ՀՀԿ` քաղաքական էվթանազիային ընդառաջ․ Մեդիալաբ

1070

Վերջին շնչում գտնվողի համար ՀՀԿ-ն չափազանց աշխույժ է խռխռում: Այդ կուսակցությունը մերժեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու առիթը: Իրականում ինքը կորցրեց պատմական հնարավորությունը՝ արժանապատվորեն վարչապետ ունենալու առիթը: Այդ կուսակցությունը դիմադրում է մահամերձի՝ սեփական գոյության փրփուրներից կառչած:

Ի՞նչ է նրա ուզածը: Նա ուզում է տապալել նաև վարչապետի երկրորդ ընտրությունը և շտապ գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: Ուզում է, որ այդ ընտրությունները լինեն գործող Ընտրական օրենսգրքով՝ ռեյտինգայինով և Տիգրան Մուկուչյանով: Որպեսզի ժողովրդական զարթոնքը, ինչպես այն բնորոշում է Նիկոլ Փաշինյանը, խառնի իր հաղթանակին ու ստանա լեգիտիմ ընտրություններ հետևյալ ձևակերպմամբ՝ էդ զարթոնքի պարագայում մենք քանի՞ գլխանի էինք, որ ընտրություն կեղծեինք:

Ամբողջ Հայաստանն է ատում այդ կուսակցությունը, այդ կուսակցության մասին հնչում են ամենավերջին խոսքերը: Բայց վտանգն այլ տեղ է՝ մարդիկ թունավորվում են այդ ատելությամբ և այդ թույնով մի օր մտնելու են նոր Հայաստան: Հենց միայն այդ թույնից հեռու մնալու համար պետք է օր առաջ այդ կուսակցությունը զիջի դիրքերը:

Բացառիկ վիճակ է՝ Հայաստանի ամենասակավաթիվ ազգային փոքրամասնությունից էլ փոքր այդ քաղաքական ուժը, որ այսօր գուցե կարողանա մրցակցել միայն ՕԵԿ-ի ու Արտաշես Գեղամյանի հետ, որը բառի բուն իմաստով քշվել է Հայաստանի մի անկյունը՝ ԱԺ, կարողանում է դիմադրել: Այս մարդիկ փորձության են ենթարկում նույնիսկ մահվան անխուսափելիությունը: Եգիպտական և հունական մահվան աստվածները՝ Անուբիսն ու Թանատոսը, վայ թե իրենց «դագաղներում» շուռ գան:

ՀՀԿ-ն այսօր պաշտոնապես պատերազմ հայտարարեց Հայաստանին: Նշանակում է՝ դա պատերազմ է այն երեխային, որը չպիտի հանրապետական ուսուցչի «քավորությամբ» ձոներգեր Կարեն Կարապետյանի լավը, բայց երգելու է, այն թաղային հեղինակությանը, որը գուցե նոր իրավիճակում ձեռքը վերցներ որևէ գեղարվեստական գիրք և փողոցային «ռազբորկաներից» զատ հայտնաբերեր «Ոճիրն ու պատիժը», բայց չի հայտնաբերելու:

Գուցե:

Բայց ՀՀԿ-ն տեսակի կռիվ է մղում, նա այդ երեխային է «պաշտպանում» Նոր Հայաստանից և այդ թաղային հեղինակությանը: Որովհետև միայն հանցանքներով գոյատևածի ինքնապահպանման բնազդները սարսափելի են էն աշխարհում, որտեղ ոչ ոք ոչնչացնելուց ու նվաստացնելուց չի խոսում: ՀՀԿ-ն անկեղծորեն այլ Հայաստանի պատրաստ չէ, այլապես չէր ասի, թե 96-ին Նիկոլ Փաշինյանն իշխանության մեջ էր:

Իրականում մեղք է այդ կուսակցությունը: Եվ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի Սուրբ գիրք և ոչ մի գրական կոթող և նույնիսկ Չերչիլ կամ դը Գոլ, նույնիսկ անկախություն արժեցող պատմական որևէ սխալ չի կարող այդ կուսակցությանը խելքի բերել, որովհետև նրանք ապրում են հենց հիմա: Նրանք ապրում են միայն իրենց թունավոր միջավայրի արեալում:

Ոչ մի այլ Հայաստանի հնարավորություն այդ կուսակցության անդամներին ոչինչ չի ասում: Նրանք ամեն օր տալիս են իրենց վերջին կռիվը, նրանք ամեն օր մեզանից վերցնում են թթվածնի այն փոքրիկ պաշարը, որն իրականում վնասակար է իրենց թոքերի համար: Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր այցելողները մոռացել են արժանապատիվ մահվան մասին: Նրանք ուզում են, որ Նոր Հայաստանի վաղն աչքի առաջ ունեցողներն իրենց՝ ՀՀԿ-ականների խռխռոցի պատճառով կորցնեն համբերությունը: Ամենասարսափելին սակայն այն է, որ նրանք հրաժարվում են ճանաչել ապրողներին:

Նոր Հայաստանը յուրաքանչյուրի մեջ ուզում է տեսնել ՀՀԿ-ականի մահը, բայց ո՛չ մարդու: ՀՀԿ-ականն ասում է՝ չէ՛, ես ապրելու եմ հենց որպես Սերժ Սարգսյանի թողած «արժեքների» հրեշ: Նույնիսկ սպասվող վերջը չի սազում այդ մարդկանց: Սեղմված բռունցքներով նրանք կառչել են մի բանից, որն այլևս չկա և որը վաղուց բաց ձեռքերով առաջացող նոր սերնդինն է: Մնում է քաղաքական էվթանազիան: Ջեք Գևորգյանի կենացը:

Մհեր Արշակյան

MediaLab.am