Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ինչպիսի վարչապետ կլինի՝ ժամանակը ցույց կտա

1822

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին, ըստ Հայկական ժամանակի, «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հեշտ կլինի արդյոք «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում։

«Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում․․․Երեւի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց եւ կաշխատեմ նրա հետ։ Նա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ է։ Բայց դա մի որակ է։ Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա։

Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը եւ իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն եւ կառույց։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,-ասել է Սարգսյանը։

Մայիսի 8-ին Փաշինյանի ընտրման հեռանկարների մասին խոսելով՝ Սարգսյանը նշել է, որ կանխատեսելը բարդ է, քանի որ բոլորս էլ մարդ ենք եւ բոլորիս վրա Աստծո կամքն է։ Սակայն նա նշել է, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի, կունենք նոր կառավարություն։ «Եվ նոր կառավարությունը հենց առաջին իսկ օրը կբախվի իրական կյանքին։

Մի բան է մատնանշել սխալները, թերությունները, խնդիրները, մեկ այլ բան է, երբ հնարավորություն են տալիս դրանք լուծել։ Միշտ ավելի հեշտ է մատնանշել, քան կառուցողական գործել։ Կարծում եմ, որքան մոտ են Փաշինյանն ու նրա համակիրները իշխանությանը, այնքան իրատեսական նրանք պետք է լինեն։ Ես չեմ ցանկանում կանխատեսել նրա տնտեսական կամ մյուս քաղաքականությունը, բայց վստահ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանք չեն ազդի։ Որովհետեւ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ խորը կապերով»,-նշել է նա։