Վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը քվեարկության հրապարակումից հետո․ 17 ապրիլ, 2018

347

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական դաշնակցության իմ գործընկերներին վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու և Ազգային ժողովում պաշտպանելու համար։ Մենք՝ որպես քաղաքական կոալիցիա, լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա մասշտաբները և համադրված հետևողական աշխատանքով պատրաստ ենք առաջ գնալ հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի համար ավելի որակյալ կյանքի պայմաններ ապահովելու ճանապարհով։

Շնորհակալ եմ «Ծառուկյան դաշինքի» բոլոր գործընկերներին։ Վստահեցնում եմ, որ ձեր պատվախնդիր գործունեությունը խորհրդարանում քաղաքական կոալիցիայի համար միշտ հսկիչ դեր է ունեցել։ Դուք կարողացել եք վեր կանգնել «մենք ընդդիմադիր ենք և ամեն ինչ պետք է քննադատենք կամ միշտ դեմ քվեարկենք» պարզունակ գործելաոճից։ Անհրաժեշտ պահերին ձեր դիրքորոշման հիմքում դրել եք ոչ թե կուսակցական, այլ պետական շահը։ Հենց սա գիտակցելով է, որ ձեր քննադատությունն ընկալվում է որպես անաչառ և ստիպում քաղաքականություն իրականացնողներին առաջնային ուշադրություն դարձնել դրան։ Հավատացնում եմ՝ իշխանությունը մշտապես իր մեջքին զգում է ձեր աչալուրջ շնչառությունը, և դա իսկապես սթափեցնող է։
Շնորհակալ եմ «Ելք» դաշինքի գործընկերներին։ Ակտիվ պառլամենտարիզմը կարող է կայանալ միայն ամենօրյա աշխատանքով, մտքերի ու մոտեցումների բախմամբ, համատեղ՝ բարդույթներից զերծ աշխատանքով և մշտապես սովորելով։ Շնորհակալ եմ ձեր դերակատարության համար։ Սահմանադրության պահանջով մենք այսուհետ անմիջական շփումների շատ ու շատ առիթներ ենք ունենալու։ Հուսով եմ, որ արագ հաղթահարվելու են առկա շատ թյուրըմռնումներ ու կաղապարված պատկերացումներ, որոնք կան, և, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, մենք լավ բարեկամներ ենք դառնալու։ Եթե կընդունեք երեք խորհուրդ ձեզ: Առաջին՝ իրոք, խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից, պետք է ունակություն ունենալ լսելու: Այդ բարդույթը դրսևորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքներով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ, և սա վատ է: Դա ձեզ համար նաև օգտակար կլինի: Իրոք, տեղյակ կլինեք իրավիճակին: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթի համար, բայց այդ բարդույթը կարծես թե ձեզ ավելի է բնորոշ. դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ վերջացավ. Սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը, և երբ սովորենք հարգել առաջին հերթին Սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու:

Երկրորդ՝ իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որ տեսնում եմ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս, ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանու՞մ եք՝ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցում և մեղադրում: Մեղադրում են միայն դատարանում: Այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել: Քաղաքական պատասխանատվությունը, այո, ես ընդունում եմ: Քաղաքական պատասխանատվությունը և՛ լավի, և՛ վատի համար: Եթե ձեզ թվում է, թե մենք 1990-ական թվականներից էլ հետ ենք գնացել, ապա ինչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունել: Բայց միևնուն ժամանակ նորից եմ ասում, գիտակցեք, որ սա խորհրդարան է, և խորհրդարանում օրենքներ են ընդունվում, որոշումներ են կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ:

Երրորդ խորհուրդս հետևյալն է՝ դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, շատ, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել:

Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պետք է գան և Ազգային ժողովի շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դրանք ձեր մոտեցումներն են, դրանք ձեր պատկերացումներն են: Եթե ոչ՝ դուք հակառակ կողմում պետք է լինեք. դուք պետք է լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին: Բայց ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է՝ ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավճիռ և ո՛չ էլ մեղադրանք:
Շնորհակալ եմ Ազգային ժողովի ղեկավարությանը և աշխատակազմին կարևորագույն այս քաղաքական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Պարո՛ն Բաբլոյան, շնորհակալ եմ:

Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ մենք ավելի հանգամանալից կխոսենք մեր երկրի զարգացման և մեր խնդիրների լուծմանն առնչվող պատկերացումների մասին։ Այժմ սկսվում է կառավարություն ձևավորելու փուլը, որը երկար չի տևի։ Ծրագրի քննարկման ժամանակ մենք արդեն կկարողանանք արձանագրել, որ Սահմանադրությամբ նախատեսված անցումը դեպի խորհրդարանական կառավարման համակարգ գոնե թե ինստիտուտների ձևավորման առումով մենք պատշաճ հաղթահարել ենք։ Եկել է այդ ինստիտուտներին միս ու արյուն, բովանդակություն տալու ժամանակը, ինչը, վստահ եմ, միասին կանենք։

Իսկ մինչ այդ, հաջողություն և լավ տրամադրություն եմ մաղթում բոլորիդ և ցանկանում եմ, որպեսզի բոլորս միասին կարողանանք հաղթահարել բարդութավորված մարդկանց գործելաոճը և վերադառնանք կառուցողական դաշտ: Սա՛ է պահանջում Հայաստանի Հանրապետության շահը: Սա՛ պահանջում մեր ժողովրդի ապագան:

Շնորհակալ եմ բոլորիդ:

http://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/04/17/Prime-Minister-Serzh-Sargsyans-final-speech/