Զուտ ազգային, ապաքաղաքական երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. ՌԱԿ

1114

Հայաստանի գերլարված ներքաղաքական վիճակը բեւեռացրել է ողջ քաղաքացիական հասարակությանը՝ բեւեռացման ալիքը տարածելով աշխարհով մեկ։ Ներքին կացությանը սպառնացող նոր բարդությունները եւ նրանց հետեւանքների գիտակցությունը մտահոգում եւ տագնապեցնում է համայն հայությանը, հայրենիքում թե սփյուռքում։ Մտատանջությունների այդ վիճակում՝ արդեն գտնվում ենք ապրիլի 24-ի սեմին, Մեծ եղեռնի նահատակների հիշատակի օրվա նախօրեին։

Հավերժական արժեքները պետք չէ չափվեն օրվա քաղաքական կացությամբ ու ներքաղաքական իրավիճակներով, որքան էլ որ դրանք լինեն դժվարին ու բարդ։ Սրբազան նահատակների կտակը վեր է ու պետք է վեր մնա քաղաքական բոլոր նկատառումներից։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պարտադրաբար պետք է դառնա ազգի համախմբման եւ վերապրելու կամքի նվիրական հանգրվան։

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր հատվածներին, որ ներկա պահին, հասկանալով հանդերձ խռովությունների ողջ՝ ներքին, հասարակական ու քաղաքական պատճառները, ապրիլի 24-ը վերածելու հակադիր բեւեռների միջեւ փոխադարձ հանդուրժողականության, միասնաբար՝ մեր կորուստների, մեր հայրենազրկման, մեր միլիոնավոր նահատակների զոհաբերությունը ըմբռնելու, արժեւորելու, ազգային մեր գերագույն կեցության՝ պետականությունը պաշտպանելու օրվա։

Միասնաբար պետք է առիթ տանք մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, որպեսզի այդ օրը դեպի Մեծ եղեռնի հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ բարձրանան առանց ատելությունների, թոթափելով, գեթ մեկ օր, ներքին բոլոր տարակարծություններն ու ատելությունները, զերծ պահելով մեր ժողովրդին իշխանական թե ընդդիմադրական բոլոր տեսակի ամբիցիաներից, որպես իսկական հայ մարդիկ, որոնք մտածում են, խորհրդածում եւ կշռադատում մեր ժողովրդի ու պետության անցյալի ու ապագայի մասին։ Նահատակների հիշատակի ոգեկոչման օրը վերածենք խոկումի ու խորհրդածության առիթի, հուսալով ու բաղձալով, որ ներկա անել թվացող կացությանը կգտնվի իմաստուն ելք։

Բողոքի, ցասման եւ ընդվզման ոչ մեկ արտահայտություն չի կարող ունենալ ազգային ու համամարդկային ավելի մեծ նշանակություն եւ արժեք, որքան Ցեղասպանության դեմ բողոքի մեր համազգային երթը դեպի Ծիծեռնակաբերդ։

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԳԵՐԱԳՈՒՅՆ  ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երեւան 23 ապրիլ 2018 թ.