Սերժ Սարգսյանը՝ Արսինե Խանջյանին․ Հայ ժողովուրդը ոչխարի պես է

7246

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանին։ Նա գրում է, որ Սարգսյանն ուներ երկու ժամկետ հասարակության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար, ու թեև հնարավոր է՝ նա արել է հնարավորը, սակայն հասարակական կարծիքը չի ընդունում այս իրականությունը։

«Տարիներ առաջ ես և Դուք զրույց ունեցանք։ Քաղաքական հարկադրանքի տակ Դուք այդ պահին ասացիք, որ հայ ժողովուրդը ոչխարի պես է։ Շատ վրդովված այդ համեմատությունից՝ ես պատասխանեցի, որ եթե դա այդպես է, նրանք լավ հովվի կարիք ունեն։

Այդ ժամանակից ի վեր Ձեր կառավարման ոճի դեմ Հայաստանում մի շարք ընդվզումներն ու ցասումը Սփյուռքում ապացուցել են, որ մենք ոչխարների ազգ չենք։ Մենք ազգ ենք, որը փնտրում է լավ հովիվ՝ ուժեղ, արդար և օրինական առաջնորդությամբ։

[…]

Պարո՛ն Սերժ Սարգսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել ու ընկալվել սոսկ Ձեր եզրույթների, պայմանների ու հնարքների տեսանկյունից։

Ձեր պարտականությունն է ծառայել մեր երկրին սիրով, հույսով և քաղաքացիների հետ հաղորդակցվելով, որոնց շնորհիվ է այս հողը Հայաստան կոչվում։ Սակայն կրկին Դուք հարկադրում եք Ձեր ենթականերին և համառորեն ձգտում կառավարման՝ որպես վարչապետ։

[…]

Խնդրում եմ՝ ձեռքեր մի ոլորեք։ Խնդրում եմ՝ թույլ մի տվեք, որ ոստիկանության բռնության պատճառով վնասվի կամ վիրավորվի գեթ մեկ մատ կամ ձեռք։

Պարո՛ն Սերժ Սարգսյան, համեստությունը, անգամ քաղաքականությունում, թուլություն չէ։ Դա մարդկային ուժ է և որակ, որը ընտրության ճանապարհ է բացում, և հենց դա է իմ երկիրն ու ազգը խնդրում, որ հասկանաք»,- գրել է Խանջյանը։