նաև այլ խոչընդոտ, որը պետք է հաղթահարել՝ այս անգամ ելնելով ոչ այնքան մեր, որքան միջազգային հանրության փորձից։ Դա վերաբերում է լիբերալ ժողովրդավարության գաղափարական հենքին։

Արևմուտքում լիբերալ ժողովրդավարությունն անկում է ապրում։ Նրանք լուրջ խնդիրներ ունեն աճող անհավասարության, կառավարության նկատմամբ վստահության, սոցիալական հյուսվածքի թուլացման և քաղաքական խոր տարանջատման իրողությունների հետ։

Այսօր քաղաքական և մտավոր շրջանակներում քննարկումներ են գնում լիբերալ ժողովրդավարության անկման պատճառների մասին։ Կարծեք թե ընդհանուր մոտեցումն այն է, որ մեծ մտածողներ Հոբսի, Դեկարտի, Լոկի և այլոց առաջադրած գաղափարախոսությունը, որը ոգեշնչել է լուսավորությանն ու ժամանակակից լիբերալ ժողովրդավարությանը, թերի է եղել։ Նրանք ժխտել են արժանիքներն ու առաքինությունները խթանելու դասական քրիստոնեական ջանքերը՝ դրա փոխարեն քաղաքականության իրենց աշխարհիկ տեսլականը հենելով բացառապես անհատի վրա, որը առաջնորդվում է եսասիրությամբ, հպարտությամբ, ագահությամբ և փառքի ձգտումով։

Նման երևույթներ՝ աճող անհավասարություն, կառավարության նկատմամբ անվստահություն, սոցիալական հյուսվածքի թուլացում և քաղաքական խոր տարանջատում, կան նաև Հայաստանում։ Դրանք չխորացնելու և, ընդհակառակը, մեղմելու համար անհրաժեշտ է սովորել միջազգային փորձից և գտնել ճիշտ համադրությունը մեր Սահմանադրության հիմքում դրված անհատակենտրոնության և մեր հազարամյա քրիստոնեական ու ազգային արժեքների միջև»։