Դաշնակցությունը դաշնակցություն է, որոշումը` որոշում. Արսեն Համբարձումյան

1521

4 մայիսի, 2018

-Քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն քննելով Աղվան Վարդանյանի հարցը` հեռացման որոշում է կայացրել։ Այս կապակցությամբ խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը։

— Այո, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կարգապահական տնօրինում է կատարել՝ Աղվան Վարդանյանին հեռացնելով կուսակցության շարքերից, իսկ ավելի վաղ, ինչպես գիտեք, պահանջել էինք վայր դնել պատգամավորական մանդատը։ Անժխտելի է, որ Աղվան Վարդանյանը երկար տարիներ մեծ ներդրում և դերակատարություն է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառույցում, սակայն Դաշնակցությունն ունի սկզբունքներ, ավանդույթներ և կազմակերպական կանոններ, որոնք չեն կարող շրջանցել ոչ մեկի։

Դաշնակցության լինելիության և կենսունակության գաղտնիքներից մեկը կարգապահությունն է։ Կարծիքների, տեսակետների քննարկումներն ավարտվում են, երբ այլևս կա որոշում։ Մարդկայնորեն մեծ ցավ եմ ապրում, որ Աղվան Վարդանյանն իր փորձառությամբ նման քայլ կատարեց։ Լավ ճանաչելով նրան, կարծում եմ, որ ելույթի ժամանակ ներկայացված հիմնավորումները բխում էին իր համոզումներից։ Բայց հրամայական մանդատով պատգամավորի կաշկանդված չլինելու հանգամանքը ինքնին չի կարող արդարացնել դրսևորված վարքագիծը: Կարծում եմ՝ Աղվան Վարդանյան մտավորականն ու քաղաքական գործիչը ձև ու եղանակ կգտնի իր փորձով ու գիտելիքներով այսուհետ ևս ծառայելու մեր երկրին ու ժողովրդին։

— Այսօր «Իրատես» թերթում հրապարակում է եղել Աղվան Վարդանյանի դիրքորոշման հետ կապված որոշ ներկուսակցական գործընթացների և մասնավորապես այն մասին, որ Աղվան Վարդանյանը նախապես տեղյակ է պահել իր քայլի մասին։

— Ծանոթ եմ հրապարակմանը և այդ կապակցությամբ հարկ եմ համարում ասել հետևյալը. Գերագույն մարմինը և մարմնի որևէ անդամ նախապես տեղյակ չի եղել և մեզ համար Աղվան Վարդանյանի ելույթն ու հրապարակային դիրքորոշումը, իրոք, անակնկալ է եղել։ Որևէ մեկին տեղյակ պահել է թե ոչ՝  այս պարագայում նշանակություն չունի։

Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին՝ ուզում եմ ասել, որ Դաշնակցության մասին շատերը թյուր պատկերացում ունեն կամ փորձում են այդպիսի պատկերացում ստեղծել։ Նախ, որևէ մեկը չի կարող «նշանակել» Գերագույն մարմին կամ ԳՄ ներկայացուցիչ։ Ղեկավար մարմինները ընտրվում են ՀՅԴ Հայաստանի ամբողջ կազմակերպական կառույցը ներկայացնող Գերագույն ժողովի պատգամավորների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Եվ ներկա ԳՄ-ն ընտրվել է վստահության շատ մեծ քվեով։ Երկրորդ՝ Դաշնակցությունում ղեկավարումը կոլեգիալ է և որևէ մեկը, առավել ևս` իմ ձեռամբ հարցեր չի կարող կարգավորել։ Այնպես որ` Դաշնակցությունը Դաշնակցություն է, որոշումը` որոշում։ Իսկ Աղվան Վարդանյանի վերաբերյալ կայացված որոշումներն էլ մեծ հաշվով, կարծում եմ, չեն խաթարի մեր մարդկային, ընկերական հարաբերությունները։

http://yerkirmedia.am/1political/arsen-hambarzumyan-hyd-gm-aghvan-vardanyan/