Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը

1231

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ, 1 մայիս

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ:

Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:

Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:

Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո և փոխըմբռնման ոգով:

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար: