Լևոն, Քոչարյան, Սերժ․ հեռանալիս ով ինչ տեքստ ասաց

6301

1990 թվականի օգոստոսին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց Խորհրդայի Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ և, փաստացի, ստանձնեց երկրի ղեկավար պաշտոնը։ 1991-ի հոկտեմբերին նա նախագահ ընտրվեց, որի ընտրությունը ընկալվեց և համարվեց ազատ, արդար։

1998-ի փետրվարին, նախագահության երկրորդ ժամկետից (1996-ի նրա ընտրությունը ընկալվեց կեղծված) մեկուկես տարի անց նա Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի կողմից իրականացված պալատական հեղաշրջման արդյունքում հրաժարական տվեց։

Ներկայացնենք, թե ինչ տեքստեր են նրանք ասել իշխանությունից հեռանալիս։

Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել Լևոն Տեր-Պետրոսյան

«Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:

Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր:

Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։

Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։

Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։

Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։ Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Բարին ընդ ձեզ»։

Ռոբերտ Քոչարյանը 1998-ին, ապա 2003-ին աղաղակող կեղծիքներով դարձավ նախագահ։ Նրա նախագահության շրջանում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը Ազգային ժողովում և 2008-ի Մարտի 1-ը։

Հավատում եմ նոր նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրըՌոբերտ Քոչարյան

«Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին:

Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ձեռքբերումները: Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ կան: Կյանքի որակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Սակայն ես չեմ խոսելու նաեւ ապագայի խնդիրների մասին: Դա հաջորդ նախագահի ն կառավարության գործն է:

Ինձ համար այս տասը տարիները մեկ ակնթարթ էին: Հանրապետության նախագահի աշխատանքը բարդ է և պատասխանատու: Բայց այն նաև չափազանց հետաքրքիր, ստեղծագործ, մշտական ինքնակատարելագործում պահանջող աշխատանք է:

Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն վստահության համար, որի շնորհիվ ես տասը տարի պատասխանատու էի մեր երկրի համար: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել և միասին իրագործել բազմաթիվ ծրագրեր: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացուն, ով երկրի զարգացման գործին բերել է իր, թող և ամենափոքրիկ լուման: Ես շնորհակալ եմ Սփյուռքին` իմ բոլոր նախաձեռնություններին սատարելու համար:

Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել:

Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյո՞ք հնարավոր չէր անել ավելին։ Գուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը: Աշխատել եմ խիտ ժամանակացույցով եւ իմ ջանքերը չեմ խնայել։ Համենայն դեպս, կատարել եմ բոլոր այն խոստումները, որ տվել եմ ընտրողներին։

Ես հավատում եմ Հայաստանի ապագային, մեր ժողովրդի հզոր ներուժին:

Հավատում եմ նոր նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրը:

Հաջողությունները շարունակելու համար հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ լավատեսություն, եռանդ, վստահություն եւ հանդուրժողականություն:

Մենք միշտ կրկնում ենք, որ մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, եւ մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են։

Հարգելի հայրենակիցներ, այդ մարդիկ դուք եք, որ ձեր ամենաօրյա աշխատանքով ոտքի հանեցիք եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը։ Դուք եք, որ ձեր աշխատասիրությամբ, ձեռներեցությամբ զարգացնում եք մեր տնտեսությունը։ Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը առաջիկա տարիներին ունենալու է նոր ձեռքբերումներ։

Ես հավատում եմ, որ կայուն, ապահով ու բարեկեցիկ Հայաստանը հեռու չէ, որովհետեւ հավատում եմ ձեզ»։

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի արյունով եկավ իշխանության, իսկ 2013-ին կեղծիքներով պահեց աթոռը։ 2015-ին կեղծիքներով փոխեց Սահմանադրություն, որպեսզի մնա իշխանության։ Դա չհաջողվեց և ավարտվեց թավշյա հեղափոխությամբ ու նրա անփառունակ տապալումով։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի․ Սերժ Սարգսյան

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի`Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։