Մենք ապրում ենք Նոր Հայաստանում. Արմեն Սարգսյան

2790
RA presidential candidate Armen Sargsyan paid a visit to TUMO Center for Creative Technologies

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակից,

Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երևույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված և քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է:

Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի և աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար:

Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով:

Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր և իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

Հայաստան, որը լինելու է իմ և քո երազանքների Հայաստանը:

Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի:

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ:

Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, և մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով:

Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը:

Հպարտ եմ, որ տեսնում եմ այսօրվա Հայաստանը, և ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար և ծաղկող Հայաստանում:

Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»: