Թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակն անշրջելի է` Նիկոլ Փաշինյան. 29 ապրիլ, 2018

2126

«Վերջին երկու օրերին ձեզ հաջողվեց վերջնականորեն  բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, այն ինչ տեղի ունեցավ մեր մարզային այցելությունների ընթացքում ակնհայտ դարձրեց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակն անշրջելի է»,- ասաց պատգամավորը:

«Ազգային ժողովի երեք խմբակցություններ հայտարարել են, որ 1-ին մեկին քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին, «Հանրապետական» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ինչը նշանակում է, որ հանրապետականների մի մասը կարող է կողմ քվեարկել ձեր թեկնածուի օգտին»:

Ըստ Փաշինյանի Հայաստան անունը վերջին օրերին միջազգային մամուլում ավելի շատ է շրջանառվել, քան վերջին քսան տարիների ընթացքում ու միայն դրական լույսի ներքո, պատգամավորի կարծիքով սա  շարժման կազմակերպվածության շնորհիվ էր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի պետական Դումայի անդամների հետ հանդիպմանը՝ շեշտելով, որ այն արդյունավետ է եղել.

«Մենք զարգացնելու ենք մեր հարաբերությունները աշխարհի բոլոր կողմերի հետ»:

Պատգամավորը ներկայացրեց նաև ապրիլի 30-ի անելիքները.

«Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում, պիտի հանդիպեմ բոլոր խմբակցությունների հետ, որ վաղը երեկոյան ձեզ ասեմ՝ վարչապետի թեկնածուի ընտրությունը երաշխավորված է, վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության գործողություններ չենք իրականացնի, որ մեր թիմով կարողանանք աշխատել»:

Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին կոչ արեց այլևս Հանրապետական պատգամավորներին չզագնել և հաղորդագրություններ չուղարկել:

Փաշինյանը այսօր 17:00-ին կլինի Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից էլ կմեկնարկի երթ դեպի Հանրապետության հրապարակ.

«Հենց այստեղ կներկայացնեմ հանդիպումների արդյունքները»:

Ա1 Պլյուս